«Տեսողական պոեզիա» գրքի շնորհանդեսը

Gouroo Club & Garden-ում տեղի ունեցավ «Այբ» դպրոցի աշակերտների պատրաստած «Տեսողական պոեզիա» գրքի շնորհանդեսը։ Դպրոցի «Արվեստանոց» ակումբի անդամները նորովի և յուրովի են ներկայացրել հայ ժամանակակից պոեզիան։ Աշակերտների ստեղծած պատկերները լրացրել են մեր օրերի պոետների բանաստեղծությունները, և ստեղծվել է ինքնատիպ պատկերագիրք՝ «Տեսողական պոեզիա» անվամբ։

Ի՞նչ անել, որ երիտասարդները (և ոչ միայն) սկսեն կարդալ հայ ժամանակակից պոեզիան և սիրեն ընթերցանությունը։ «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբի 10 աշակերտները խնդիր են դրել տարածել և հանրահռչակել հայ ժամանակակից բանաստեղծությունները:

Ակումբի անդամները ստեղծել են հետաքրքիր, յուրահատուկ նկարազարդումներ՝ ընտրված ժամանակակից բանաստեղծների լավագույն ստեղծագործությունների համար, ինչը կնպաստի ժամանակակից մշակույթի նորովի ընկալմանը։ Իր գոյության երեք տարիների ընթացքում ակումբն իրագործում է արդեն երրորդ ծրագիրը։«Ակումբի անդամներից յուրաքանչյուրն ընտրել է այն հեղինակին, որի պոեզիան ավելի հոգեհարազատ և մոտ է իր պատկերացումներին։ Այդ պատճառով թե՛ հեղինակները, թե՛ նկարազարդումները, որոնք հավաքված են այս պատկերագրքում, բազմազան են և յուրահատուկ», - նշեց «Արվեստանոց» ակումբի ղեկավար և «Այբ» դպրոցի արվեստների առարկայախմբի ղեկավար Մարի Ադամյանը։

Ակումբը գործում է «Այբ» դպրոցում կիրառվող նախագծային ուսումնառության ծրագրի շրջանակում։ Նախագծային ուսումնառությունը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա և ուսումնառությունը կառուցում է նախագծերի շուրջ։ Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։

Tweets by AybSchool