#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ նաև երգով

Ռազմի դաշտում կարևորագույն գործոնը բարձր մարտական ոգին է, իսկ այն ապահովող միջոցներից մեկը տասնամյակներ շարունակ եղել և մնում է երգը, որը յուրահատուկ ոգևորություն և հաղթական հավատ է պարգևում հայ քաջարի մարտիկներին։ Դեռևս Արցախյան առաջին ազատամարտի տարիներից սկսած` չկար մի ջոկատ, որ երգ ու պարով, հաղթանակը գովերգելով` չգնար մարտի դաշտ՝ ամրագրելու մի նոր և է՛լ ավելի փառավոր հաջողություն։ Տասնամյակներ շարունակ գրվել և մինչև այժմ էլ գրվում են բազմաթիվ ռազմահայրենասիրական երգեր՝ ապահովելու կանգուն առաջնագծի և ամուր թիկունքի հաղթական տրամադրությունը։

Ստորև կներկայացնեմ դրանցից մի քանիսը։

Հայեր, միացե՛ք

Խորհրդային տարիներին ռազմահայրենասիրական երգերը գրեթե արգելված էին, սակայն 1988 թվականի շարժումը կարծես կոտրեց բոլոր արգելքները. հայրենասիրական նոր երգեր գրվեցին եւ ոգի տվեցին ազգային պայքարին: Առաջին երգը «Հայեր, միացեք»-ն էր, որը ոչ պաշտոնապես Արցախյան ազատամարտի օրհներգն է։ «Երբ շարժումը սկսվեց, ես ոգեշնչվեցի շարժման «Հայեր, միացեք» վանկարկումից, և ինձ թվում էր, թե դա երգ է: Ես Արտաշատում Ղարաբաղ կոմիտեի ակտիվ մասնակից էի, և մի օր մեր նիստի ժամանակ տղաներին ասացի, թե էնպիսի մի երգ եմ գրելու, որ ողջ հայությունը երգի, ծիծաղեցին»,- հիշում է երգի հեղինակ գուսան Հայկազունը։ Գուսան Հայկազունը հեղինակել է նաև «Գետաշեն», «Պիտի գնանք», «Պատերազմ եք գնում», «Շուշի» և այլ ռազմահայրենասիրական երգեր։

Ախպերս ու ես

Երգի հեղինակը Արցախյան ազատամարտի մասնակից գուսան Տոտիկն է՝ Աշոտ Բեգոյանը, որը երգը գրել է 1993 թվականին Ղարաբաղի Մարտունու շրջանում կատաղի մարտերից մեկից առաջ՝ Հակոբ Կամարի գյուղի ազատագրման ժամանակ: Հեղինակը երգը նվիրել է իր մարտակից ընկերներին՝ ազատամարտիկ երկու եղբայրների, որոնց հետ միասին, նույն ջոկատի՝ «Արծիվ 28»-ի կազմում, թշնամուն հետ շպրտելու համար կյանքի ու մահու պայքար էր մղում:

Վե՛ր կաց, եղբա՛յր իմ

Արմեն Մովսիսյանի այս երգն այն անբուժելի ցավի մասին է, որը զգում է կենաց-մահու պայքարում գտնվող մարտիկն իր զինակից ընկերոջը կորցնելիս։ Ցավը հաճախ ամոքում է վրեժը, սակայն երգում մարտիկը միայն մի բան է ուզում՝ «Վե՛ր կաց, եղբա՛յր իմ»։

Բարձրացրո՛ւ գլուխդ, զինվո՛ր,
Բա՛ց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է,
Քո անունը՝ մեր սրտերում։

Երազ իմ, երկիր հայրենի

Երգն առաջին անգամ հնչել է Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմում։ Գրվել է հատուկ այդ ֆիլմի համար։ Հեղինակը կոմպոզիտրը Ռոբերտ Ամիրխանյանն է։ Այս երգը մեծ ժողովրդականություն է վայելում և ունի բազմաթիվ կատարումներ։

Վերադարձ

Հախվերդյանական ծանր, բայց անսահման ճիշտ ու սիրուն երգ է «Վերադարձ»-ը, որ պատերազմի ամենադաժան ու հեղձուցիչ կողմի՝ սպասման ներկայացումն է։

Եվ այս խաղը պատերազմն է,

Որ խաղում են մեծ մարդիկ,

Իսկ խաղի վերջում քո ճիչն է,

Ես սպասում եմ քեզ, հայրի՛կ։

Իմ սեր, Արցախ

Երաժշտ․՝ Արթուր Գրիգորյանի

Խոսք՝ Վահան Անդրեասյանի

Արցախ աշխարհին ձոնված լավագույն երգերից մեկն է, նրա հավերժ կանգունությունը, լուռ ու ամուր հույսն ու անսահման սերը ցույց տվող և ապրեցնող՝ իր անսահման մեծ, ազդեցիկ ուժով։

Կյանք ու կռիվ

Իսկ Արթուր Գրիգորյանի հեղինակային այս երգը կարծում եմ ներկայացման կարիք չունի։ Պարզապես այն վայելենք, ապրենք ամեն բառն ու նոտան։

Ո՞ւր եք, տղաներ

Հանրահայտ ջազային երգչուհի Էլվինա Մակարյանի կատարմամբ այս երգը դժվար որևէ մեկին անտարբեր թողնի։ 1973 թվականին «Օստանկինոյում» կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում Էլվինան այս երգով արժանացավ գլխավոր մրցանակի։

Երաժշտության հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է, խոսքերինը՝ Արամայիս Սահակյանը։

Մարդիկ կան անթի՜վ հիմա,

Բայց չկա՜ն նրանք,

Որ մարդկանց համար

Կյա՛նք են զոհել թանկ:

Ամեն տեղ համբո՜ւյր ու սե՜ր

Եվ բախտ ու հույսեր,

Բայց ամենը այս

Դուք չե՜ք տեսնի էլ:

Ո՞ւր եք, տղաներ....

Հավերժ փառք ու խոնարհում ամենաբարձրում գտնվող մեր հերոսներին։

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ նաև երգելով:

Ավետիսյան Աիդա, 11-րդ դասարան

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>