Ուսման արժեք և ֆինանսական աջակցություն

 

2018-2019 ուստարում «Այբ» ավագ դպրոց ընդունված, ինչպես նաև «Այբ» միջին դպրոցն ավարտած ու ավագ տեղափոխվող մեկ աշակերտի ուսման արժեքը մեկ ուստարվա համար 2,800,000  (երկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ է, որը  չի ներառում տրանսպորտային փոխադրման արժեքը։  Դպրոցից տուն և տանից դպրոց տրանսպորտային փոխադրման արժեքը ներառյալ՝ 2018-2019 ուստարում «Այբ» ավագ դպրոցի ուսման արժեքը կազմում է 2,950,000 (երկու միլիոն ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։ Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, ինչպես նաև «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ սակագներ։ Վերջիններիս ծանոթանալու համար խնդրում ենք լրացուցիչ դիմել դպրոցի ֆինանսական բաժին։


Ուսման արժեքը ներառում է՝
• հիմնական դասապրոցեսը,
• խորացված պարապմունքները, 
• ընտրովի դասընթացները, 
• լրացուցիչ պարապմունքները, 
• օլիմպիական խմբակները
• երկանգամյա սնունդը (նախաճաշ, ճաշ),
• դասերին օժանդակող այցելությունները, արտագնա դասընթացները:

«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ»-ի մշակած և կյանքի կոչած կրթաթոշակային համակարգը հավասար հնարավորություն է ընձեռում բոլոր աշակերտներին, անկախ վճարունակությունից, ուսանելու «Այբ» դպրոցում: «Այբ» դպրոց ընդունվում են ՄԻԱՅՆ ըստ քննությունների և հարցազրույցի արդյունքների: Ընդունելության փուլը հաջող անցնելուց և ընդունված աշակերտների ցուցակում հայտնվելուց հետո աշակերտի ծնողը/խնամակալը կարող է դիմել «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցության հանձնաժողովին՝ կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում՝ ամբողջական կամ մասնակի) ստանալու ակնկալիքով: Ֆինանսական աջակցության որոշումը կախված չէ աշակերտի հավաքած քննական միավորներից կամ նրա հետագա առաջադիմությունից, այլ միայն ու միայն ընտանիքի ֆինանսական կարիքներից:

Աշակերտի վճարունակությունը որևէ առավելություն չի տալիս կամ խոչընդոտ չի ծառայում ընդունելության ժամանակ: Նույն կերպ՝ աշակերտի թույլ կամ բարձր առաջադիմությունը չի ենթադրում ուսման արժեքի չափի ավելացում կամ նվազեցում:

Կրթաթոշակային ֆոնդը ձևավորվում է «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման ջանքերի արդյունքում, անհատ և կորպորատիվ հովանավորների կողմից հատուկ «Այբ» աշակերտներին կրթաթոշակ տրամադրելու նպատակով նվիրաբերվող գումարներից:

Ինչպես են կայացվում ֆինանսական աջակցության որոշումները

Այն բանից հետո, երբ աշակերտն ընդունվում է «Այբ» դպրոց, ծնողը/խնամակալը լրացնում է համապատասխան դիմում-հայտ, որում ներկայացնում է ընտանիքի ֆինանսական դրությունը, և դիմումը հանձնում ֆինանսական աջակցության հանձնաժողովին: Դիմումին կցվում է ծավալուն փաստաթղթերի շարք, ուր ներկայացվում են ընտանիքի իրական/փաստացի եկամուտները, ծախսերը, գույքի ու սեփականության մասին ինֆորմացիա, այլ տեղեկություններ, որոնք կօգնեն ֆինանսական աջակցության հանձնաժողովին գնահատելու ընտանիքի վճարունակությունը: Ընտանիքի վճարունակությունը որոշելիս հանձնաժողովը հիմնվում է հետևյալ ինֆորմացիայի վրա.

  1. Ծնողների/խնամակալների վճարունակություն։ Մենք ծնողներին դիտում ենք որպես երեխայի առաջին հովանավորներ և նախևառաջ գնահատում նրանց վճարունակությունը: Ծնողների վճարունակությունը գնահատենք x:
  2. Մոտ բարեկամների, ընկերների կողմից ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունը։ Եթե, ըստ ներկայացված տեղեկությունների, ընտանիքն ունի կամ կարող է ունենալ ֆինանսական աջակցություն մոտ բարեկամներից կամ ընկերներից, ապա հանձնաժողովը հաշվի է առնում նաև այդ փաստը: Օրինակ՝ եթե դիմումի մեջ նշվում է, որ երեխաների հանգիստն ամեն ամառ հովանավորում է մորաքույրը, ապա հանձնաժողովը ենթադրում է, որ նույն մորաքույրը կարող է աջակցությունն ուղղել երեխաների կրթությանը: Կամ եթե, ըստ ներկայացրած փաստաթղթերի, 200.000 ԱՄՆ դոլար արժողությամբ տունը գնվել է ոչ թե ծնողների, այլ տատիկ-պապիկի կողմից, ապա ենթադրվում է, որ տատիկ-պապիկն ի վիճակի են աջակցել ընտանիքին՝ երեխայի ուսման ծախսերը հոգալու նպատակով: Մոտ բարեկամների / ընկերների կողմից հնարավոր աջակցությունը գնահատենք y:
  3. Ունենալով x + y գումարը՝ ֆինանսական աջակցության հանձնաժողովը որոշում է պակասող գումարի չափը (z), որը և փոխհատուցվում է «Այբ» դպրոցին՝ տվյալ աշակերտի ուսման ծախսերի պակասող մասը փակելու նպատակով: z գումարը կարող է լինել 10,000 դրամից մինչև ուսման արժեքի ամբողջ գումարը:

Ուշադրություն։ Եթե ֆինանսական աջակցության դիմումի մեջ նշված տեղեկությունները կեղծ լինեն և դրանց կեղծ լինելու փաստը երբևէ բացահայտվի, աշակերտն առանց որևէ նախապայմանի կամ բացառության անմիջապես կհեռացվի «Այբ» դպրոցից:

2018-2019 ուսումնական տարվա «Այբ» ավագ դպրոցի ուսման վճարի փոխհատուցման ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ հասանելի կլինի մարտի 1-ից։

Tweets by AybSchool