Տնային աշխատանք․ բանավիճում են այբեցիները

Դեկտեմբերի 7-ին «Այբ» դպրոցում անցկացվեց բանավեճ՝ «Արդյոք պետք է տնային ուսումը» թեմայով:

Տնային ուսումը ենթադրում է աշակերտի կրթության կազմակերպում ոչ թե ուսումնական հաստատությունում, այլ տանը՝ ծնողի կամ կրկնուսույցի գլխավորությամբ: Այն կարելի է համարել գիտելիք ստանալու այլընտրանքային տարբերակ, որ ապահովում է երեխայի զարգացման, դաստիարակման մի նոր ուղի: Այնուամենայնիվ, տնային ուսումն ունի իր թերությունները, որոնցից են շրջապատից մասնակի մեկուսացումը, հասարակությանն ու միջավայրին ինտեգրվելու դժվարությունը և այլն:

Թեման աշակերտների շրջանում շատ արդիական է և կարևոր: Բանավեճին մասնակցում էին ավագ դպրոցի աշակերտները: Բանավիճող երկու կողմերը խոսում էին գրագետ և փաստարկված, ընդհանուր առմամբ՝ քննարկումն անցկացվում էր կառուցողական մթնոլորտում:

Հատկանշական է, որ աշակերտները, իրենց բանավիճելու և փաստարկելու հմտությունները կիրառելուց բացի, ստանձնել էին նաև բանավեճը վարողի՝ մոդերատորի դերը:

Դահլիճը մեծ հետաքրքրություն և հետևողականություն ցուցաբերեց քննարկման ողջ ընթացքում: Տպավորությունները նկարագրելու, տրամադրությունը լավագույնս փոխանցելու համար բավական է նշել, որ թեժ քննարկումները շարունակվեցին անգամ բանավեճի հարթակից դուրս:

Պատմության ուսուցիչ Զոհրաբ Գևորգյանի կարծիքով՝ բանավեճը բավական արդյունավետ էր, քանի որ կային կարծիքների հստակ բախումներ և լուծումների առաջարկներ: Նա նաև նշեց, որ աշակերտները բավական ներգրավված էին բանավեճի գործընթացում:

Առաջիկայում նույնպես նախատեսվում է կազմակերպել նման հանդիպումներ, իսկ թեման կընտրվի աշակերտների առաջարկների և համընդհանուր քննարկումների արդյունքում:

Սաթենիկ Հարությունյան

Tweets by AybSchool