Արվեստի պատմության արտագնա դասը Ավանի Կաթողիկե եկեղեցում և Պտղնավանքում

«Այբ» դպրոցի արվեստի պատմության խմբի 10-րդ դասարանի աշակերտները արվեստի պատմության դասերն անցկացրին Ավանի Կաթողիկե եկեղեցում և Պտղնավանքում արվեստի պատմության ուսուցիչ Արմինե Բաբայանի ղեկավարությամբ։

Այցի առաջին հատվածում աշակերտներն այցելեցին Պտղնավանք։ Այցի նպատակն էր ուսումնասիրել միջնադարի հայկական ճարտարապետական կոթողները, դրանց հատկանիշները, առանձնահատկությունները։ Աշակերտներն ուսումնասիրեցին Պտղնավանքի մինչև մեր օրերը պահպանված հատվածը։ Պտղնավանքը հայ միջադարյան ճարտարապետության հուշարձաններից է, որը գտնվում է Պտղնի գյուղում՝ հնագիտական ընդարձակ տարածքի կենտրոնում։ Տաճարն ունի երկու զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք։ Այն կիսավեր է․ պահպանվել են միայն հյուսիսային պատը,հարավային պատի արևելյան մասը և արևելյան գմբեթակիր կամարը։ Տաճարը լուսավորվում է բազմաթիվ լայն լուսամուտներով։ Վանքն աչքի է ընկնում իր կառուցվածքի երկրաչափական մոտիվներով և բարձրարվեստ զարդաքանդակներով։ Նշանակալի է առյուծին նետահարող Մանուել Ամատունու քանդակը, որն աշակերտները տեսան և ուսումնասիրեցին հարավային մուտքի մոտ։

Այցի սկզբում ուսուցիչը ժամանակ տվեց աշակերտներին, որ նրանք ուսումնասիրեն վանքը, հետաքրքիր հատվածներ գտնեն կառույցում և այնուհետև արտահայտեն իրենց կարծիքը վանքի կառույցի վերաբերյալ։ Վանքի շուրջ պտտվելուց հետո աշակերտները հավաքվեցին և քննարկեցին վանքի կառույցի առանձնահատկությունները, համեմատեցին կոթողի կառուցվածքը այլ ճարտարապետական կառույցների հետ, գտան նմանություններ ու տարբերություններ։ Թեև Պտղնավանքից միայն հատված է պահպանվել, ուսումնասիրության ու վերլուծության արդյունքում աշակերտները հասկացան, որ Պտղնավանքի կառույցն ու քանդակները վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության արժեքավոր ու ինքնատիպ ստեղծագործություններ են։

Այցի երկրորդ մասում աշակերտները հետաքրքրությամբ ուղևորվեցին դեպի ճամփորդության հաջորդ նպատակակետը՝ Ավանի Կաթողիկե եկեղեցի։

Եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում տեղական տուֆի սրբատաշ քարերով, ունի զուսպ ու նուրբ հարդարանք։ Ավանի Կաթողիկե եկեղեցին հռիփսիմեատիպ եկեղեցիների վաղագույն թվագրված նմուշն է։ Այն կիսավեր է, շրջակայքում աշակերտները կատարեցին ուսումնասիրություն, որի արդյունքում նկատեցին բազմաթիվ ուշագրավ կոթողներ, արձանագիր խաչքարեր։ Ենթադրվում է, որ տաճարը միայն մեկ գմբեթ է ունեցել։ Ավանի Կաթողիկե եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության նշանակալի արժեքներից է։

Այս ճամփորդության շնորհիվ աշակերտները ոչ միայն ունեցան գործնական դաս, որի շնորհիվ ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները, այլև հնարավորություն ունեցան ուսումնասիրելու հայկական ճարտարապետության կոթողները։ Արվեստի պատմության խմբի աշակերտների այս ուսումնական այցի ուղերձն էր գնահատել և արժևորել պատմամշակութային արժեքները, ինչն անելու լավագույն եղանակը դրանք պահպանելն ու ուսումնասիրելն է։

Նինա Պռազյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Բլոգ Tag Blog

Tweets by AybSchool
>