«Կրթություն. փոփոխություններ ու շարունակականություն»․ կայացավ 4-րդ ուսուցչական համաժողովը

Նոյեմբերի 2-ից 3-ն Աղվերանում կայացավ արդեն 4-րդ ուսուցչական համաժողովը, որը մեկ հարկի տակ էր հավաքել «Այբ» դպրոցի, Դիլիջանի կենտրոնական դպրոցի ուսուցիչներին ու աշխատակիցներին, կրթության փորձագետներին, ինչպես նաև այլ դպրոցներից տնօրենների ու հյուրերի։

Համաժողովի բացման խոսքում «Այբ» դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, նշեց, որ այսօր դպրոցները հաճախ գործարանի գործառույթ են կատարում` դառնալով մարդ արտադրող գործարան։

«Դպրոցը վաղուց կորցրել է իր գոյաբանական իմաստը։ Այն ժամանակին մի վայր էր, որտեղ կային իրենց մտքերով պայծառ, ներքնապես կատարելության հասած մարդիկ։ Այնուհետև այդ դպրոցը վերածվեց հասարակությանը պիտանի մարդկանց պատրաստելու մի մեծ գործարանի և կամաց կամաց կորցրեց այդ լույսը։ Մենք մարդկանց ավելի շատ վարժեցնում ենք ստանդարտների և ավելի շատ կանխատեսելի իրողությունների, քան ոչ կանխատեսելի իրողությունների։ Դպրոցները շատ ավելի հիշեցնում են բանտեր, քան վայրեր, որտեղ մենք մարդկանց սովորեցնում ենք լինել ազատ»։

Տեր Մեսրոպն իր խոսքում նշեց, որ այսօրվա գիտատեխնիկական առաջընթացը մեզ գուցե ապագայում հնարավորություն տա ստեղծելու բոլորովին նոր ու շատ ավելի ազատական դպրոցներ «Մենք կարող ենք շատ ավելի ազատ ու ճկուն դպրոցի հասկացողություն ձևավորել, քան այն, ինչն այսօր ունենք»։

Տեր Մեսրոպն առաջարկեց մտածել ու երազել, թե արդյոք, օրինակ, արհեստական բանականությունը կարո՞ղ է փոխարինել ուսուցչի օգնականին։ Ապագայում արհեստական բանականության միջոցով գուցե հնարավոր լինի նաև գնահատման համակարգը փոխել․ «Աշակերտը պետք է հասկանա, որ առարկաները, գիտելիքները կարևոր են, բայց ընդհանրացնելը, ամբողջական պատկերը տեսնելը է՛լ ավելի կարևոր է։ Երջանիկ լինելը է՛լ ավելի կարևոր է»։

Համաժողովի ընթացքում կայացավ «Կոմպետենցիաների շրջանակ գիտելիք, հմտություն, արժեքներ» խորագրով պանելային քննարկում չորս բանախոսների մասնակցությամբ՝ Ա Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի, «Արեգնազան» կրթահամալիրի տնօրեն Արա Աթայանի և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի։

«Փոփոխությունները մարդկանցից պահանջում են շատ ավելի բարձր մակարդակի հմտություններ, քան հիմա ունեն։ Շուտով միլիարդավոր մարդիկ կանգնելու են սեփական հմտությունները 1-2 մակարդակով բարձրացնելու խնդրի առջև։ Եթե կրթության մեջ ներդրումներ չանենք, ունենալու ենք մի սերունդ, որ նստելու է և ասի՝ «ինձ աշխատանքով ապահովեք»։ Եթե չխնայենք, կունենանք սերունդ, որն ինքն աշխատանք ու աշխատատեղ կնախաձեռնի»,- նշեց Սերոբ Խաչատրյանը՝ հավելելով, որ փոփոխությունների արդյունքում փոխվում են նաև երեխաները, իսկ մեր կրթական համակարգը շարունակում է հին ձևերով աշխատել։

Արա Աթայանն էլ նշեց, որ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս մարդուն ազատվելու մեխանիկական աշխատանքից և ստեղծագործական աշխատանքով զբաղվելու․ «Դա նշանակում է, որ դպրոցը պետք է տա ստեղծագործելու հնարավորություն։ Այլապես կհայտնվենք նոր ստրկատիրական համակարգում, որը նախորդից շատ ավելի վատը կլինի։ Պետք է մեր երեխաներին սովորեցնենք ոչ թե պատասխանել, այլ հարցեր տալ։ Յուրաքանչյուր երեխա բացարձակ բարձրագույն արժեք է՝ անկախ իր ընդունակություններից և որևէ գործոնից»։

Արամ Փախչանյանն էլ հավելեց, որ եթե երեխան դպրոցում սովորելու խնդիր ունի, ուրեմն նաև խնդիր ունի դպրոցից դուրս․ «Մենք պետք է առաջին հերթին լուծենք երեխայի հիմնական խնդիրը։ Եթե մեղադրենք չսովորելու մեջ, դա միայն կբարդացնի և կխորացնի խնդիրը։ Պետք է սկսել երկխոսություն և օգնել հաղթահարելու խնդիրները։ Նման երեխաները հետագայում դառնում են մեր ամենահիշվող աշակերտները և մեր ուսուցիչների ամենամեծ հաղթանակն են»։

Համաժողովի 2-րդ օրը մեկնարկեց կարուսել-քննարկումով, որի մասնակիցները փորձեցին վեր հանել ուղիները, որոնց շնորհիվ կարող ենք հասնել ուսուցիչների դերի տեսանելիության բարձրացմանը։

Այնուհետև հաջորդեց 3 սեմինար-ներկայացում «Նորարարությունը դասավանդման մեջ» ընդհանուր խորագրով։ Ներկայացվեցին «Վիքիմեդիա Հայաստան» և «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիա ծրագրերը։

«Այբ» դպրոցի ակադեմիական գծով փոխտնօրեն Մերի Հովսեփյանը խոսեց ճիշտ հակառակի՝ թվային շեղման մասին։ Սեմինարի այս հատվածի հիմնական նպատակն էր հասկանալը, թե ինչպես հավասարակշռել թվային տեխնոլոգիաների ճիշտ և ճիշտ չափաբաժնով օգտագործումը։

Սեմինարներից հետո ուսուցիչները ծնողական ժողով «բեմադրեցին», որին հաջորդեց համայնքի ժամը։

Ուսուցչական 2-օրյա սեմինարի փակմանը քննարկեցին, թե որքանով են արդարացել սպասելիքներն ու ակնկալիքները, որոնք մասնակից ուսուցիչները գրառել էին սեմինարի բացմանը։ Արդյունքում նշված 10 ակնկալիքից 8-ն իրականացել էր, մեկն էլ՝ մասամբ։

«Մենք ունենք կայացած միջոցառում, որը շատ լավն է նախևառաջ իր արդյունքներով։ Երբ մարդիկ հավաքվում են և եռանդով ու սրտանց զբաղվում գործով, գիտելիքն ամրագրվում է։ Արդյունքում մենք լիքը բան մեզ հետ տանում ենք»,- նշեցին կազմակերպիչները։

Դե ինչ, համաժողովը վստահորեն կայացած էր և հաստատ վերջինը չէ։ Մինչ նոր հանդիպում ու նոր քննարկումներ, սիրելի՛ ուսուցիչներ։

Լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։

Tweets by AybSchool