ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին միացել է «Այբ»-ի փորձի փոխանակման հարթակին

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին միացել է «Այբ»-ի փորձի փոխանակման հարթակինՀուլիսի 11-ին «Այբ» կրթական հիմնադրամի «Հաջողության բանաձև» ծրագրի շրջանակում «Այբ» դպրոցը հյուրընկալել էր Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն։

Դեսպան Սվիտալսկին շրջեց «Այբ» դպրոցով՝ ծանոթանալով լիարժեք կրթություն ստանալու համար ստեղծված հնարավորություններին, կրթաթոշակային համակարգին ու դպրոցում կիրառվող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրին։ Դեսպանին նաև հետաքրքիր էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում կրթական ծրագիրը ՀՀ մյուս հանրակրթական դպրոցներում տարածելու համար։

«Հաջողության բանաձևը դիվանագիտության մեջ. բախտի՞, թե՞ մարդկային գործոն» թեմայով հանդիպմանը պարոն դեսպանը խոսեց դիվանագիտության և մասնավորապես, իր՝ դիվանագիտության մեջ 30 տարուց ավելի փորձի, այդ ընթացքում հանդիպած խոչընդոտների և հաջողությունների մասին։

«Ես խնդիր ունեմ այս հանդիպման խորագրի հետ, քանի որ չգիտեմ՝ ինչ է նշանակում հաջողության բանաձև։ Իմ կարծիքով դա հնարել է հասարակությունը, քանի որ ենթադրվում է, որ հաջողակ անհատները ձևավորում են հաջողակ հասարակություն։ Սակայն ես ինձ միշտ ձախորդների շարքին եմ դասում»,- համեստաբար նշեց դեսպանը։

Դեսպանը նաև կատակեց․ «Երբ դիվանագետն ասում է այո՛, նկատի ունի՝ հնարավոր է, երբ ասում է հնարավոր է, նկատի ունի ոչ, եթե ասում է ոչ, ուրեմն դիվանագետ չէ»։

Բանախոսի ելույթից հետո լսարանը հարցեր ուղղելու հնարավորություն ստացավ։ Պատասխանելով հարցերին՝ դեսպանը ներկայացրեց Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը, անդրադարձավ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, Հայաստանը տարածաշրջանային Սինգապուր դարձնելու հնարավորություններին և շատ այլ հարցերի։

«Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում ծավալված քննարկումը ակտիվ էր և ուսուցողական, զրույցը՝ անկեղծ և ոգևորիչ։

«Իմ հաջողության բանաձևը հետևյալն է․ խոսել սրտանց՝ մարդկանց սրտերին դիպչելու համար»,- հանդիպման ավարտին անկեղծացավ դեսպանը։

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու առաջին այցն «Այբ» դպրոց հետագա գործակցության բազմաթիվ հնարավորթյուններ ուրվագծեց։

Tweets by AybSchool
>