«Մանկավարժի աշխատանքն օգնում է ակտիվ և գործունյա մնալ». Արմենուհի Սեղբոսյան (««Այբ»-ի մարդիկ»)

Մենք վերսկսում ենք «Այբ»-ի մարդիկ» (Humans of Ayb) շարքը՝ «բացահայտելով» մեր դպրոցի աշխատակիցներին, ուսուցիչներին ու աշակերտներին։ Այս շաբաթ մեր հյուրն է անգլերենի ուսուցիչ Արմենուհի Սեղբոսյանը, որը կիսվել է իր մանկության երազանքով, մոտիվացիաներով ու ապագայի մասին պատկերացումներով։

-Դուք մեզ՝ աշակերտներիս, միշտ մոտիվացնում եք, որ չհանձնվենք, իսկ ձեզ ի՞նչն է մոտիվացնում։

-Ինձ մոտիվացնում են աշակերտների գրանցած արդյունքը, դրա արդյունքում գրանցված առաջընթացը և սովորածի գործնական կիրառումը։

-Ո՞ր գիծն եք գնահատում աշակերտների մեջ։

-Աշակերտների մեջ գնահատում եմ դրական, լավ և տեղին հումորի զգացումը։

-Մանկավարժի աշխատանքը ձեզ ինչպե՞ս է օգնում և խանգարում կյանքում։

-Օգնում է ակտիվ և գործունյա մնալ, միշտ նոր բաներ եմ սովորում աշակերտներից։ Չէի ասի, որ խանգարում է, բայց բավականին լուրջ և ծանր աշխատանք է։

-Ի՞նչն եք դնում դասավանդման հիմքում։

-Դասավանդման հիմքում դնում եմ մտածել կարողանալու հմտությունը։

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ 2000-ականների սերունդն անգլերենը գերադասում է ռուսերենից։

-Կարծում եմ՝ գերադասելու խնդիր չկա, երկուսն էլ համարվում են օտար լեզու և կարևոր են։ Բայց եթե անգամ գերադասում են, պատճառն այն է, որ անգլերենը միջազգային հաղորդակցման համար ավելի օգտակար է։

-Եթե հնարավորություն ունենայիք կրկին աշակերտ լինելու, ապա ո՞ր առարկաներին ավելի շատ ուշադրություն կդարձնեիք։

-Ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա։ Այս առարկաներին դպրոցում բավարար չափով ուշադրություն չեմ հատկացրել, որովհետև նախընտրում էի հումանիտար գիտությունները։

-Եթե չեմ սխալվում, գիտեք նաև գերմաներեն. հաջորդ լեզուն ո՞րն է լինելու և ինչո՞ւ։

-Հաջորդ լեզուն լինելու է ֆրանսերենը, քանի որ մանկուց երազել եմ սովորել ֆրանսերեն։ Բացի դրանից, ֆրանսերենը տարածվածության առումով մեծ լեզու է։

-Ձեր վերջին կարդացած գիրքը, և եթե հանդիպեիք հեղինակին, ի՞նչ հարց կտայիք։

-Վերջին գիրքը, որ կարդացել եմ, «Աննա Կարենինան» է։ Այդ գիրքը կարդացել էի ավելի վաղ տարիքում, բայց վերջերս վերընթերցեցի և եթե հանդիպեի հեղինակին, կհարցնեի, թե ինչո՛ւ այդպես վարվեց հերոսուհու հետ։

-Ունեի՞ք մանկության երազանք, որը ֆանտաստիկայի ժանրից էր, բայց հիմա կուզենայիք, որ կատարվեր։

-Այո՛, բայց այդքան էլ ֆանտաստիկայի ժանրից չէ։ Մանկուց երազել եմ թռչել անկարգելով (parachute), բայց մինչ օրս երազանքս չեմ իրագործել։ Հուսով եմ՝ շուտով կստացվի։

-Ինչպիսի՞ն էր «Այբ»-ից ստացած առաջին տպավորությունը։

-Գունավոր, վառ, ժամանակակից և, ամենակարևորը, նպաստող։ Նպաստող բոլոր առումներով՝ թե՛ կրթությանը և թե՛ տրամադրությանը։

-Եթե մեկ օրով դառնայիք «Այբ»-ի տնօրեն, ո՞րը կլիներ Ձեր առաջին որոշումը։

-Տնօրենի պաշտոնը բարդ և պատասխանատու է, և այս պահին դժվարանում եմ պատասխանել։

-Ի՞նչ ուտելիք կցանկանայիք ավելացնել «Այբ»-ի ճաշացանկում։

-Միայն հյութ կավելացնեի, մնացածն առողջ սնունդ է, և փոփոխության կարիք չկա։

-Նպատա՞կ, թե՝ երազանք։ Որո՞վ եք դուք ավելի շատ առաջնորդվում։

-Նպատակներն իմ դեպքում միշտ հանգեցնում են երազանքների կատարման։

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում «Այբ»-ը 5, 10, 15 տարի հետո։

-Պատկերացնում եմ լի աշակերտներով, որոնք իրենց գիտելիքները և ջանքերը դնում են դպրոցի բարելավման մեջ։ Պատկերացնում եմ նոր ծրագրեր, որոնք աշակերտներին հնարավորություն կտան ուսումն ավելի բարձրակարգ համալսարաններում շարունակելու։

Վահե Դաբաղյան

11-րդ դասարան

Tweets by AybSchool