Այբպրո․ «Մոբի ստուդիո» և «Տեխնոշարժ» ակումբներն ամփոփեցին նախագծերը

Առանց սմարթֆոնի մենք այլևս չենք կարող պատկերացնել կյանքը։ Իսկ ի՞նչ կիրառություն ունի խելացի հեռախոսը՝ բացի հաղորդակցություն և մուլտիմեդիա տեղեկատվություն ապահովելուց։ Հոլիվուդյան ռեժիսորներից շատերը, անգամ Ստիվեն Սպիլբերգը, իրենց ֆիլմացանկում ունեն iPhone-ով նկարահանված լիամետրաժ ֆիլմեր։

«Այբ»-ի սաները ևս որոշել են փորձել հեռախոսով ֆիլմ պատրաստելու տեխնիկան։ Նախագծային ուսումնառության թիմերից «Մոբի ստուդիոն» ներկայացրեց «Երազանքի հասցե» կարճամետրաժ ֆիլմը։ Այն պատմում է դեռահաս Արմենի մասին, որն առաքիչ է աշխատում և մի պարզ, մարդկային երազանք ունի՝ իր վաստակած գումարով հեծանիվ գնել։ Արմենն աշխատասեր, նպատակասլաց երիտասարդ է և, չնայած տարիքին, կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացնել։ Երեխաների խոսքով՝ Արմենը պարզապես առաքիչ չէ, նա երջանկություն ու սեր է առաքում իր հաճախորդներին։

Նախագծային ուսումնառության շրջանակում «Մոբի ստուդիոն» ներկայացրեց նաև «4+1» նախագիծը։ «Այբ»ի աշակերտները Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Շիրազի և Ասլամազյան քույրերի թանգարաններում իրականացրել են նկարների սկանավորման և թվայնացման աշխատանքներ, ստեղծել մշակույթի մեծերի թվային գրադարան և նրանց անհայտ նկարներով պատրաստել մեծ խճանկարներ։ Այս աշխատանքները «Այբ»-ի սաները տրամադրելու են Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Շիրազի և Ասլամազյան քույրերի թանգարաններին։

Կայացավ նաև «Տեխնոշարժ» ծրագրավորման ակումբի ReProgramming նախագծի շնորհանդեսը։ Այն ծրագրավորման և հակինգի մրցույթների կայք-հարթակ է, որտեղ տարբեր դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան մրցելու միմյանց հետ անանուն կերպով կամ ներկայացնելով իրենց դպրոցը։ Մրցույթները լինելու են և՛ թիմային, և՛ անհատական։ Շնորհանդեսին ներկաները ևս մրցեցին, իսկ լավագույն 5-ն արժանացան մրցանակի։

Tweets by AybSchool
>