«Ռոբոտաշինություն» կամ «ռոբոտիքս» ՝նախագիծ, որտեղ մեր առաջ դրված են տարբեր խնդիրներ, որոնց տալիս ենք հետաքրքիր լուծումներ: Նախագծի ընթացքում պատրաստում ենք ռոբոտներ․ սկսում ենք եռաչափ մոդելավորումից, ապա ծրագիր ենք գրում, կառուցում էլեկտրոնիկան, վերջում՝ եռաչափ մոդելը տեղափոխում մեր իրականություն:
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբը բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, որտեղ աշակերտների պատրաստած ռոբոտները ստացել են տարբեր մրցանակներ՝ լավագույն նորարարական լուծումների համար:
Ակումբն իր ռոբոտների հավաքածուն նախատեսում է համալրել։ Աշակերտները սարքում են 4 յուրահատուկ ռոբոտ: Երկուսը ինքնակառավարվող մեքենաներ են լինելու, մյուս երկուսը՝ կործանիչ: Ինքնակառավարվող ռոբոտը բարդ ծրագրավորում պահանջող մեքենա է, որը պետք է ինքնուրույն կարողանա անցնել իրեն տրված ցանկացած ճանապարհ՝ օգտագործելով GPS: Կործանիչ ռոբոտը, որը կառավարվում է մեր կողմից, պետք է կարողանա հակառակորդ ռոբոտին կործանել և արդյունքում մնալ համեմատաբար քիչ վնասված:
Նախքան սկսելը ռոբոտ մոդելավորել մենք պետք է սովորեինք ռոբոտաշինության մեջ հաճախ կիրառվող ծրագրավորման լեզու: Այն գրեթե բոլորիս անծանոթ էր, և լավ արդյունքներ գրանցելու համար մոտ 4 ամիս անդադար բարելավում էինք մեր նոր հմտությունները և, իհարկե, շարունակում ենք բարելավել, սակայն յուրաքանչյուրս՝ արդեն անհատապես: Ծրագրավորման լեզուն յուրացնելուց հետո մեզ սպասում էր մի նոր փորձություն՝ եռաչափ մոդելավորում: Մտքում մենք բոլորս ունեինք մեր նախնական ռոբոտի պատկերը, սակայն հարկավոր էր այն անցկացնել համակարգիչ՝ հետագա աշխատանքը հեշտացնելու համար:
Արդեն խմբերն ունեն իրենց կատարյալ եռաչափ մոդելները․ անհամբեր սպասում ենք իրական ռոբոտների «ծնվելուն»:
Սվետլանա Ալավերդյան, 11-րդ դասարան
Կիսվել