Արվեստի շաբաթ 2024

Միշտ չէ, որ այբեցիները զբաղված են գիտական փորձերով և հետազոտություններով։ Այբական կյանքից մշտապես անպակաս են արվեստի բազում տեսակները՝ պարը, նկարչությունը, բեմարվեստը, երգն ու երաժշտությունը։ Այս արվեստներում խորացած աշակերտներն ամեն տարվա վերջում՝ «Արվեստի շաբաթ» միջոցառման ժամանակ, ունենում են իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը ներկայացնելու մեծ հնարավորություն։ Այս տարի Արվեստի շաբաթը, որ տեղի ունեցավ մայիսի 10-18-ին, շատ հագեցած ու հետաքրքիր էր։

Արվեստի շաբաթը բացվեց նկարչական ցուցահանդեսով։ Բազմաժանր և բարձրաճաշակ նկարները նոր շունչ և գեղեցկություն էին հաղորդել Գ մասնաշենքի ճաշարանին և «Հայաստան» դահլիճին։ Նկարչական գործերից բացի ներկայացված էին կավագործության, «Հմուտ ձեռքեր», «Ճարտարապետություն և դիզայն» խմբակների աշխատանքները։ Ցուցահանդեսի ընթացքում աշակերտները ներկայացնում էին իրենց բազմաբովանդակ աշխատանքները, դրանց թեման և գաղափարը։ Օրվա ընթացքում նաև անցկացվեց շյուղագործության աշխատարան։

Արվեստի շաբաթը շարունակվեց «Հայաստան» դահլիճում, որտեղ հաշվետու համերգով ներկայացան 10-12-րդ դասարանների պարախմբերը։ Նրանց ելույթը ուղեկցվեց յուրահատուկ բեմադրություններով և նոր պարային համարներով։ Պարողների շարքերը համալրեցին նաև հանդիսատեսները, որոնք աշակերտների ելույթից հետո, պարային ոգով ներշնչված, քոչարի բռնեցին։

Մի քանի օր հետո «Հայաստան» դահլիճի բեմը վերածվեց թատրոնի բեմի։ Բեմում էին բեմարվեստի խմբերը, որոնք հանդես եկան թատերային կոլաժներով, էտյուդներով և հումորային ներկայացումներով։ 10-րդ դասարանցիների ելույթները ոգեշնչված էին Փարաջանովի և Պարույր Սևակի ստեղծագործություններից։ Իսկ 12-րդցիների ներկայացումների ռեժիսորները մեծ մասամբ հենց իրենք էին՝ դերակատարները։

Հաջորդ օրը երգչախմբինն էր, որը ներկայացավ երաժշտական խայտաբղետ ելույթներով։ Այս տարի այն ներկայացրեց ոչ միայն հայ ավանդական և ժողովրդական, այլև տարբեր ստեղծագործողների միջազգային գլուխգործոցներ։ Աշակերտների ելույթից հետո անակնկալ էր պատրաստել նաև շրջանավարտների «Կամար» երգչախումբը, որը ներկայացավ հետաքրքիր ելույթներով։

«Հայաստան» դահլիճի բեմն այսքանով չսահմանափակվեց։ Եվս մեկ օր, և այն լցված էր երաժշտական բազմազան գործիքներով։ Արվեստների շաբաթի փակումը բաժին էր հասել տաղանդաշատ երաժշտախմբին։ Նրա անդամները պատրաստել էին եռահատոր ելույթ, քանի որ յուրաքանչյուր դասարանի երաժշտախումբ ներկայացնում էր մի ողջ երգացանկ՝ իր առանձնահատկություններով և յուրօրինակ ոճով։

Ահա այսպիսին էր արվեստաշատ շաբաթը, որը հաճույք ու բարձր տրամադրություն պարգևեց հանդիսատեսներին։ Նրանք ամբողջ շաբաթվա ընթացքում հնարավորություն ստացան վայելելու բարձրաճաշակ երգ ու երաժշտություն , հիանալու աշակերտների ստեղծագործ մտքով և գունային գեղեցիկ համադրումներով։ Իսկ այբեցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արվեստը շարժիչ ուժ է և անպակաս է այբական կյանքից։

Մարիամ Բաղդասարյան

10-րդ դասարան

Tweets by AybSchool
>