Ընդունելություն տարրական դպրոց

«Այբ» տարրական դպրոցի 2019-2020 ուստարվա 1-ին դասարանի համար ընդունելությունը կատարվելու է 2019 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում: Դպրոց կարող են դիմել միայն մինչև 2019 թ. դեկտեմբերի 31–ը 6 տարեկանը լրացած բոլոր երեխաները, ովքեր մինչ այդ չեն հաճախել որևէ հանրակրթական դպրոց (անկախ սեփականության ձևից):

Աշակերտներն ընդունվում են դպրոց դիմորդների հետ հանդիպում-դասերի և ծնողների հետ զրույցների արդյունքների հիման վրա՝ տվյալ ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի կայացրած որոշմամբ: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:

2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններ հիմնական ընդունելություն չի կատարվում։

2019-2020 ուսումնական տարվա 1-ին դասարանի ընդունելության հայտն արդեն հասանելի է՝

Ընդունելության հայտ

Ժամանակացույց

Բաց դռների օրեր 05/02/2019 -12/03/2019
Դիմումի ներկայացում 18/03-29/03/2019
Հանդիպում-դասեր դիմորդների հետ 05/04-07/04/2019
Զրույցներ դիմորդների ծնողների հետ 13/04-14/04/2019
Ընդունելության արդյունքների ամփոփում և հրապարակում 16/04/2019

Քայլեր

«Այբ» դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ քայլի։

Գրանցվել և մասնակցել բաց դռների օրերի միջոցառումներին:

Ծնողների և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում են բաց դռների օրեր, որոնց ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռների միջոցառումներին մասնակցել ցանկացող ծնողներն ու աշակերտները նախօրոք գրանցվում են aybschool.am կայքի հատուկ բաժնում:

Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները չեն կարող մասնակցել ընդունելությանը:

Բաց դռների միջոցառումները միջինում տևում են 2 ժամ։

Ներկայացնել ընդունելության հայտը: Դիմորդների ծնողները պետք է իրենց դիմումները ներկայացնեն «Այբ» տարրական դպրոց՝ մինչև 2019 թ մարտի 29-ի ժամը 15:00:

Դիմորդների ծնողները դպրոցի կայքից լրացնում և ուղարկում են տարրական դպրոցի ընդունելության դիմումի ձևը: Այնուհետև նույն դիմումը՝ տպված և ստորագրված (դիմորդի ծնող(ներ)ի կողմից), և կից փաստաթղթերը (3×4 մեկ լուսանկարը, ծննդյան վկայականի պատճենը, բժշկական քարտը՝ նախկին ձև 26-ը, ծնողների անձնագրերի պատճենները) ներկայացվում են տարրական դպրոց՝ ք. Երևան 0037, Հյուսիսային ճառագայթ 2 հասցեով: Առանց էլեկտրոնային դիմումի տպագիր դիմումը չի ընդունվում. առանց տպագիր դիմումի և կից փաստաթղթերի էլեկտրոնային դիմումն անվավեր է: Էլեկտրոնային դիմումները լրացվում և ուղարկվում են առցանց:

Դիմումների մեջ առկա է համապատասխան ուսումնական տարվա ուսման արժեքի, պայմանագրերի կնքման և վճարումների կատարման վերջնաժամկետների վերաբերյալ տեղեկատվություն: Դիմումը ստորագրելով՝ դիմորդի օրինական ներկայացուցիչը հավաստում է, որ տեղյակ է այդ պայմաններին և համաձայն դրանց հետ:

Դիմորդի ծնողը/օրինական ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում դիմումի ձևում ներկայացված ցանկացած տեղեկության ճշմարտացիության ու ճշգրտության համար: Դպրոցում ուսումնառության ժամանակ ցանկացած պահի, եթե պարզվի, որ դիմումի ձևում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, դպրոցը կարող է միակողմանի լուծել «Ուսումնառության մասին» պայմանագիրը և դադարեցնել աշակերտի ուսումը դպրոցում՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:

