«Այբ» դպրոցը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: «Այբ» հիմնադրամը հիմնադրվել է 2006 թվականին` մարդկանց կողմից, ովքեր սեփական ձեռքբերումներն ու հաջողությունները համարում են որակյալ կրթության արդյունք և կամենում են միասնական ու համակարգված ներդրումներով ստեղծել բարձրորակ կրթական միջավայրեր:
Ցանկանալով նպաստել Հայաստանի զարգացմանը և ունենալով իրենց ժամանակը, ջանքերն ու նյութական միջոցները ներդնելու բազմաթիվ հնարավորություններ՝ «Այբ»-ի հիմնադիրներն ընտրեցին երկիրը բարեփոխելու ամենաշնորհակալ և երաշխավորված ձևը` կրթել նոր սերունդ, ներդրում կատարել ապագայի մեջ և հանուն ապագայի:
«Այբ»-ի հիմնադիրներն են`
Աշոտ Ասլանյան (Հայաստան/Ռուսաստան, «Աերոսիբ» ընկերության հիմնադիր)
Արամ Փախչանյան (Ռուսաստան, ABBYY ընկերության փոխնախագահ)
Արթուր Բերդ (Ֆրանսիա / ԱՄՆ, ֆինանսիստ)
Դավիթ Յան (Ռուսաստան, ABBYY ընկերության հիմնադիր, Տնօրենների խորհրդի նախագահ)
Դավիթ Փախչանյան (Ռուսաստան, «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն)
Կարեն Մուսայելյան (ԱՄՆ, բանկիր)
Կարո Սարգսյան (Ռուսաստան, գործարար, «Սպեցտորգ» ընկերության հիմնադիր)
Տ. Մեսրոպ քհն. Արամյան (Հայաստան, «Վէմ» ռադիոկայանի նախագահ)
«Այբ» համայնքի` բարերարների, հովանավորների, նվիրատուների, աջակիցների շարքերն այսօր արդեն համալրում են աշխարհի տարբեր երկրներում ապրող և տարբեր մասնագիտության տեր բազմաթիվ մարդիկ` ֆինանսիստներ, գործարարներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, բանկիրներ ևն: «Այբ»-ի առաքելությունն է համախմբել հասարակությանը կրթության գաղափարի շուրջ և զարգացնել կրթությանն աջակցողների համաշխարհային ցանց, ստեղծել համայնք մարդկանց, ովքեր գիտակցում են կրթության որոշիչ դերը Հայաստանի ապագայի տեսլականն իրագործելու ճանապարհին:
«Այբ» դպրոցի առաքելությունն է` ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և
պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ:
«Այբ» դպրոցի նշանաբանն է՝ Իմա և արա (Sci et crea):
«Այբ» դպրոցի փիլիսոփայությունն ամփոփված է այս նշանաբանի մեջ՝ «Իմա և արա»:
Այս երկու սկզբունքները խորապես փոխկապակցված են, այսինքն` չկա ճանաչողություն առանց իրագործման, ոչ էլ արարում` առանց իմացական ձեռքբերման: Ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունը մեր կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:
Դարերի խորքից եկող այս իմաստությունը առավել ևս կարևոր է 21-րդ դարում, երբ կրթությունը պետք է կազմակերպել գիտելիքի աննախադեպ ծավալի և ստեղծարար ակտիվության պայմաններում: Ուրեմն, մենք ճանաչում և գործում ենք միաժամանակ կամ ճանաչելով ստեղծում և ստեղծելով ճանաչում: Եթե մենք ձգտում ենք ունենալ իրագործված գիտելիքներ, հավաստի ձեռքբերումներ և ապրված ճշմարտություններ, ապա միշտ պետք է պահպանենք ճանաչողական-ստեղծարար ներդաշնակությունը: