Հետազոտում ենք Աղձքի գանձերը

«Այբ»-ի 7-րդ դասարանցի հետազոտողների ուշադրության կենտրոնում այս անգամ Աղձքի Արշակունյաց դամբարանն էր և Տեղերի վանքը։

Սեպտեմբերի 22-ին կազմակերպված ուղևորության նպատակն ուսումնական ճամփորդություն կատարելն էր և բնության գրկում հետաքրքիր դասեր անցկացնելը։ Այցը նաև յուրօինակ ճամփորդություն էր ժամանակի միջով․ 1500 տարվա պատմություն ունեցող Արշակունյաց դամբարանը մինչ օրս պահպանում է իր խորհրդավորությունը։ Ցավոք, դամբարանին կից եկեղեցուց այսօր միայն որոշ քարեր են պահպանվել, որոնց վրա կարելի է տեսնել բազմաթիվ փորագրություններ։

Այցի ընթացքում այբեցիներն անչափ հետաքրքիր դասեր անցկացրին քիմիա և աշխարհագրություն առարկաներից, խոսեցին շրջակա միջավայրի աղտոտվածության, պարարտանյութերի նշանակության, անապատացման և այլ կարևոր խնդիրների մասին։

Ի դեպ, մեր պատանի հետազոտողները Տեղերի վանքի շրջակայքից որպես փորձանմուշ հող վերցրին՝ դասերի ընթացքում հողի աղտոտվածության մակարդակը որոշելու համար։

Սպասենք արդյունքներին։

Tweets by AybSchool