2023-2024 ուստարում «Այբ» ավագ դպրոց ընդունված, ինչպես նաև «Այբ» միջին դպրոցն ավարտած ու ավագ տեղափոխվող մեկ աշակերտի ուսման առավելագույն արժեքը մեկ ուստարվա համար 3,130,000 (երեք միլիոն հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ է, որը չի ներառում տրանսպորտային փոխադրման արժեքը։
Դպրոցից տուն և տանից դպրոց տրանսպորտային փոխադրման արժեքը ներառյալ՝ 2023-2024 ուստարում «Այբ» ավագ դպրոցի ուսման առավելագույն արժեքը կազմում է 3,420,000 (երեք միլիոն չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։
Ուսման արժեքը կարող է վերանայվել դպրոցի ՀԽ-ի որոշմամբ հաջորդ ուսումնական տարիների համար։ Ընթացիկ ուսումնական տարվա համար ուսման վարձի փոփոխություն կարող է լինել օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լրացուցիչ այլ հարկային պարտավորություններ սահմանվելու պարագայում (օրինակ ԱԱՀ-ով հարկում)։
Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, ինչպես նաև «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ սակագներ։ Վերջիններիս ծանոթանալու համար խնդրում ենք լրացուցիչ դիմել դպրոցի ֆինանսական բաժին։
«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ»-ի մշակած և կյանքի կոչած կրթաթոշակային համակարգը հավասար հնարավորություն է ընձեռում բոլոր աշակերտներին, անկախ վճարունակությունից, ուսանելու «Այբ» դպրոցում: «Այբ» դպրոց ընդունվում են ՄԻԱՅՆ ըստ քննությունների և հարցազրույցի արդյունքների:
Ընդունելության փուլը հաջող անցնելուց և ընդունված աշակերտների ցուցակում հայտնվելուց հետո աշակերտի ծնողը/խնամակալը կարող է դիմել «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցության հանձնաժողովին՝ ուսման տարեկան վարձի որոշակի չափ սահմանելու ակնկալիքով: Ֆինանսական աջակցության որոշումը կախված չէ աշակերտի հավաքած քննական միավորներից կամ նրա հետագա առաջադիմությունից, այլ միայն ու միայն ընտանիքի ֆինանսական կարիքներից:
Աշակերտի վճարունակությունը որևէ առավելություն չի տալիս կամ խոչընդոտ չի ծառայում ընդունելության ժամանակ: Նույն կերպ՝ աշակերտի թույլ կամ բարձր առաջադիմությունը չի ենթադրում ուսման արժեքի չափի ավելացում կամ նվազեցում:
Կրթաթոշակային ֆոնդը ձևավորվում է «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման ջանքերի արդյունքում, անհատ և կորպորատիվ հովանավորների կողմից հատուկ «Այբ» աշակերտներին կրթաթոշակ տրամադրելու նպատակով նվիրաբերվող գումարներից:
Այն բանից հետո, երբ աշակերտն ընդունվում է «Այբ» դպրոց, ծնողը/խնամակալը լրացնում է համապատասխան դիմում-հայտ, որում ներկայացնում է ընտանիքի ֆինանսական դրությունը, և դիմումը հանձնում «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցության հանձնաժողովին: Դիմումին կցվում են ընտանիքի իրական/փաստացի եկամուտները, ծախսերը, գույքի ու սեփականության մասին տեղեկությունները հավաստող փաստաթղթեր, ցանկացած այլ տեղեկություն, որ կօգնի ֆինանսական աջակցության հանձնաժողովին գնահատել ընտանիքի վճարունակությունը:
Ընտանիքի վճարունակությունը որոշելիս հանձնաժողովը հիմնվում է հետևյալ ինֆորմացիայի վրա.
Ուշադրություն։ Եթե կրթաթոշակ ստացած աշակերտի՝ «Այբ» ավագ դպրոցում սովորելու ողջ ընթացքում երբևէ հայտնաբերվի, որ սույն հայտը լրացնելիս տրամադրվել են կեղծ կամ թերի տեղեկություններ, ապա դա կարող է հանգեցնել ուսումնառության մասին պայմանագրի անհապաղ դադարեցմանը՝ օրինական ներկայացուցչի կողմից ուսման առավելագույն վարձի վճարմանը` որպես տուգանք, և աշակերտի անհապաղ հեռացմանը «Այբ» ավագ դպրոցից:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ, 2023-2024
Ֆինանսական աջակցության հայտ, հարց 6․1
Ֆինանսական աջակցության հայտ, հարց 6․2
Ֆինանսական աջակցության հայտ, հարց 9
Ֆինանսական աջակցության հայտ, հարց 7
Ֆինանսական աջակցության հայտ, հարց 12
Ֆինանսական աջակցության հայտ, քույր-եղբոր ձևաթուղթ
Կիսվել
[[tags:1:1]]