Այբեցիների այցը Ղազախստան․ բնապահպանական համատեղ նախագիծն ու ոչ միայն

Ապրիլի 21-ից 25-ը «Այբ» դպրոցի պատվիրակությունը՝ տնօրեն Արամ Փախչանյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքի Նազարբաևի ինտելեկտուալ՝ քիմիակենսաբանական թեքումով դպրոցում։ Մեր 11-րդ դասարանի աշակերտները՝ Անի Հարությունյանը, էթերի Սարգսյանը, Լևոն Հովսեփյանը, Դավիթ Ջավադյանը, Մերուժան Խաչատրյանը, կենսաբանության ուսուցիչ Եվա Սողոյանը, աշակերտական համայնքի ավագ համակարգող Արմինե Բաբայանը այցելեցին «Այբ»-ի գործընկեր դպրոց՝ ներկայացնելով բնապահպանական նախագիծ։

Այբեցիները մեկ շաբաթ անցկացրին «Նազարբաև» դպրոցում՝ վայելելով ղազախական հյուրասիրությունը։ Նրանք շրջեցին դպրոցով, ծանոթացան կրթական ծրագրերին ու առանձնահատկություններին, վայելեցին ղազախական հյուրասիրությունն ու ծանոթացան երկրի հարուստ մշակույթին։

Այցին նախորդած ժամանակահատվածում «Այբ» դպրոցի աշակերտները, Ղազախստանի իրենց հասակակից ընկերների հետ իրականացրին նախագիծ, որի նպատակն էր պարզել շրջակա միջավայրին հանքարդյունաբերության հասցրած վնասները։ Նախագծի շրջանակում աշակերտները համագործակցել են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետների հետ։

Աշակերտները ՀՀ հանքարդյունաբերական տարածաշրջանների հողի, ջրի քիմիական կազմը և միկրոֆլորան համեմատել են «Այբ» դպրոցի շրջակայքից վերցված նմուշների, ինչպես նաև Ղազախստանի մեր գործընկերների ստացած տվյալների հետ և դրանց հիման վրա կատարել եզրակացություններ հանքարդյունաբերության ազդեցության մասին։

Նախագծի արդյունքներն ամփոփումից հետո հնարավորություն կտան հասկանալու Երևանի շրջակայքի և հանքարդյունաբերական շրջանների հողի և ջրի քիմիական կազմերի տարբերությունները։ Այդ տվյալները կարող են օգտագործվել կանխարգելիչ բնապահպանական միջոցառումների իրականացման համար։

Tweets by AybSchool