«Կենգուրուն» 10 տարեկան է

Հոկտեմբերի 28-ին Շառլ Ազնավուրի հրապարակում իսկական տոն էր: «Այբ» կրթական հիմնադրամը մեկ վայրում էր հավաքել ամենամյա մրցույթի հավատարիմ մասնակիցներին՝ մայրաքաղաքի և մարզերի դպրոցների աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին: Ներկաներին միավորել էր բոլորի սիրելի «Կենգուրու» մաթեմատիկայի և տրամաբանության մրցույթը, որը նշում էր իր հոբելյանական 10-ամյակը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը և «Այբ» դպրոցի գործառնական տնօրեն Դավիթ Սահակյանը:

«Կենգուրուի նպատակն է, որ կրթությունը սիրելի ու հետաքրքիր դառնա երեխաների համար, քանի որ հաջողության ճանապարհն անցնում է կրթության միջով»,- ասաց Սոնա Կոշեցյանը:

Մարդաշատ միջոցառումն է՛լ ավելի աշխուժացավ հարցախաղի շնորհիվ, որին մեծ եռանդով մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի աշակերտները: Մրցանակը խորհրդանշական էր՝ գիրք՝ գիտելիքի պաշարը հարստացնելու համար։

Էլ ի՞նչ ուրախ և հետաքրքիր միջոցառում առանց ազգագրական պարերի: Միջոցառման ընթացքում պարեց «Այբ» դպրոցի «Այբար» պարի խումբը, որին մեծ ոգևորությամբ միացան նաև ներկաները: Իսկ ժամանակակից պարի բաց դասը և երգն ու պարը ապահովեցին միջոցառման հյուրերի բարձր տրամադրությունը: «Կենգուրուի» տոնն ավարտվեց խաղարկությամբ, որի հաղթողները նույնպեսստացան մրցանակներ:

Մրցույթի հոբելյանական 10-ամյակն ավելի քան հաջողված էր: Հուսով ենք, որ «Կենգուրուն» դեռ երկար տարիներ կշարունակի իր արշավը՝ ապացուցելով կրթության կարևորությունը և քաջալերելով հետագա մեծ ու փոքր հաղթանակները:

Եվա Սեյլանյան

12-րդ դասարան

Tweets by AybSchool