Երվանդ Քոչարի թանգարանում բացվեց «Այբ» դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Մայիսի 31-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Երվանդ Քոչարի թանգարանում բացվեց «Այբ»-ի 10-12-րդ դասարանների 26 սաների աշխատանքների ցուցահանդեսը:

Աշակերտների ներկայացրած 28 աշխատանքները ոգեշնչված են Քոչարի և նրա ընկերների` 20-րդ դարի խոշորագույն վարպետներ Պիկասոյի, Բրակի, Լեժեի, Կիրիկոյի և այլոց ստեղծագործություններով:

Ո՞վ էր Քոչարը, ինչպիսի՞ն էր նրա արվեստը, ովքե՞ր էին նրա հանճարեղ ընկերները, ինչպիսի՞ն էր նրանց ժամանակը. հարցերի պատասխանները փորձել են գտնել «Այբ» դպրոցի նկարչության խմբի աշակերտները՝ արդի հայացքով դիտարկելով Քոչարի ստեղծագործության փարիզյան շրջանը:

«Կրթության մեջ «Այբ»-ում կարևորում ենք նախաձեռնողական մոտեցումները: Այդ առումով՝ հայ արվեստի ականավոր գործիչների կյանքի և գործունեության նկատմամբ հետաքրքրությունը նախընտրում ենք ուղղորդել դեպի ստեղծարարություն և ակտիվ հետազոտություն՝ սեփական աշխատանքները ստեղծելու համար: Այս ցուցահանդեսն այդ մոտեցման արտացոլումն է: Աշակերտներն ուսումնասիրել են Քոչարի կյանքն ու նրա ժամանակի արվեստը, որ շրջապատում էր Վարպետին, և ներկայացրել են իրենց աշխատանքները, որոնք նորովի են արտահայտում այդ ժամանակաշրջանը», - ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը: Նա շնորհակալություն հայտնեց Երվանդ Քոչարի թանգարանին հետաքրքիր ձևաչափով գործակցության համար և հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի:

20-րդ դարասկզբի նորագույն արվեստն ու դրա նշանավոր ներկայացուցիչներին «Այբ»-ի աշակերտները բացահայտել են ամբողջ կիսամյակի ընթացքում: Քոչարին ու նրա ժամանակի ավանգարդին նվիրված կրթական ծրագիրն «Այբ» դպրոցն իրականացրել է Երվանդ Քոչարի թանգարանի հետ:

«Ծրագրի իրականացման արդյունքում երեխաները բացահայտեցին իրենց համար նոր անուններ, նկարչական ոճեր ու ուղղություններ, բացահայտեցին դեռևս 20-րդ դարի սկզբին գիտության նվաճումներն արվեստում կիրառելի դարձնելու մղումները, բացահայտեցին իրենց հայրենակցի՝ Երվանդ Քոչարի դերը, մասնակցությունն ու նշանակությունը 20-րդ դարի ավանգարդ արվեստում», - նշեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:

Երվանդ Քոչարը մարտահրավեր նետեց ժամանակին ու հաղթեց: Չափեց անչափելին ու տեղավորեց տարածության մեջ՝ դարձնելով ժամանակը լրացուցիչ չափում: Երվանդ Քոչար՝ արվեստագետ, որի արվեստն ավանգարդ է բոլոր ժամանակներում:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 12-ը:
Tweets by AybSchool