Ընդունելության քննություններ

Ընդունելության քննություններ և անգլերենի ստուգաթեստ

2018-2019 ուսումնական տարվա քննաթերթեր

2017-2018 ուսումնական տարվա քննաթերթեր

2017-2018 ուսումնական տարվա տիպային քննաթերթեր

Ընդունելության քննություններ

Ընդունելության քննություններն անցկացվում են միասնական կարգով՝ բոլոր դիմորդների համար նույն օրը, ժամին և վայրում: Ընդունելության քննաթերթերը կազմվում, ընդունելության քննությունները կազմակերպվում և ստուգվում են Արարատյան Բակալավրիատի քննական կենտրոնի կողմից։ Բոլոր քննությունների քննական հարցաշարերում կարող են ներառված լինել պատասխանի ընտրությամբ, միայն պատասխանի գրառմամբ, ամբողջական լուծմամբ, բաց պատասխանով հարցեր։

Քննություն 1. Հայոց լեզու և հասարակական գիտություն 

Քննությունը հանձնում են բոլոր դիմորդները: Քննական հանձնարարությունը բաղկացած է առաջադրանքների երկու խմբից՝

Հայոց լեզվի և լեզվամտածողության առաջադրանքներ: Սրանք ստուգում են ոչ միայն հայոց լեզվի գիտելիքը, այլև դիմորդների լեզվամտածողությունը: Շատ առաջադրանքներ իրենց բնույթով կարող են նման լինել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի խնդիրներին.

Դիմորդները հնարավորություն ունեն հայերենի իրենց գիտելիքները խորացնել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հայոց լեզվի ֆակուլտետում՝ առցանց եղանակով հետևելով դասընթացներին:

Գրականության կամ պատմության (հայոց և համաշխարհային) առաջադրանքներ: Սրանք ստուգում են դիմորդի ոչ միայն գիտելիքը համապատասխան առարկայից, այլև տրամաբանելու կարողությունը: 

Քննական հարցաշարերը կազմված են միջին դպրոցի համապատասխան առարկաների ամբողջական ծրագրերի հիման վրա և չունեն օլիմպիադաների առաջադրանքներին հատուկ բարդություն:

Քննության յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է առավելագույնը 32 միավոր: 
Քննության ընդհանուր առավելագույն միավորը 64-ն է:
Քննության ընդհանուր տևողությունը 2,5 ժամ է:

Քննություն 2. Բնագիտություն 

Քննությունը հանձնում են բոլոր դիմորդները: Քննական տարբերակները կազմվում և բաժանվում են դիմորդներին՝ փաստաթղթերը հանձնելիս նրանց կատարած ընտրության հիման վրա (երկու առարկայով): Քննությունը ներառում է երեք առարկա՝ ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն:

Քննական հանձնարարությունները ստուգում են դիմորդի ոչ միայն գիտելիքը համապատասխան առարկայից, այլև տրամաբանելու կարողությունը:

Քննական հարցաշարերը կազմված են միջին դպրոցի համապատասխան առարկաների ամբողջական ծրագրերի հիման վրա և չունեն օլիմպիադաների առաջադրանքներին հատուկ բարդություն:

Քննական հանձնարարությունների բոլոր մասնագիտական տերմինները ներկայացվում են հարցաշարին կից՝ հայերեն և ռուսերեն տարբերակներով:

Որպես հավելյալ նյութ կտրամադրվի նաև քիմիական տարրերի պարբերական աղյուսակ ներդիր։

Քննության յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է առավելագույնը 32 միավոր: 
Քննության ընդհանուր առավելագույն միավորը 64-ն է:
Քննության ընդհանուր տևողությունը 2,5 ժամ է:

Քննություն 3. Մաթեմատիկա և տրամաբանություն

Քննությունը հանձնում են բոլոր աշակերտները:

Քննական հանձնարարությունները կարող են լինել թե՛ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի տրամաբանական հարցերի նման, թե՛ մաթեմատիկայի խորը գիտելիք պահանջող խնդիրներ:

Քննական հարցաշարը կազմված է միջին դպրոցի ամբողջական ծրագրի հիման վրա և չունի օլիմպիադաների առաջադրանքներին հատուկ բարդություն:

Քննական հանձնարարությունների բոլոր մասնագիտական տերմինները ներկայացվում են հարցաշարին կից՝ հայերեն և ռուսերեն տարբերակներով:

