Լևոն Օգանեզով․ «Ուսուցչություն հենց աշակերտներիցս եմ սովորել»

Դաշնակահար, կոմպոզիտոր, դերասան, հաղորդավար, հումորիստ. թվում է՝ նա ամեն ինչ կարողանում է։ Պարզապես Լևոն Օգանեզով՝ մարդ-նվագախումբ, մարդ-լեգենդ․ հենց նրան էինք հյուրընկալել «Այբ» դպրոցում։

Մինչև վերջին դասի վերջին րոպեները կավարտվեին ու աշակերտները կհավաքվեին «Հայաստան» դահլիճում, նա արդեն այնտեղ էր, դաշնամուրն էր փորձում։ Դպրոցում հասցրել էր շրջել, ծանոթանալ այբական առօրյային։ Հիմա իրական ծանոթության ժամանակն էր։ Ժպտուն, եռանդով ու անսահման կյանքով լի մոտ 80-ամյա Մաեստրոն նախ ներողամիտ նշեց՝ հայերեն հասկանում է, բայց չի խոսում․ «Ծնողներիս համարյա տանը չէի տեսնում, որ հայերեն խոսք լսեի, անընդհատ սովորում էի երաժշտարվեստ»։

Սովորելու և սովորեցնելու մասին Լևոն Օգանեզովը, որ նաև վաստակավոր ուսուցիչ է, ասում է՝ ուսուցչություն հենց իր աշակերտներից է սովորել և շարունակում է սովորել։ Իսկ երաժշտությունն ամենաբարդն է դասավանդել։ «Երաժշտական բարձրագույն կրթությունը պայմանական է, կարևորը երաժշտությունը հասկանալն է։ Երաժշտությունը լեզու է։ Հիմա մենք կորցրել ենք հասկացող հանդիսատեսի։ Ճիշտ է՝ մարդիկ գալիս են համերգների, բայց քչերն են հասկանում, թե ինչ է կատարվում բեմին։ Ու թե մեր հայերին Մոսկվայում լսես, ամեն երկրորդի աղջիկը կոնսերվատորիան է ավարտել։ Շա՜տ երաժշտական ազգ ենք, ախր։ Երևի թե մեր մոտ՝ Հայաստանում, նախ երաժշտությունն է ծնվել, հետո՝ մարդը», — ասում է Մաեստրոն։ Կարևորը լսելն է, անընդհատ լսելը ու փորձելը հասկանալ։ Օգանեզովը հավատացնում է. երբ սկսեք սովորել լսել երաժշտությունը, կհասկանաք տրամաբանությունը, միտքը։

Ջազմեն Օգանեզովն է շարունակում․ «Առաջ կարծում էին՝ ջազն անպետք բան է։ Չէ՛, ջազը շատ էլ ճիշտ բան է։ Ջազի մարդիկ բոլորովին ուրիշ կատեգորիայի են պատկանում։ Ջազը հասկանալը հավասար է դասականից գլուխ հանելուն։ Առհասարակ, մի խելոք մարդ ասել է՝ ցանկացած արվեստ լավ է, եթե միայն ձանձրալի չէ»։ Լևոն Օգանեզով արտիստի հետ ձանձրանալն անհնար է։ Իզուր չէ, որ նրան կոչում են «ամենահումորով կոմպոզիտոր ու ամենաերաժշտական հումորիստ»։ Իր մասնագիտության մասին էլ կեսկատակ ավելացնում է․ «Բեմի մարդիկ սպասարկման ոլորտում են աշխատում։ Ես դրանից չեմ նեղվում, նրանք ինձ են էներգիա տալիս, ես՝ նրանց, դրա հետ մեկտեղ ես վարձատրվում եմ»։ Օգանեզով հումորիստն էլ հանդիսատեսի խնդրանքով կատակում է երաժշտության լեզվով։

Հանդիպման ամենահիշվող պահը մաեստրոյի փոքրիկ վարպետության դասն էր։ Ռոյալին համարձակներն են մոտենում։ Գուրգենին ու Արշակին լսում է, սխալներն ուղղում, և տղաներն իմպրովիզի վարպետի հետ անգամ փորձում են իրենց հարմոնիան դուրս բերել։ «Հարմոնիան չես հորինի, այն քո գլխում է, հարկավոր է պարզապես զգալ ու թույլ տալ դուրս հորդել, տղաս», — կողքին նստած Գուրգենին հուշում է Լևոն Օգանեզովը։ Ջազային իմպրովիզի փորձին գեղեցիկ երգեցողությամբ միանում է «Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը։

Հրաժեշտի փոխարեն Լևոն Օգանեզովն «Այբ» դպրոցին «մնաս բարով» ասաց։ Խոստացավ, որ տարվա մեջ գոնե երկու անգամ կայցելի դպրոց։

Tweets by AybSchool
>