Բնություն, թե տնտեսություն․ բանավիճում են այբեցիները

Ժամանակին մի գիտնական ասել է«Բնության տնտեսության մեջ դրամական միավորը փողը չէ, այլ կյանքը»։

Ապրիլի 5-ին «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում բանավիճում էին «Պետության տնտեսության զարգացումը պետք է գերակա լինի բնության պահպանությունից» թեմայի շուրջ։ Աշակերտները մրցում էին երկու թիմով՝ միմյանց և հանդիսատեսին իրենց տեսակետները հայտնելու, ապացուցելու և, ինչու չէ, նաև համոզելու համար։

Ժյուրիի կազմն այս անգամ համալրել էին կենսաբանության ուսուցչուհի Մերի Հովսեփյանը, համայնքի գծով փոխտնօրեն Աննա Ակոպյանը, հայոց պատմության ուսուցիչ Զոհրաբ Գևորգյանը և միջոցառումների կազմակերպիչ Ջեննի Թուֆենկջյանը։

Բանավեճն ընթացավ 3 փուլով, որոնց ընթացքում թիմերը ներկայացրին իրենց կառուցողական ելույթները, եղավ հարցուպատասխան, և երրորդ փուլում՝ անդրադարձ նախորդ երկու փուլերին։

«Առանց պետական շահի՝ բնության պահպանությունն անիմաստ է բնությունը կարելի է պահպանել զարգացած տնտեսության շնորհիվ»,— ասում էր պնդմանը կողմ թիմը։ Իսկ հակառակ համոզմունքն ունեցող թիմը պնդում էր, որ տնտեսության գերակա լինելը լուրջ սպառնալիք է մարդու և կենդանիների գոյության համար ու ժամանակի ընթացքում կարող է դառնալ որոշակի տեսակների, եթե ոչ՝ բոլորի, ոչնչացման պատճառ, և հավելում, որ տնտեսության զարգացումն այնուամենայնիվ կախված է բնությունից, ու առանց դրա պահպանման՝ հնարավոր չէ բարձրացնել պետության ՀՆԱ-ի ցուցանիշը։

Բանավեճը բուռն էր և հետաքրքիր. հանդիսատեսը լարված սպասում էր ամեն հաջորդ ելույթին։ Սակայն ժյուրին որոշեց, որ մրցույթն ավարտվի ոչ-ոքի հաշվով, քանի որ երկու կողմերն էլ լավ էին պատրաստված։

Սպասում ենք հաջորդ հետաքրքիր քննարկմանը։

Մարիամ Մելքումյան

(12-րդ դասարան)

Tweets by AybSchool