«Այբ»-ի փոքրիկ հետազոտողներն այցելեցին «Ուիգմոր» բժշկական կենտրոն

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են ուսումնասիրում քայլվածքի լաբորատորիայում։ Իհարկե, ամեն ինչ ոտքերի, ոսկորների և վնասվածքների խնամքի մասին։
Այդ ամենի վերաբերյալ պատասխաններ ստանալու և գիտություն առարկայից իրենց գիտելիքներն ավելի խորացնելու նպատակով «Այբ» դպրոցի չորրորդ դասարանի աշակերտները հոկտեմբերի 20-ին հյուրընկալվեցին «Ուիգմոր» կլինիկայում։ Հետաքրքիր և ուսուցողական շրջայցի շնորհիվ նրանք հարստացրին իրենց գիտելիքները հենաշարժիչ համակարգի մասին։ Փոքրիկ հետազոտողները մեծագույն հետաքրքրությամբ ուսումնասիրում էին բժշկական սարքավորումները և լսում հիվանդանոցի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժիշկ Զավեն Քոլոյանին։ Հանդիպումը փոխգործուն էր, քանի որ աշակերտներն ակտիվ պատասխանում էին հարցերին և իրենք նույնպես հարցեր ուղղում բժշկին։

Ընդունարանում ծանոթությունից հետո այցելուներն անցան հիվանդների զննման սենյակ, որտեղ երեխաներին պատմեցին կոտրվածքների և պրոթեզավորման մասին։ Այնտեղ մեր աշակերտները ցույց տվեցին իրենց փայլուն գիտելիքները մարդու հենաշարժիչ համակարգի և, մասնավորապես, ոսկորների վերաբերյալ։ Կոտրվածքների մասին տեղեկություններ երեխաները ստացան ճառագայթային ախտորոշման բաժանմունքում և հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է որոշվում մարդու կոտրվածքի բարդությունը և այլն։

Քայլվածքի լաբորատորիային հաջորդեց այցը վիրահատարան, որտեղ էլ ամփոփվեց շրջայցը։ Երեխաները, շատ գոհ, գիտելիքներով հարստացած և մեծ բավականություն ստացած, հրաժեշտ տվեցին «Ուիգմոր» բժշկական կենտրոնին։

Մարիամ Բադալյան

10-րդ դասարան

Tweets by AybSchool