Շրջնավարտների ակումբ

Դպրոցի վեցամյա պատմության ընթացքում «Այբ»-ը տվել է 259 շրջանավարտ (2018 թ. հուլիսի դրությամբ): Այսօր նրանք սովորում են Հայաստանի և արտերկրի հեղինակավոր բուհերում ՝ բարձր պահելով դպրոցի անունը և «Այբ»-ի շրջանավարտի պատվավոր կոչումը: 
«Այբ»-ի շրջանավարտները դպրոցն ավարտելուց հետո շարունակում են ակտիվ մասնակցել «Այբ» համայնքի կյանքին՝ ստեղծելով «Այբ»-ի շրջանավարտների ակումբը, մասնակցելով դպրոցի և հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք նախաձեռնությունների, ինչպես նաև համալրելով «Այբ»-ի կառույցների անձնակազմի շարքերը: «Այբ»-ի շրջանավարտների ակումբի հիմնական նպատակը շրջանավարտ-ների համայնքի կայացմանն ու «Այբ»-ի հետ նրանց կապի պահպանմանը նպաստելն է և նրանց ներուժի դրսևորման ու զարգացման համար պարարտ հող ստեղծելը: Շրջանավարտների ակումբի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են ընկերական մենտորության համակարգի զարգացմանը, ուսումնական գործընթացում ուսուցիչների և աշակերտների աջակցությանը, ինչպես նաև այլ հետաքրքիր միջոցառումների անցկացմանը:

 Ակումբի գործունեության շրջանակում մեր շրջանավարտները հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով: 2013-ին շրջանավարտներն իրականացրել են «Հավես ամառ» և «Հավես աշուն» ուսումնական նախագծերը, իսկ 2016-ին «Այբ»-ի ամանորյա ավանդական տոնավաճառը կազմակերպվել էր հենց շրջանավարտների ակումբի կողմից: Ակումբի գործունեության մեկ այլ օրինակ էր «Այբֆեստ» միջոցառումը, որի նպատակը շրջանավարտներին և ներկայիս աշակերտներին համախմբելն էր: Բացի այս ամենից, «Այբ»-ի շրջանավարտները հաճախ փորձի և գիտելիքի փոխանակման հանդիպումներ են ունենում դպրոցի աշակերտների հետ: Օրինակ՝ Բերկլիի համալսարանում սովորող մեր շրջանավարտները եկել էին ծանոթացնելու արտերկրում ուսանելու իրենց փորձին, մեկ այլ շրջանավարտ կազմակերպել էր դիզայնի մասին վարպետության դաս և այլն։ 

Մեր շրջանավարտները դպրոցի կենսունակության անբաժան  և ամենակարևոր  մասնիկներից  մեկն  են:  Շրջանավարտների  զգալի մասը  դեռևս ներգրավված է  դպրոցի  ակտիվ  կյանքում:  Վառ օրինակներ  են «Այբ»  շրջանավարտների երգչախումբը, դպրոցի  Battle  of Evermore  ռոք խումբը, «Արվեստանոց» ակումբը: «Այբ» դպրոցի շրջանավարտների երգչախումբը դպրոցի  պարծանքն է: Երգչախումբը  համերգային շրջագայություններ է ունեցել թե՛ Հայաստանում,  թե՛  արտերկրում՝  Ֆրանսիայում, Հունաստանում: «Battle of  Evermore»  ռոք  խմբի  անդամների  մի  մասը  «Այբ»-ի՝ տարբեր տարիների  շրջանավարտներ են և շարունակում են ակտիվորեն մասնակցել խմբի փորձերին ու համերգներով հանդես գալ դպրոցից դուրս՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: Ինչ վերաբերում  է  «Արվեստանոցին»,  ապա ակումբի կազմում տաղանդավոր նկարիչ-այբեցիներն  են,  որոնք  2017-ին  աչքի  ընկան  «Ռոքապատկերում»  նախագծով:

Շրջանավարտներից ոմանք դարձել են «Այբ»-ի աշխատակիցներ՝ համալրելով  ադմինիստրացիայի, Կրթության գերազանցության  ազգային  ծրագրի,  Ազգային  երգ  ու  պարի,  դպրոցական  մրցույթների և  ՏՏ թիմերի  շարքերը:  Նրանք պարբերաբար ընդգրկվում են «Այբ»-ի տարբեր կառույցներում իրականացվող նախագծերում՝ կամավորական հիմունքներով, ինչպես նաև մասնակցում պրակտիկայի առաջարկվող ծրագրերին:

«Այբ»-ի  շրջանավարտները «Այբ»-ի  ապագայի տեսլականի վառ ապացույցն են, որոնք դեռ նոր են ծիլեր նետել մեր հասարակության մեջ և նոր են սկսում ծաղկել՝ վարակելով շրջապատին իրենց արժեհամակարգով և ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներով ու ձգտումներով։

 

Tweets by AybSchool