Այբական 8-րդ խաղեր․ տոն, որ միավորում է համայնքը

Երկու տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցան երկար սպասված 8-րդ Այբական խաղերը։ Ավելորդ է ասել, որ այս համայնքային տոնին բոլորս սպասում էինք անհամբերությամբ։ Խաղերն այբական տանը համախմբել էին աշակերտներին, ուսուցիչներին ու աշխատակիցներին, շրջանավարտներին, ծնողներին ու բարերարներին։ Դպրոցը դռները բացել էր նաև այբեցիների ընտանիքի անդամների, ընկերների համար։ Այս յուրահատուկ օրվա ջերմ մթնոլորտը ներկայացնելու համար մենք դիմեցինք մեր սիրելի «Այբ» համայնքի ներկայացուցիչներին։ Ահա՛ թե նրանք ինչ ունեին ասելու։

Այբական խաղերին դպրոցը կարոտած շրջանավարտների պակաս չկար, և նրանցից մեկը 10-րդ սերնդի շրջանավարտ Հակոբ Պետրոսյանն էր։ Լինելով նոր շրջանավարտ՝ նա հնարավորություն չէր ունեցել մասնակցելու Այբական խաղերին վերջին երկու տարիներին․ «Երկու տարի կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով Այբական խաղերը չկայացան, ու զգացվում էր այս տոնի պակասը։ Ուրախ եմ, որ հիմա արդեն կարող ենք լիարժեք վայելել Այբական խաղերը»։

Հայոց պատմության մեր սիրելի ուսուցչուհին՝ Անի Թովմասյանը, ևս առաջին անգամ մասնակցեց Այբական խաղերին․ «Շատ հիանալի, գունավոր միջավայր է։ Իմ աշակերտական տարիներին այսպիսի բան չի եղել, պատիվ ունեմ վայելելու որպես ուսուցիչ»։

Աշխարհագրության մեր ոչ պակաս սիրելի ուսուցիչ Վահրամ Սարգսյանն էլ Այբական խաղերի մասին ասաց հետևյալը․ « Այս միջոցառումը այբական տարբեր տարիների աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին միավորելու հետաքրքիր ձևաչափ է»։

Այբական խաղերի օրակարգը հագեցած էր. յուրաքանչյուրն ուներ հնարավորություն իր նախասիրությանը համապատասխան զբաղմունք գտնելու։ Օրը սկսվեց «Այբ» համայնքի նոր անդամների խոստման արարողությամբ։ Տերունական աղոթքը կատարեց «Այբ»-ի երգչախումբը, և դրան հաջորդեց դրոշի արարողությունը։ Ապա մեկնարկեցին ընկերական խաղերը։ Կայացան ֆուտբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, շախմատի ընկերական հադիպումներ։ Այբեցիները նաև բացառիկ հնարավորություն ունեցան միաժամանակյա շախմատի սեանս անցկացնելու աշխարհի և Հայաստանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանի հետ։

Փոքրիկ այբեցիների ու նրանց ծնողների համար կազմակերպվել էր ուրախ սպորտլանդիա։

Արվեստասեր այբեցիները հավաքվել էին բաց գրադարանի հատվածում միասին այբական մեծ կոլաժ պատրաստելու, իսկ դպրոցի բակում տեղի էր ունենում ավագ դպրոցի աշակերտների ճեպանկարների ցուցահանդեսը՝ «Երևանն իմ աչքերով»։

Դպրոցի ավագ հոգեբան Սոլանժ Թամամյանը անցկացրեց սեմինար «Հույզերի կառավարում» խորագրով, իսկ «Այբ» կրթական հիմնադրամը ներկայացրեց «Այբարար» ամսական նվիրատվությունների համակարգը։

Դպրոցի բակում տեղադրված Հայոց այբուբենի հուշաքարի և ավանդական հարիսայի օրհնության կարգեր կատարեց դպրոցի հոգևոր հովիվ տեր Աշոտը։ Էլ ի՞նչ այբական տոն առանց ազգային պարի․ «Այբ»-ի աշակերտները և տարբեր տարիների շրջանավարտների սերունդները օրն ամփոփեցին գեղեցիկ շուրջպարով ու յարխուշտայով։

Աննա Քեշիշյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>