Մեկ տարվա արվեստը՝ մեկ շաբաթում

Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում «Այբ» դպրոցում գործող արվեստների խմբակների քրտնաջան աշխատանքի փայլուն արդյունքն էր մայիսի 5-ից 12-ը կայացած Արվեստների շաբաթը։

«Այբ»-ի նվագախմբի համերգով տեղի ունեցավ Արվեստների շաբաթի բացումը։ Մեկ շաբաթ շարունակ «Այբ»-ի աշակերտները ներկայացրին տարատեսակ արվեստներում իրենց իրականացրած աշխատանքների արդյունքները։ Մեկ շաբաթ շարունակ անցկացվեցին նաև վարպետության դասեր, որոնց մարդիկ մասնակցեցին մեծ հետաքրքրությամբ:

Ցուցահանդեսում իրենց աշխատանքները ներկայացրին գրաֆիկական դիզայնի և նկարչության աշակերտները։ Գրաֆիկական դիզայնի տաղավարում հյուրերն այնքան էին հավանել աշակերտների բացիկները, գրքի պաստառներն ու պիտակները, որ շատերն անգամ ցանկանում էին գնել այդ աշխատանքները։

Ցուցահանդեսում ներկայացված էին նաև միջին և տարրական դպրոցների աշակերտների կերպարվեստի աշխատանքները: Այբեցի պատանի նկարիչներն այցելուներին պատմում էին իրենց աշխատանքների մասին՝ խոսելով դրանց ստեղծման պատմությունից և ոգեշնչման աղբյուրներից։

Գույների աշխարհից անցումը հնչյունների մոլորակ լիցքաթափեց և նոր ոգով լցրեց միջավայրը։ Երաժշտախմբի աշակերտները պայթեցրին դահլիճն իրենց համերգ-սեմինարով՝ հանդիսատեսին տեղափոխելով 70-80-ականների երաժշտական աշխարհ: «Այբ»-ի երաժշտախմբի երգացանկում նորամուծություն էլ կար. այս տարի ավելացել էր նաև հանրահայտ Coldplay խմբի ստեղծագործություններից “O (Fly On)”-ը։ Բացման համերգի անակնկալն այբեցիների հեղինակային երգի առաջնելույթն էր: Աշակերտներն իրենց հեղինակային երգի վրա աշխատել էին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում:

Իսկ պարախմբի ու երգչախմբի հաշվետու համերգի մասին կարող եք կարդալ այստեղ։

Սերգեյ Բադալյան

12-րդ դասարան

Tweets by AybSchool