Ինքնամեկուսացման թերություններն ու առավելությունները

Դեռևս հունվար ամսին էր, որ ընկերուհուս հետ նայում էինք «Five Feet Apart» ֆիլմը։ Անկեղծ ասած՝ առաջին անգամ էի ծանոթանում սոցիալական հեռավորության գաղափարին․ ֆիլմում գլխավոր հերոսներն ունեին «ցիստիկ ֆիբրոզ» կոչվող շնչառական հիվանդությունը ու պետք է միմյանցից 5 ոտնաչափ հեռավորություն պահեին․․․

Պահանջվեց ընդամենը 2 ամիս, որ կորոնավիրուսը «ցույց տա» բոլորին ՑՖ ունեցող հիվանդների հոգնությունները։ Մարտի 13-ից կյանքը փոխվեց․․․ Երևի լավն այն էր, որ այս փորձառությունը համաշխարհային էր, համատարած․ «Ընկերովի մահը հարսանիք է․․․»։ Բայց վիրուսը մեզ հեռացրել էր մեր ընկերներից․ ինքնամեկուսանալ էր պետք։

Ես ամեն օր հետևում էի աշխարհի նորություններին, կարդում էի ամսագրեր, հոդվածներ պաշտոնական էջերից։ Շատերը նկարներ էին հրապարակում՝ ծաղրելով անպատասխանատու մարդկանց գիտակցության ցածր մակարդակը․․․ Շատ ընտանիքներ այդպես էլ չմիավորվեցին․․․ Շատ զավակներ կորցրին իրենց ծնողներին․․․ Շատ երազանքներ հայտնվեցին անիրականացման արահետում՝ կորցնելով իրենց տերերին․․․ Իսկ ես․․․ Ես աճել եմ այս ընթացքում։ Փորձել եմ օգտագործել ժամանակս՝ հանրօգուտ գործունեություն ծավալելու համար։ Բայց չեմ կարող միանշանակորեն ասել, որ վիրուսն ուներ խիստ դրական կամ բացասական կողմեր ինձ համար․ ժամանակ առ ժամանակ գերիշխում էր կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։

Երևի սկսենք «անբախտ հպարտ» որակավորումից։ Մինչդեռ ընկերներիս ընտանիքներում միասնության ցնծություն էր տիրում, իմ ընտանիքի բոլոր անդամներն աշխատում էին ամեն օր՝ փորձելով օգնել մեր պետությանը «արտակարգ դրությունից արտակարգ ելք» ունենալու համար։ Երևի թե հասկացաք՝ ինչու «անբախտ հպարտ»․․․ Ուստի, տեսնելով քրոջս ու ծնողներիս ծանր աշխատանքը, ես նույնպես ցանկացա իմ փոքրիկ ներդրումն ունենալ այս իրավիճակում՝ միաժամանակ փորձելով ինքնաբացահայտվել։

Մարտ ամիսն էր, ու ես շատ ծանր էի տանում աշխարհում կատարվող բոլոր իրադարձությունները․ չեմ կարող ասել, որ արագ հարմարվող եմ․․․ Ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ու հասկացանք, որ իրավիճակը երկուսիս վրա էլ վատ է ազդում․

-Մի բան պիտի անենք, Ալիս։

-Բա արի՛ անենք, Գայ։

Ու արեցինք։ Երկուսս էլ լավ գիտակցում էինք, որ վախի ու շփոթմունքի միջավայրում հիվանդանոցների կապը շատ վատն է քաղաքացիների զանգերի ծանրաբեռնվածության պատճառով։ Մենք որոշեցինք թիմ հավաքել ու ստեղծել մի ծրագիր, որը կկանխորոշի տվյալ անձի վարակված լինելու հավանականությունը՝ մի քանի հարցերի պատասխաններից ելնելով։ Այսինքն՝ հիվանդանոց զանգելու անհրաժեշտություն այլևս չէր լինի։ Բայց արի ու տես, որ փորձառու մասնագետները մեզանից առաջ ընկան ու ստեղծեցին այդ ծրագիրը։ Բայց դե մենք հո հանձնվո՞ղ չենք․

-Խաղ կպատրաստենք։

-Էջմիածնի դեպքերն էլ՝ մեզ նախապատմություն։

Հաջորդ օրն արդեն թիմը հավաքել էինք ու անցանք գործի։ Ի տարբերություն իմ մյուս ընկերների՝ ինձ համար ամեն ինչ մի քիչ բարդ էր։ Մինչև 16:25 դասի էի, հետո միանգամից թիմային հանդիպումների՝ խաղի համար, իսկ ավելի ուշ այբեցիներով հավաքվում էինք ու պատրաստվում ԱԲ-ի քննություններին։ Գրաֆիկս անտանելի էր․․․ Բայց դե ունեինք մեկ ընդհանուր նպատակ, ու ես չէի պատրաստվում հուսախաբ անել ընկերներիս։

Ընդամենը մի քանի ամիս անց խաղի առաջին մասը պատրաստ է։ Նախատեսում ենք մյուս 3 մասերը թողարկել մինչև 2021 թվականը։

Իսկ մինչ այդ ես, շատ հավանելով իմ թիմը, որոշեցի նոր նախագիծ սկսել։ Անունը դրեցինք սաTurn` որպես «մեր հերթը»: Փոփոխություններ անելու ժամանակը մերն էր։ Ո՞վ ասաց, որ այն երկրում, որը տեսել է Թավշյա հեղափոխություն, կրթական հեղաշրջում չի կարող լինել։

Մոռացա նշել, որ սկսել եմ պատմվածքներ գրել ու նաև երգեր եմ գրում, ինչպես և «հին ու բարի ժամանակներում»։ Մասնակցում եմ տարբեր դասընթացների ու առցանց հանդիպումների։ Կամավորական աշխատանքն էլ՝ անպակաս․․․ Դպրոցի երաժշտախմբի փոդքաստները ևս առօրյաս լցնելու ու բովանդակալից դարձնելու մեկ այլ մեծ հաջողություն էին։ Նշեմ նաև, որ ձեռք եմ բերել սոցիալական շատ մեծ կապիտալ՝ ունեմ նոր ընկերներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից։ Ուստի նախագծերի պակաս չի լինի ։)

Ճիշտ է՝ հարազատներիս նկատմամբ կարոտը, տեսողությանս կտրուկ անկումը, արշավների ու ձիարշավարան գնալու նախնական պլաններիս տապալումն ու կորոնավիրուսի ծանր հետևանքները միտում ունեին տրամադրությունս կտրուկ գցելու, բայց ես ավելի քան ուժեղ եմ հիմա, պատրաստ նոր մարտահրավերների, որովհետև գիտեմ, որ անհնարին ոչինչ չկա, ու քանի դեռ ողջ եմ, անելու եմ փոփոխություններ, ծառայելու եմ երկրիս ու այն դարձնելու ավելի լավը, ինչպես և իմ ընտանիքն է դա անում․․․

Գայանե Այդինյան 114 դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>