Ամանորյա եռուզեռ «Այբ»-ի ջերմ պատերի ներսում

Չնայած որ ձմեռն այս տարի տաք ու արևոտ սկսվեց, «Այբ» դպրոցում արդեն ամբողջապես ամանորյա տրամադրություն էր տիրում։ Ավանդույթ դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառն այս անգամ անցկացվեց դեկտեմբերի 2-ին շրջանավարտների ակումբի նախաձեռնությամբ։ «Այբ» համայնքի մի շարք աշակերտներ, շրջանավարտներ, ուսուցիչներ, աշխատակիցներ, բարերարներ և իհարկե ծնողներ հավաքվել էին մեկ տանիքի տակ՝ միասին անցկացնելու տոնավաճառը։

Ինչպես բոլոր տարիներին, այս տարի նույնպես տեղի ունեցավ ձեռագործ իրերի, խաղալիքների, զարդերի և այլ տոնական նվերների վաճառք։ Ավանդույթների շարքը սկսվեց երգչախմբի տոնական երգերով։ Դրսում աշակերտների նախաձեռնությամբ մատուցվեցին խորոված, տարբեր տեսակի աղանդերներ և քաղցրավենիք։ Դպրոցի ամբողջ տարածքն աշակերտները ձևավորել էին Ամանորի թեմայով, իսկ Գ մասնաշենքի ճաշարանում հավաքվել էին ձեռագործ իրեր վաճառող 20-ից ավելի անհատներ ու կազմակերպություններ։

Հայկական ազգային պարն աշակերտների կատարմամբ, ինչպես միշտ, զարդարեց նաև այս այբական միջոցառումը։ Տոնավաճառը բարձր տրամադրություն հաղորդեց բոլոր այցելուներինփոքրիկները գտան իրենց զբաղմունքը «մանկական անկյունում», կինոսերները դիտեցին մոտալուտ Ամանորի մասին ֆիլմեր, դե իսկ տոնավաճառում էլ նվերները գտան իրենց տերերին։

Միջոցառման արդյունքում հանգանակվեց 1 486 760 ՀՀ դրամ, որը, հիշեցնենք, ամբողջությամբ կուղղվի Գ մասնաշենքի անհատական պահարանների ձեռքբերմանն ու տեղադրմանը։

Նշենք, որ «Այբ» դպրոցում 1 աշակերտ 1 պահարան հարաբերակցությունն ապահովելու համար անհրաժեշտ էր 226 պահարան, իսկ դրանք ձեռք բերելու համար՝ 9,5 միլիոն ՀՀ դրամ։ Այս նպատակով իրականացված ֆոնդահայթայթման նախկին միջոցառումների շրջանակում (այս տարին ներառյալ) նշված գումարից հավաքվել է 5 886 760 ՀՀ դրամ։ Անհատական պահարանների նախագիծն ավարտին հասցնելու համար դեռ անհրաժեշտ է 3 613 240 ՀՀ դրամ։ Այս նպատակով ֆոնդահայթայթման աշխատանքները կշարունակվեն 2019 թվականին։

Անչա՜փ շնորհակալ ենք մասնակցության ու աջակցության համար և բոլորիս մաղթում ենք ուրախ Նոր տարի։

Գոհարիկ Ադամյան

(11-րդ դասարան)

Էլեկտրոնային նյութեր
Tweets by AybSchool