Գործարկվեց «Արվեստանոց» ակումբի «Քաղաքանդակ» կայքը

Տեղի ունեցավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի «Քաղաքանդակ» նախագծի շնորհանդեսը։ Միջոցառումը կազմակերպվեց առցանց և հեռարձակվեց «Ֆեյսբուքում»։

«Արվեստանոց» ակումբի անդամները ներկայացրին աշխատանքային թիմը, նախորդ նախագծերն ու անդրադարձան նաև նորին՝ «Քաղաքանդակին»։ Այս նախագծի նպատակը Երևանի քանդակային մշակույթին ծանոթացնելն է։ Գաղափարն իրագործելու համար ստեղծվել է կայք, որտեղ կան քանդակներով քարտեզ ու քանդակագործների մասին տեղեկություններ։ Բացի դրանից, քարտեզում ներկայացված են ոչ թե քանդակների սովորական լուսանկարներ, այլ «Արվեստանոց» ակումբի արած ճեպանկարները։

«Արվեստանոցը» համագործակցել է նախագծային ուսումնառության մեկ այլ ակումբի՝ «Տեխնոշարժի» հետ, որի աշակերտներն ունեցան կարևոր ներդրում՝ ստեղծելով հարմարավետ կայք։ Մինչև քարտեզը ներկայացնելը ցուցադրվեց նաև «Արվեստանոցի» աշակերտների անցկացրած հարցման տեսանյութ, Kahoot կայքում կազմակերպվեց հարցախաղ։

Ակումբի անդամները պատմեցին իրենց նախագծի ընթացքի մասին և թե ինչ փորձ ձեռք բերեցին դրա շնորհիվ։ Ներկայացրին նաև քարտեզն իր գործառույթներով և կայքի «Մեր մասին» հատվածը։

Նախագծի շնորհանդեսն ունի շուրջ 3000 դիտում, իսկ կայքը հասանելի է citysculp.aybschool.am հղմամբ։

Հեսու Հակոբյան, «Արվեստանոց» ակումբ,

«Քաղաքանդակ» նախագիծ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>