Ընդունելության քննությունների վերջնական ամփոփումից հետո հարցազրույցների փուլ անցած բոլոր դիմորդների համար կազմակերպվում են երկու տիպի հանդիպում-հարցազրույցներ մայիս ամսին: Հարցազրույցի առավելագույն միավորը 64-ն է: Դիմորդների ծնողներն այս հանդիպումներին ներկա չեն լինում:
Առաջին տիպի հանդիպումները՝ խաղ-վարժանքները, վարում են դպրոցի հոգեբանները. հնարավոր է նաև այլ մանկավարժների ներգրավում՝ դիտորդի կարգավիճակով: Այս խմբային հանդիպումներն անցկացվում են փոքր խմբերով: Հանդիպումների ընթացքում նախատեսված են խմբային խաղ-վարժանքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեղեկություններ հավաքել դիմորդների վերաբերյալ։ Խմբային խաղ-վարժանքների կշիռը հարցազրույցի ընդհանուր միավորում 30% է:
Երկրորդ տիպի հանդիպում-հարցազրույցները դիտարկում և գնահատում են ԸՀ-ի անդամները: Այս հանդիպում-հարցազրույցների կշիռը հարցազրույցի ընդհանուր միավորում 70% է: Այս փուլում ԸՀ-ի անդամները ծանոթանում են աշակերտի հետ, փորձում պարզել «Այբ» դպրոցում սովորելու նրա շահադրդումը (մոտիվացիան), ձգտումները կյանքում, տեսլականը:
Հարցազրույցի արդյունքները բողոքարկման ենթակա չեն։
Հիմնական և սպասման ցուցակների հրապարակում
Ըստ երեք քննությունների և հարցազրույցի փուլի արդյունքում հավաքված միավորների՝ ձևավորվում են ընդունված աշակերտների հիմնական և սպասման ցուցակները: ԸՀ-ն այս ցուցակները հաստատում է ընդհանուր քննարկման արդյունքում, երբ յուրաքանչյուր դիմորդի համար պարզ են լինում 3 քննությունների և հարցազրույցների վերջնական միավորները:
Ըստ այդմ, ԸՀ-ն սահմանում է որոշակի անցողիկ շեմ, որը կապված չէ եղած թափուր տեղերի քանակի հետ: Անցողիկ շեմը, հնարավոր է, հաղթահարեն ընդունելության կարգով նախատեսված առավելագույն թվից պակաս թվով աշակերտներ:
Ընդունող հանձնաժողովի՝ դպրոց ընդունելու վերաբերյալ վերջնական որոշումը հրապարակվում է դիմորդների և նրանց ծնողների համար անհատապես, էլփոստի միջոցով:
Ընդունվածների հիմնական ցուցակից բացի կարող է սահմանվել նաև սպասման ցուցակ, այն դեպքում, երբ համալրված են տվյալ ուսումնական տարվա համար նախատեսված բոլոր թափուր տեղերը: Սպասման ցուցակում կներառվեն այն աշակերտների անունները, ում միավորների տարբերությունն անցողիկ արդյունքների համեմատությամբ, ըստ ԸՀ-ի եզրակացության, չի խոչընդոտում աշակերտի ընդունվելուն։ Եթե հիմնական ցուցակում ներառված աշակերտները (այդ թվում՝ «Այբ» համակարգի այլ դպրոցներից ընդունվածները) ինչ-ինչ պատճառներով չկարողանան գալ «Այբ» ավագ դպրոց, ապա դպրոցի աշակերտ դառնալու հնարավորություն կընձեռվի սպասման ցուցակի երեխաներին:
Սպասման ցուցակի երեխաների թիվ նախապես չի սահմանվում: Չի բացառվում, որ սպասման ցուցակ ընդհանրապես չլինի: Սպասման ցուցակից աշակերտներն անցնում են հիմնական ցուցակ ըստ սպասման ցուցակում իրենց զբաղեցրած տեղի: Սպասման ցուցակում աշակերտները դասավորվում են ըստ միավորների նվազման կարգի:
Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում:
Ընդունող հանձնաժողովը ձևավորվում է «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման հիման վրա: ԸՀ-ի անդամներ կարող են լինել Դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ-ների անդամները, Դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի բարերարների համայնքի ներկայացուցիչները և տնօրենության ներկայացուցիչները, «Այբ» դպրոցի ուսուցչական և մենթոր-շրջանավարտների համայնքների անդամները:
ԸՀ-ի հիմնական գործառույթներն են`