Մասնակցել ընդունելության 1-ին փուլին` դիմորդի հետ հանդիպում-դասերին:

Հանդիպումներին մասնակցում են բոլոր դիմորդները: Հանդիպումները չեն համարվում երեխայի գիտելիքների ստուգում և չեն կարող դիտարկվել որպես այդպիսին:

Հանդիպումների տևողությունը 3 օր է: Յուրաքանչյուր օրվա հանդիպման տևողությունը առավելագույնը 2 ժամ է: Դիմորդների հետ անցկացվում են հարցազրույցներ, տրվում են տրամաբանական թեստային հանձնարարություններ և խաղային առաջադրանքներ, որոնք բացահայտում են երեխայի ընդհանուր գիտելիքները, նրա տրամաբանելու կարողությունը և օգնում են պարզել, թե երեխան ինչ փոխհարաբերություններ կարող է ունենալ իր հասակակիցների հետ: Հանդիպումները վարում են դասվարները, տարրական դպրոցի մանկավարժները և հոգեբանները: Հանդիպումների արդյունքում նրանք ներկայացնում են յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ ըստ երեք օրերի: Ներկայացված արդյունքների հիման վրա ԸՀ-ն կողմնորոշվում է` արդյոք երեխան պատրաստ է հաճախել «Այբ» տարրական դպրոց, թե ոչ:

«Այբ» տարրական դպրոցի դիմորդների հետ հանդիպում-դասերի փուլին զուգահեռ դպրոցի տնօրենության անդամները ոչ ֆորմալ մթնոլորտում ծանոթություն և խմբային քննարկում են ունենում դիմորդների ծնողների հետ։ Այս քննարկումների նպատակն է ծանոթանալ «Այբ» դպրոցի տնօրենության անդամների հետ:

Քննարկումներին խիստ ցանկալի է բոլոր դիմորդների ծնողների ներկայությունը, սակայն պարտադիր պայման դրված չէ: Մասնակցությունը թողնվում է ծնողի հայեցողոււթյանը։

Մասնակցել ընդունելության 2-րդ փուլին` դիմորդի ծնողների հետ զրույցին:

Այս փուլը նախատեսված է բոլոր դիմորդների ծնողների համար։

Մեկ զրույցի տևողությունը մինչև 30 րոպե է: Ծնող(ներ)ը ներկայանում է(են) զրույցի հստակ ժամանակացույցով, որի մասին նախօրոք հաղորդվում է էլ. նամակի միջոցով:

Զրույցին պետք է ներկա լինեն երկու ծնողները (եթե չկան բացակայության խիստ հիմնավոր պատճառներ):

Զրույցն անցկացնում են ընդունող հանձնաժողովի անդամները: Զրույցի ընթացքում նրանք ծանոթանում են ծնողների հետ, փորձում պարզել «Այբ» դպրոցն ընտրելու պատճառը, հասկանալ «Այբ» համայնքին ծնողների միանալու հնարավորությունը, ընդհանուր արժեհամակարգը և այլն: Սա պարզապես հանդիպում-զրույց է անմիջական ու անկաշկանդ միջավայրում:

Հաշվի առնելով ընդունելության երկու փուլերի արդյունքները՝ ընդունող հանձնաժողովը վերջնական որոշում է կայացնում երեխայի՝ դպրոցում սովորելու վերաբերյալ:

Լրացուցիչ ընդունելություն

1-3-րդ դասարաններում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում, տնօրենության որոշմամբ, կարող է կազմակերպվել մրցութային ընդունելություն։ Այն սովորաբար անցկացվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի վերջում։

4-րդ դասարանում առաջացող թափուր տեղերը չեն համալրվում։

Եթե հետաքրքրված եք ընդունելության այս տարբերակով, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները: Թափուր տեղերի առկայության դեպքում գրանցված դիմորդների հետ դպրոցը կապ կհաստատի էլփոստի միջոցով՝ միաժամանակ ներկայացնելով նաև ընդունելության մանրամասները:

Տարրական դպրոց

Tweets by AybSchool