«Բիոպլաստիկներն ընդդեմ բնության կեղտոտման» նախագիծը` Հայաստանի Գյոթե-ինստիտուտի բնապահպանական կոնֆերանսի մասնակից

Գյոթե-ինստիտուտի «Դպրոցը հանուն միջավայրի» նախագիծը միջազգային կրթական մրցույթ է, որը գործում է 2014 թվականից՝ սերտ համագործակցելով գերմանական տարբեր կրթական և հետազոտական հաստատությունների հետ։

Նախագծի նպատակը աշակերտներին բնապահպանական խնդիրների լուծման մեջ ներգրավելն է և հետազոտական հմտությունների զարգացմանը նպաստելը։ Մրցույթ-նախագծին ամբողջ աշխարհից մասնակցել են տարբեր երկրներ և ներկայացրել առկա բնապահպանական խնդիրների իրենց լուծումները։

2019 թվականի մայիսի 10-ից 13-ը Գերմանիայի Բրեմեն քաղաքում կայանալիք 5-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցելու են տարբեր երկրների 15 թիմեր, որոնց թվում է նաև «Այբ» դպրոցի թիմը։


Առաջնորդվելով մրցույթի պահանջներով՝ «Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտներ Սյուզաննա Երկնափեշյանը, Մարիամ Մելքումյանը և Մարիա Աղաբեկյանը քիմիայի և գերմաներենի ուսուցիչների հետ ներկայացրել են առարկաների համատեղ բնապահպանական՝ «Բիոպլաստիկներն ընդդեմ բնության կեղտոտման» նախագիծը։ Նախագծի շրջանակում քիմիա առարկայի պահանջվող բովանդակությունը և գերմաներենը ուսուցանվել են համատեղ։

Մեր նախագծի նպատակը դպրոցի հարակից տարածքների և առհասարակ բնության՝ պլաստիկներով աղտոտման խնդրի լուծումն է թերմոպլաստիկ օսլայի հիմքի վրա սինթեզվող բիոպլաստիկներից՝ քայքայվող տոպրակների արտադրման միջոցով:

Այս նպատակով էլ «Այբ» դպրոցի աշակերտները լաբորատոր պայմաններում ստեղծել են բնական միջավայրում քայքայվող տոպրակներ, որոնք էլ կներկայացվեն մայիսի 10-ից 13-ը Բրեմեն քաղաքում կայանալիք կոնֆերանսին։

Դպրոցական փոքր քայլերը կարող են նպաստել մեծ աշխարհի բնապահպանությանը։

«Դպրոցը հանուն միջավայրի» մրցույթին ներկայացված նախագծերին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքեր.

https://www.goethe.de/umweltmachtschule

https://www.goethe.de/ins/ru/de/spr/eng/ums.html

Tweets by AybSchool