[Մասնագիտական կողմնորոշում] Հանդիպում օրթոպեդ Արթուր Գալանտերյանի հետ

Ի՞նչն է միավորում տեխնիկան ու կենդանի նյութերը: Թվում է՝ այդքան անհամատեղելի երկու բան չեն կարող որևէ ընդհանրություն ունենալ: Սակայն այժմ մեծ արագությամբ զարգանում է բիոինժեներիա ոլորտը, որն օգնում է ժամանակին անհնարին թվացող բուժման եղանակներ գտնել տեխնիկայի միջոցով:

Հյուրընկալեցինք «Լույս Բարրի» (Luys Barry) ընկերության օրթոպեդիկ սարքավորումների և արտադրանքի առաջատար մասնագետ Արթուր Գալանտերյանին: Նախնական ինժեներական կրթություն ստանալուց հետո նա արդեն 30 տարի զբաղվում է օրթեզավորմամբ և պրոթեզավորմամբ։ Նրա մասնագիտական կյանքի ամենահուզիչ դրվագը Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկված 68 երեխաների պրոթեզավորումն է, որոնցից ամենափոքրն ընդամենը 1 տարեկան էր:

Մեր քննարկումը սկսեցինք հենաշարժիչ համակարգից, քանի որ «մարդը առանց կմախքի ոչինչ է». մկաններն ու կմախքն են ընկած մեր կատարած ցանկացած գործողության հիմքում: Պատկերացնո՞ւմ եք՝ նորածնի օրգանիզմում կա 47 ոսկոր, մինչդեռ հասուն մարդու ոսկորների թիվը հասնում է 206-ի: Այսինքն՝ մարդու օրգանիզմի աճի ընթացքում աճառային կառույցների մի մասը վերածվում է ոսկրայինի, որը շատ կարևոր դեր ունի մեր հենաշարժիչ համակարգի աշխատանքում:

Տեխնիկական օրթոպեդիան բժշկության հենց այն ոլորտն է, որն օգտագործում է արտաքին ապարատներ և ֆիքսատորներ՝ հենաշարժիչ համակարգի խախտմամբ պայմանավորված հիվանդությունների բուժման համար: Այն բաժանվում է երկու հիմնական ուղղությունների՝ օրթեզավորում և պրոթեզավորում: Օրթեզավորումը ուսումնասիրում և բուժում է այն վերջույթները, որոնք առկա են, իսկ պրոթեզավորումը՝ որոնք չկան:

«Օրթեզավորում» բառն ունի հունական ծագում և նշանակում է ուղղում: Հենաշարժիչ համակարգի խնդիրների առաջացման պատճառները բազմազան են՝ ժառանգական-գենետիկ գործոն, վերջույթների աուտոիմունային ախտահարում, նյութափոխանակության խանգարում, նստակյաց ապրելակերպ, մարմինը մի դիրքում երկար ժամանակ պահելը, վնասվածքներ, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն (ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, նույնիսկ մարզումները) և կենտրոնական նյարդային համակարգի խանգարում:

Երբևէ հետևե՞լ եք մարդկանց քայլքին: Նկատե՞լ եք, որ մարդկանց 70-80%-ը այս կամ այն աստիճանի հարթաթաթություն ունի, իսկ մոտ 10%ը՝ վալգուսային ոտնաթաթ: Հարթաթաթության համար օգտագործվում են սուպինատորներ, որոնք, չնայած իրենց փոքր չափերին, օգնում են ոտքը ճիշտ դիրքով դնելու և ստեղծում ուժի վեկտոր, որը հավասարապես բաշխում է մեջքի ծանրությունը ոտքի և ոտքի թաթի վրա: Կան ավելի քիչ հանդիպող, բայց ոչ պակաս ուշադրության արժանի հիվանդություններ, օրինակ՝ «աքլորի քայլվածքը», որի ժամանակ հիվանդը շատ է բարձրացնում մի ոտքը կամ քարշ տալիս հատակով: Այս հիվանդությունը ևս բուժվում է հատուկ նախատեսված օրթեզների մեկ այլ տեսակի միջոցով: Յուրաքանչյուր օրթոպեդիկ սարք պատրաստվում է անհատական պատվերով՝ կոնկրետ հիվանդի համար:

«Շատ հիվանդություններ կան, որոնք դուք չեք տեսնում և չեք նկատում, թե որքան տարածված են», - նշում է Արթուր Գալանտերյանը, - «քանի որ հենաշարժիչ համակարգի խաթարումներով պայմանավորված հիվանդության տեր մարդիկ հիմնականում տանն են գտնվում»: Եվ իրո՛ք, հիվանդությունների մեծ մասի մասին առաջին անգամ էինք լսում, չնայած որ դրանք բավականին տարածված են:

Մանկական ուղեղային կաթվածն այդպիսի լուրջ հիվանդություններից մեկն է, որը հաճախ է հանդիպում այն երկրներում, որտեղ կան թերսնման խնդիր, վատ զարգացած մանկաբարձություն, շրջակա միջավայրի աղտոտվածություն, որոնք հանգեցնում են երեխաների մարմնի կաթվածի: Այն կարող է լինել տարբեր աստիճանների՝ մի ոտքի կամ երկու ոտքի վնասվածք կամ էլ ոտքերի ու ձեռքերի վնասվածք: Այս երեխաները հիմնականում գտնվում են վերականգնողական կենտրոններում: Օրթոպեդիկ բիոինժեներիան օգնում է պատրաստելու այնպիսի օրթեզներ, որոնք հնարավորություն կտան այս երեխաներին վայելելու այն բոլոր «արտոնությունները», որոնք մենք ունենք, սակայն հազվադեպ ենք գնահատում:

Արթուրը շարունակեց ներկայացնել օրթեզների մի քանի տարածված տեսակներ՝ սկսած ոտնաթաթից մինչև ծունկն ընդգրկող օրթեզից, վզի ֆիքսատորներից, վերջացրած գրեթե ամբողջ մարմինը պատող, մանրակրկիտ պատրաստված սարքերով, որոնք ուղղակի հրաշքներ են կատարում:

Նույնպիսի հրաշքներ են կատարում պրոթեզները՝ թույլ տալով որոշակի չափով վերականգնել կորսված վերջույթների կատարած գործառույթները: Ժամանակակից պրոթեզների շարքից են էկզոսկիլետալ պրոթեզները, որոնք ներքին կառուցվածք չունեն և վերջույթի արտաքին տեսքն են տալիս, և էնդոսկիլետալ պրոթեզները, որոնք կազմված են որոշակի բաժիններից: Եվ, իհարկե, որքան էլ զարմանալի թվա, այս շարքից են նաև սպորտային պրոթեզները, որոնց օգնությամբ մարզիկները մի շարք օլիմպիական ռեկորդներ են սահմանել:

Ըստ Արթուրի՝ այս մասնագիտության հիմքում ընկած է կարեկցանքը և ապրումակցումը. «Չեք կարող պատկերացնել այն զգացումը, երբ երեխան գալիս է քեզ մոտ, չի կարողանում նստել, վիզը ծուռ է, մեջքն ուղիղ չէ, իսկ հետո ձեր պատրաստած սարքի շնորհիվ նրա աչքերում փայլ է հայտնվում: Դա է բարիքը»:

Նանե Ենգիբարյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>