Հայտնի է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ավարտվել է «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի («Այբ» դպրոց) հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) ձևավորման գործընթացը: ՀԽ-ի նոր կազմում ընդգրկվել են «Այբ» դպրոցի բարերարներ Արթուր Ջանիբեկյանը (լիազորված անձ` Հակոբ Հակոբյան), Դավիթ Յանը (լիազորված անձ` Հովհաննես Աթաբեկյան), Տիգրան Հարությունյանը, Ռուբեն Հարությունյանը, Սարգիս Բադալյանը, Արթուր Ալավերդյանը, Անահիտ Ադամյանը, Վազգեն Յակուբյանը, «Այբ» դպրոցի ուսուցիչ Անահիտ Հովհաննիսյանը և շրջանավարտ Արիս Բերբերյանը։

Խորհրդի նոր կազմը սկսել է իր աշխատանքները 2019 թ․ դեկտեմբերի 1-ից և կպաշտոնավարի մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը։

Հոգաբարձուների խորհուրդն «Այբ» դպրոցի կառավարման բարձրագույն մարմինն է, որն ունի ցանկացած որոշում կայացնելու կամ վերանայելու լիազորություն: «Այբ» դպրոցը հիմնադրամ է` ոչ առևտրային, ոչ պետական կազմակերպություն, որը չունի սեփականատերեր, փայատերեր կամ բաժնետերեր: Փաստորեն, դպրոցի տերն այն մարդիկ են, ովքեր կամավոր ստանձնել են հոգատար և պատասխանատու լինելու առաքելության իրենց մասը և համատեղ ջանքերով, հոգաբարձուների խորհրդի միջոցով, կյանքի են կոչում դպրոցի նպատակները: Հոգաբարձուների խորհրդի որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման, քանզի չկա մեկ այլ` ավելի բարձր մարմին:

Tweets by AybSchool