2025-2026 ուսումնական տարվա առաջին դասարան ընդունելությունը կկատարվի ըստ հետևյալ ժամանակացույցի․
«Այբ» տարրական դպրոց կարող են դիմել միայն մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի 31–ը 6 տարեկանը լրացած բոլոր երեխաները, ովքեր մինչ այդ չեն հաճախել որևէ հանրակրթական դպրոց (անկախ սեփականության ձևից):
Առաջին դասարանի ընդունելությանը մասնակցելու համար գրանցվեք բաց դռների միջոցառմանը, որը ընդունելության գործընթացում պարտադիր փուլ է։
Տարրական դպրոցում դիմում-հայտերի ընդունման և ընդունելության գործընթացին մասնակցելու համար սահմանված է վճար՝ 12 000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Այն դիմորդների համար, ովքեր ընդունելության պահին ունեն «Այբ» դպրոցում սովորող քույր-եղբայր, սահմանված է 6 000 ՀՀ դրամ վճար։
Ընդունելությունը կատարվում է դիմորդների հետ հանդիպում-դասերի և ծնողների հետ հարցազրույցների արդյունքների հիման վրա՝ տվյալ ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի կայացրած որոշմամբ: Առաջնահերթություն է տրվում այն դիմորդներին, ովքեր 1-ին դասարանի ընդունելության պահին հարազատ քույր-եղբայրներն են «Այբ» հիմնական դպրոցում սովորող կամ «Այբ» հիմնական դպրոցից ներքին ընդունելությամբ ավագ դպրոց ընդունված և այդ պահին սովորող աշակերտների:
Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:
1-4-րդ դասարաններում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում, տնօրենության որոշմամբ, կարող է կազմակերպվել մրցութային ընդունելություն։ Այն սովորաբար անցկացվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի վերջում։
Նախնական գրանցում ընդունելության համար
Թափուր տեղերի համալրման նպատակով ընդունելությունը սովորաբար անցկացվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի վերջում։ Եթե հետաքրքրված եք ընդունելության այս տարբերակով, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները:
Թափուր տեղերի համալրման նպատակով իրականացվող մոտակա ընդունելության մասին դպրոցը կտեղեկացնի էլ.փոստի միջոցով՝ միաժամանակ ներկայացնելով նաև ընդունելության մանրամասները:
Ծնողների և դիմորդների համար դպրոցում կազմակերպվում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է դպրոցը և պատասխանում բոլոր հարցերին: Նույն օրը բոլոր հյուրերի համար կազմակերպվում է ծանոթական շրջայց դպրոցում: Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։
Եթե դիմումը ներկայացնելիս պարզվում է, որ ծնողները ներկա չեն եղել բաց դռների միջոցառման, ապա մինչև ընդունելության քննությունները կազմակերպվում է լրացուցիչ բաց դռների օր։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից զրկվում են։
Դիմորդների ծնողները լրացնում և ուղարկում են տարրական դպրոցի ընդունելության դիմումի ձևը։ Էլեկտրոնային դիմումը լրացնելը պարտադիր է ընդունելության գործընթացին մասնակցելու համար։ Տպագիր դիմումը՝ ներքոնշյալ փաստաթղթերով, անհրաժեշտ կլինի ներկայացնել դպրոցի կողմից սահմանված ժամկետներում:
Դիմում-հայտերի ընդունման և ընդունելության գործընթացին մասնակցելու համար սահմանված է վճար՝ 12 000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Այն դիմորդների համար, ովքեր ընդունելության պահին ունեն «Այբ»դպրոցում սովորող քույր-եղբայր, սահմանված է 6 000 ՀՀ դրամ վճար։
Հասցե։ Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան
Էլ.փոստ: [email protected]
Հեռախոս: +374 93 654598
Կայքեր: www.aybschool.am, www.ayb.am, www.foundation.ayb.am
«Այբ» տարրական դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ քայլի։
Գրանցվել և մասնակցել բաց դռների օրերի միջոցառումներին: Բաց դռների միջոցառումն իրականացվելու է առկա կամ առցանց՝ ZOOM հարթակի միջոցով։ Հանդիպմանն անհրաժեշտ է գրանցվել կայքում, որից հետո դիմորդների հետ կապ կհաստատվի մանրամասները ներկայացնելու համար։
Բաց դռներին մասնակցությունը բոլոր դիմորդների ծնողների համար պարտադիր է։ Դիմումը ներկայացրած, սակայն բաց դռների միջոցառմանը չմասնակցած ծնողների երեխաները չեն կարող մասնակցել ընդունելությանը:
Բաց դռների միջոցառումները միջինում տևում են մոտ 3 ժամ։
Ներկայացնել ընդունելության հայտը: Դիմորդների ծնողները դպրոցի կայքից լրացնում և ուղարկում են տարրական դպրոցի ընդունելության դիմումի ձևը: Էլեկտրոնային դիմումը լրացնելը պարտադիր է ընդունելության գործընթացին մասնակցելու համար։ Տպագիր դիմումը՝ ներքոնշյալ փաստաթղթերով, անհրաժեշտ կլինի ներկայացնել դպրոցի սահմանած ժամկետներում։
Առանց էլեկտրոնային դիմումի տպագիր դիմումը չի ընդունվում. առանց տպագիր դիմումի և կից փաստաթղթերի էլեկտրոնային դիմումն անվավեր է: Էլեկտրոնային դիմումները լրացվում և ուղարկվում են առցանց:
Դիմումների մեջ առկա է համապատասխան ուսումնական տարվա ուսման արժեքի, պայմանագրերի կնքման և վճարումների կատարման վերջնաժամկետների վերաբերյալ տեղեկույթ: Դիմումը ստորագրելով՝ դիմորդի օրինական ներկայացուցիչը հավաստում է, որ տեղյակ է այդ պայմաններին և համաձայն դրանց:
Դիմորդի ծնողը / օրինական ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում դիմումի ձևում ներկայացված ցանկացած տեղեկության ճշմարտացիության ու ճշգրտության համար: Դպրոցում ուսումնառության ժամանակ ցանկացած պահի, եթե պարզվի, որ դիմումի ձևում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, դպրոցը կարող է միակողմանի լուծել «Ուսումնառության մասին» պայմանագիրը և դադարեցնել աշակերտի ուսումը դպրոցում՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:
Մասնակցել ընդունելության 1-ին փուլին` դիմորդի հետ հանդիպում-դասերին: Հանդիպումներն իրականացվելու են առկա ձևաչափով՝ «Այբ» դպրոցում։ Մասնակցության մանրամասները ներկայացվում են դիմորդներին մինչ հանդիպում-դասերը։
Հանդիպումներին մասնակցում են բոլոր դիմորդները: Հանդիպումները չեն համարվում երեխայի գիտելիքների ստուգում և չեն կարող դիտարկվել որպես այդպիսին:
Հանդիպումների տևողությունը 3 օր է: Յուրաքանչյուր օրվա հանդիպման տևողությունը առավելագույնը 2 ժամ է: Դիմորդների հետ անցկացվում են հարցազրույցներ, տրվում են տրամաբանական թեստային հանձնարարություններ և խաղային առաջադրանքներ, որոնք բացահայտում են երեխայի ընդհանուր գիտելիքները, նրա տրամաբանելու կարողությունը և օգնում են պարզելու, թե երեխան ինչ փոխհարաբերություններ կարող է ունենալ իր հասակակիցների հետ: Հանդիպումները վարում են դասվարները, տարրական դպրոցի մանկավարժները և հոգեբանները: Հանդիպումների արդյունքում նրանք ներկայացնում են յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ ամփոփ տեղեկույթ՝ ըստ երեք օրերի: Ներկայացված արդյունքների հիման վրա ԸՀ-ն կողմնորոշվում է` արդյոք երեխան պատրաստ է հաճախել «Այբ» տարրական դպրոց, թե ոչ:
«Այբ» տարրական դպրոցի դիմորդների հետ հանդիպում-դասերի փուլին զուգահեռ դպրոցի տնօրենության անդամները ոչ պաշտոնական մթնոլորտում ծանոթություն և խմբային քննարկում են ունենում դիմորդների ծնողների հետ։ Այս քննարկումների նպատակն է ծանոթանալ «Այբ» դպրոցի տնօրենության անդամների հետ:
Քննարկումներին խիստ ցանկալի է բոլոր դիմորդների ծնողների ներկայությունը, սակայն պարտադիր պայման դրված չէ: Մասնակցությունը թողնվում է ծնողի հայեցողությանը։
Մասնակցել ընդունելության 2-րդ փուլին` դիմորդի ծնողների հետ զրույցին:
Այս փուլը նախատեսված է բոլոր դիմորդների ծնողների համար։
Մեկ զրույցի տևողությունը մինչև 30 րոպե է: Ծնող(ներ)ը զրույցին ներկայանում է(են) հստակ ժամանակացույցով, որի մասին նախօրոք հաղորդվում է էլ. նամակի միջոցով:
Զրույցին պետք է ներկա լինեն երկու ծնողները (եթե չկան բացակայության խիստ հիմնավոր պատճառներ):
Զրույցն անցկացնում են ընդունող հանձնաժողովի անդամները: Զրույցի ընթացքում նրանք ծանոթանում են ծնողների հետ, փորձում պարզել «Այբ» դպրոցն ընտրելու պատճառը, հասկանալ «Այբ» համայնքին ծնողների միանալու հնարավորությունը, ընդհանուր արժեհամակարգը և այլն: Սա պարզապես հանդիպում-զրույց է անմիջական ու անկաշկանդ միջավայրում:
Հաշվի առնելով ընդունելության երկու փուլերի արդյունքները՝ ընդունող հանձնաժողովը վերջնական որոշում է կայացնում երեխայի՝ դպրոցում սովորելու վերաբերյալ:
Ծնողների հետ զրույցները կարող են անցկացվել և՛ առկա, և՛ առցանց ձևաչափերով։
«Այբ» տարրական դպրոցի ընդունող հանձնաժողովը ձևավորվում է հոգաբարձության խորհրդի որոշման հիման վրա։ ԸՀ-ի անդամներ կարող են լինել դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ-ների անդամները, դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի բարերարների համայնքի ներկայացուցիչները և տնօրենության ներկայացուցիչները, «Այբ» դպրոցի ուսուցչական և մենտոր-շրջանավարտների համայնքների անդամները: