Մյունխենից «Այբ». փոխանակման ծրագրի մասնակցի պատմությունը

Այս տարի «Այբ» դպրոցում հյուրընկալեցինք մեր հայրենակից Մաքսիմին, ով նախորդ 3 ամիսներն անցկացրեց «Այբ»-ում՝ 11-րդ դասարանցիների հետ։

Մաքսիմը 16 տարեկան է։ Նա ծնվել է Հայաստանում, սակայն 2017 թվականին տեղափոխվել է Գերմանիա։ Այժմ բնակվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում։

«Սովորաբար ամեն տարի գալիս եմ Հայաստան, տանը ընտանիքիս անդամների հետ խոսում եմ հայերեն, և ինչպես տեսնում ես, բավական լավ է ստացվում»,— ասում է Մաքսիմն իր մասին։

Մասնակցելով փոխանակման ծրագրին՝ Մաքսիմը հնարավորություն ստացավ 11-րդ դասարանի ուսումնական տարվա առաջին մի քանի ամիսն անցկացնել արտասահմանում, և իհարկե նա ընտրեց իր հայրենիքը՝ Հայաստանը։

— Իսկ ինչո՞ւ որոշեցիր գալ «Այբ» դպրոց,— հարց ուղղեցինք Մաքսիմին։

— Դպրոցի ընտրության հարցում մենք ազատ ենք եղել, իսկ «Այբ» դպրոցի մասին դեռ վաղուց գիտեի ու միայն լավն էի լսել։ Օգտվելով ինձ ընձեռված հնարավորությունից՝ որոշեցի գալ հենց «Այբ» ու անձամբ տեսնել և զգալ այդ ամենը,— պատասխանեց Մաքսիմը։

— Առաջին տպավորություն, ակնկալիքներ, զարմացնող փաստեր...

— Նախքան «Այբ» գալը գիտեի, որ դպրոցում պետք է սովորականից ավելի երկար մնանք, ու ինձ թվում էր, որ դժվար կլինի, — իր տպավորությունների մասին պատմում է Մաքսիմը։ — Սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ ընկավ իր տեղը։ «Այբ»-ում սովորելու ընթացքում ինձ անչափ դուր եկավ նախագծային ուսումնառությունը, որում ներգրավվածությունս անգամ պլանավորում եմ առցանց ձևաչափով շարունակել և աշխատել իմ թիմի՝ ստորիթելինգի ակումբի հետ. զրոյից ստեղծելու ենք ֆիլմ։ Չնայած նրան, որ չեմ մասնագիտանալու այս ոլորտում, ինձ միշտ հետաքրքրել են ֆիլմերն ու գրքերը։ Այս ամենից զատ, «Այբ»-ում ինձ դուր եկավ և միևնույն ժամանակ անսովոր թվաց աշակերտների և ուսուցիչների միջև շփումը,— շարունակում է Մաքսիմը։ Այստեղ ուսուցիչներին դիմում են անուններով, ինչը շատ լավ է։ Ասես այն կոտրում է աշակերտի և ուսուցչի միջև եղած թվացյալ պատը։

Մաքսիմը իր և «Այբ»-ի ուսուցիչների մասին իր տպավորությունները ևս կիսեց՝ նշելով, որ նրանք բոլորն էլ մեծ պատրաստակամությամբ օգնել են իրեն բոլոր դժվարությունները հաղթահարելու։

— Ի՞նչ տվեցին այս 3 ամիսները քեզ, — հերթական հարցն ենք տալիս Մաքսիմին։

— Պարբերաբար գալով Հայաստան՝ հիասթափված չեմ իհարկե, սակայն իմ մեջ կոտրվել են հայրենիքի հանդեպ տածած իդեալական գաղափարները, ինչը, կարծում եմ, լավ է, քանի որ դրա շնորհիվ ես կարողացել եմ ավելի խորությամբ ճանաչել հայրենիքս և ամուր կապ հաստատել նրա հետ։

Խոսելով հայրենիքի մասին՝ Մաքսիմը նաև խոսեց «Այբ»-ում դասավանդվող «ազգային պարեր» առարկայից.

— Երբ ես մի բան կարողանում եմ, ապա այն այլևս անհետաքրքիր է դառնում ինձ համար։ Սակայն այդպես չեղավ ազգային պարերի պարագայում, որոնք որոշեցի ուսումնասիրել «Այբ»-ում։ Կարծում եմ, որ պարն իր հերթին ամրապնդեց իմ և հայրենիքիս միջև կապը։ Հիմա՝ հայրենիքում անցկացրած 3 ամիսներից հետո, գիտեմ, որ նույնիսկ հարսանիքների ժամանակ կարող եմ պարել, խայտառակ չեմ լինի,— կատակում է Մաքսիմը։

Մհեր Ենգիբարյան
12-րդ դասարան

Tweets by AybSchool
>