Քննության ընդհանուր առավելագույն միավորը 64-ն է:
Քննության ընդհանուր տևողությունը 1,5 ժամ է:
Այն դիմորդները, որոնք ընդունելության քննությունների քննական բաղադրիչներից որևէ մեկից կհավաքեն 0 միավոր, չեն կարողանա մասնակցել հարցազրույցներին՝ անկախ 3 քննությունների գումարային արդյունքից: Եթե որևէ դիմորդ հանձնի ընդհանրապես չլրացված աշխատանք (դատարկ քննաթերթ), նա այլևս չի կարողանա մասնակցել ընդունելության հետագա փուլերին։

Քննությունների արդյունքների հրապարակում

Երեք քննության նախնական արդյունքները հրապարակվում են (անհատապես՝ էլ. փոստի միջոցով) ապրիլին։ Բացի յուրաքանչյուր առարկայի գնահատականից դիմորդը և ծնողները տեղեկացվում են նաև, թե որոնք են եղել տվյալ առարկայից նվազագույն, առավելագույն և միջին գնահատականները, ինչպես նաև այն, թե նախնական ընդհանուր արդյունքով դիմորդը բոլոր դիմորդների որ տոկոսի մեջ է։

Երեք քննության գումարային արդյունքի հիման վրա հայտնի են դառնում հարցազրույցի փուլ անցած աշակերտների անունները: Հարցազրույցի փուլ անցնում են այդ գումարային արդյունքով ընդհանուր դիմորդների մեջ որոշակի միավոր (անցողիկ շեմ) և ավելին ապահոված դիմորդները: ԸՀ-ն հրապարակում է այդ միավորն արդյունքների հետ միասին: Հանձնաժողովն ազատ է սահմանելու այնպիսի միավոր, որն առավել արդյունավետ կլինի հարցազրույցների փուլն անցկացնելու համար: ԸՀ որոշումը ենթակա չէ քննարկման և փոփոխության:

Քննությունների արդյունքների բողոքարկում

Յուրաքանչյուր քննության ավարտից հետո դպրոցի կայքում հրապարակվում են տվյալ քննության քննական հարցաթերթը, ինչպես նաև դրա գնահատման չափանիշները։

Նախնական արդյունքների հրապարակումից հետո՝ 48 ժամվա ընթացքում, բոլոր այն դիմորդները, որոնց կանխատեսումները և իրական գնահատականը չեն համընկել, կարող են բողոքարկել արդյունքները:

Քննությունների արդյունքները բողոքարկելու համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել բողոքարկման դիմումի ձևաթուղթը, որը հասանելի կլինի ընդունելության գործընթացը մեկնարկելուց հետո, և ուղարկել այն admissions@aybschool.am էլփոստի հասցեին։

Ձևաթղթում պետք է նշել տվյալ քննության համապատասխան առարկայի միայն այն հարց(եր)ի համար(ներ)ը, որի միավոր(ներ)ը ցանկանում եք բողոքարկել:
Անհրաժեշտ է լրացնել դիմորդի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, համապատասխան առարկայի քննաթերթիկում բողոքարկվող հարց(եր)ի համար(ներ)ը, տվյալ հարց(եր)ի համար դիմորդի կանխատեսված միավոր(ներ)ը և դիմորդի՝ տվյալ հարց(եր)ի համար վաստակած միավոր(ներ)ը:
Բողոքարկման դիմումները ստանալուն պես դրանք փոխանցվում են Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի համապատասխան առարկայի մասնագետների խմբին:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հարցերի միավորները կարող են փոփոխվել միայն առարկայական մասնագետների խմբի միաձայն որոշմամբ, եթե՝

  • միավորների գումարային հաշվարկում սխալ է հայտնաբերվել,
  • հարցի ձևակերպումը հստակ չի եղել, և արդյունքում պահանջը ճիշտ չի ընկալվել,
  • հարցին կարելի էր պատասխանել այլընտրանքային եղանակով:

Առարկայական ծրագրի անհամապատասխանության կամ թեմայի չիմացության հետ կապված հարցերը վերանայման ենթակա չեն:

Բողոքարկման արդյունքների մասին կտեղեկացվեք գրավոր՝ էլեկտրոնային նամակի միջոցով:

Եթե բողոքարկման արդյունքում գնահատականը վերանայվում է, ապա դիմորդին տեղեկացվում է նաև, թե փոփոխության արդյունքում դիմորդը բոլոր դիմորդների ո՛ր տոկոսի մեջ է ընդհանուր միավորով։

Եթե դիմորդի միավորը որևէ քննությունից բարձրանում է, և դիմորդը ներառվում է հարցազրույցների փուլում, ապա նրա միավորը համապատասխանաբար փոխվում է: Եթե դիմորդը չի անցել հարցազրույցների փուլ, սակայն բողոքարկման արդյունքում միավորը բարձրանում է այնքան, որ հավասարվում է հարցազրույցների փուլ անցած դիմորդների ցուցակում եղած նվազագույն միավորին կամ գերազանցում այն, ապա այդ դիմորդը ներառվում է հարցազրույցների փուլ անցած դիմորդների ցուցակում:

Անգլերենի ստուգաթեստ

«Այբ» ավագ դպրոցում անգլերենի հիմնական ուսումնական ծրագիրը նախատեսված է անգլերենի իմացության միջին մակարդակ (B1) ունեցող աշակերտների համար։ Հետևաբար կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան այդ մակարդակը կամ նվազագույնն ապահովեն անգլերենի գիտելիքի ցածր-միջին մակարդակ (A2):

Անգլերենի իմացության B1 մակարդակը համարժեք է միջազգային Cambridge ESOL PET 70 և բարձր, IBT 57 և բարձր կամ IELTS 3.5 և բարձր , TOEFL JUNIOR 785 և բարձր  քննությունների նիշերին: Եթե դիմորդն ունի այդ նիշերը հաստատող փաստաթուղթ, որը ստացվել է ընդունելության քննություններին նախորդող վեց ամիսների ընթացքում, դա բավարար հիմք է «Այբ» ավագ դպրոց դիմելու համար: Եթե դիմորդը չի հանձնել անգլերենի միջազգային որևէ քննություն, ապա նա կարող է նախապես ստուգել իր գիտելիքն ու պատրաստվել անգլերենի ստուգաթեստին, որն անցկացվում է «Այբ» ավագ դպրոցում՝ երկու փուլով, միայն դպրոց ընդունված աշակերտների համար (բացառությամբ անգլերենի գիտելիքի շեմը հավաստող փաստաթուղթ ներկայացրած դիմորդների):

Առաջին փուլը գրավոր ստուգաթեստն է (grammar, reading, listening, writing հնարավոր բաժիններով)։ Գրավոր ստուգաթեստին հաջորդում է երկրորդ փուլը՝ բանավոր հարցազրույցը: Անգլերենի գրավոր և բանավոր ստուգաթեստերն անցկացվում են մայիսի 7-12-ը ժամանակահատվածում՝ ընդունելության արդյունքների ամփոփումից հետո:

Անգլերենի ստուգաթեստի ամփոփումից հետո, եթե

  • լինեն աշակերտներ, որոնց արդյունքները А2-B1 միջակայքում են, նրանց համար մինչև 2019 թ․ սեպտեմբեր պարտադիր է ապահովել գիտելիքի լիարժեք B1 մակարդակը։ Դպրոցը տրամադրում է այս աշակերտներին լրացուցիչ նյութեր և ռեսուրսներ, ըստ անհրաժեշտության՝ երկու-երեք կոնսուլտացիա ամռան ընթացքում։ Աշակերտները սահմանված վերջնարդյունքին պետք է հասնեն ինքնուրույն։ Դպրոցի կողմից «Ուսումնառության մասին» պայմանագիրը ստորագրվում է դիմորդի և նրա օրինական ներկայացուցչի հետ միայն շեմն ապահովելու դեպքում։
  • լինեն աշակերտներ, ում արդունքները A1-A2 միջակայքում են, նրանց համար մինչև 2019 թ․ սեպտեմբեր պարտադիր է ապահովել գիտելիքի լիարժեք A2 մակարդակը, իսկ մինչև 2020-2021 ուստարվա սեպտեմբեր՝ լիարժեք B1 մակարդակը: Այս խմբի երեխաների համար «Այբ» դպրոցում կազմակերպվում են անգլերենի պարտադիր ինտենսիվ դասընթացներ 2019 թ. ամռան ընթացքում՝ ապահովելու սահմանվող շեմը։ Դասընթացները համաֆինանսավորվում են դպրոցի և ծնողի կողմից։ Հաջորդ ուսումնական տարվա ընդառաջ անգլերենի ինտենսիվ դասընթացների համար «Այբ» դպրոցում վճարում է միայն ծնողը։ Յուրաքանչյուր ուսումնական տարում դպրոցի կողմից «Ուսումնառության մասին» պայմանագիրը ստորագրվում է դիմորդի և նրա օրինական ներկայացուցչի հետ միայն սահմանված շեմերն ապահովելու դեպքում։

Ստուգաթեստին պատրաստվելու համար օգտակար հղումներ․

Քերականական նյութեր, թեստեր և վարժություններ

Անգլերենի գրավոր ստուգաթեստի և լսելու հմտությունների հանձնարարության նմուշային օրինակ (հնարավոր են փոփոխություններ):

Tweets by AybSchool