«Այբ» դպրոցի աշակերտներն անցել են ֆոնդահայթայթման խտացված դասընթաց

«Այբ» դպրոցի ուսումնառության կարևոր բաղադրիչ է նախագծային ուսումնառությունը, որն ուղղված է հանրային իրական խնդիրների լուծմանն ու դրանց մասին բարձրաձայնմանը։ Դրա շրջանակում աշակերտները, ընտրելով այս կամ այն թեմայով ակումբը, սկսում են լիովին նոր նախագիծ իրականացնել։ Բոլոր ակումբները ղեկավարվում են իրենց ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ Բնական է, որ նման մեծ ծավալով գործընթացները պահանջելու են նաև ֆինանսական ներդրումներ։ Չնայած նրան, որ դպրոցը տրամադրում է նյութատեխնիկական հնարավորություններ և ներգրավում փորձառու ակումբի ղեկավարներ, կարևորվում է, որ աշակերտներն իրենք կարողանան ինքնուրույն կազմակերպել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ գումարների հայթայթումը։

Անցած ուսումնական տարվա հաջողված օրինակներից էր 2019 թվականին «Արվեստանոց» ակումբի «Տեսողական պոեզիա» գիրք-վերջնարդյունքի տպագրությունը, որի իրականացումն իրենց վրա վերցրել են ֆոնդահայթայթման ակումբի անդամները։ Ֆոնդահայթայթման ակումբը գլխավորեցին TCF (website) կազմակերպության աշխատակիցներ Նարեկ Վարդանյանն ու Տաթևիկ Ֆլջյանը, իսկ գիրքը կենտրոնացած աշխատանքի շնորհիվ հաջողությամբ տպագրվում է։ Վերջինս էլ հենց առիթ դարձավ, որ այս տարի բոլոր ակումբներն ունենան հնարավորություն զարգացնելու ֆոնդահայթայթման հմտությունները։

Մեկնարկեց ֆոնդահայթայթման խտացված դասընթացը, որին մասնակցում էին դպրոցի յուրաքանչյուր ակումբից 2-ական աշակերտ։ Շուրջ 2 ամիս տևած դասընթացն անցկացրեց Ջեմմա Սաֆարյանը, որը տվեց անհրաժեշտ գիտելիքներ, կիսեց իր փորձը և ուղղորդեց աշակերտներին։

Ուսումնառության ընթացքում աշակերտները ծանոթացան ընդհանուր ֆոնդահայթայթմանը՝ առաջացմանը, զարգացմանն ու ներկա ժամանակներում դրա դերակատարությանը։ Պարբերաբար տրվում և ապա քննարկվում էին առաջադրանքներ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանեցված էր տվյալ նախագծային ակումբի նպատակներին ու վերջնարդյունքներին։

Չնայած նրան, որ դասընթացն առցանց ձևաչափով էր իրականացվում, ես, լինելով դրա մասնակիցներից մեկը, միանշանակ կարող եմ ասել, որ մեր ձեռք բերած հմտությունները ոչ միայն կզարգացնեն նախագծային ակումբները, այլև ապագայում կօգնեն մեզ ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերելու ֆոնդահայթայթմանը։ Չէ՞ որ մերօրյա աշխարհում, հաշվի առնելով հայաստանյան պատերազմը, համավարակն ու բազմատեսակ այլ քաղաքական ու սոցիալական խնդիրները, անհրաժեշտ են գրագետ ֆոնդահայթայթողներ, որոնք, ճշտորեն պահպանելով ֆոնդահայթայթման գրված ու չգրված օրենքները, կկարողանան հասնել իրենց առջև դրված նպատակներին։

Էլլա Ավագյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>