Նախագծային ուսումնառություն․ 2018-2019

2018-2019 ուսումնական տարում «Այբ» ավագ դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում գործում է 9 ակումբ։

Այս տարվա թեմատիկ ակումբների գործունեությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումներով՝

Ռոքեստր ակումբ

Նախագիծ․ Լռության հնչյունները

Անհնար է պատկերացնել կյանքն առանց երաժշտության։ «Այբ» դպրոցի «Ռոքեստր» ակումբի սաները պատրաստեցին համերգային ծրագիր, որի ընթացքում ներկայացրին երաժշտական տարբեր ոճերի զարգացումը վաղ միջնադարից մինչև մեր օրեր: Երգացանկը կազմվել է տվյալ ժամանակաշրջանի գաղափարական և գեղագիտական միտումներն արտահայտող ստեղծագործություններից: Բացի քիչ թե շատ հանրահայտ ստեղծագործություններից՝ նրանք ներկայացրին համերգի լեյտմոտիվ-մեղեդի, որը պարբերաբար հայտնվել է խմբի անդամների հեղինակային մշակումներով՝ տարբեր ոճերում, տարբեր գործիքավորումներով և տարբեր ժամանակաշրջաններին հատուկ գեղարվեստական հնարքների օգտագործմամբ:

Նախագծի արդյունքում համերգային ծրագիրը նկարահանվեց պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից, և հետագայում ծրագիրը կտարածվի առցանց հարթակում։

Նախագծի մասնակիցները՝ Տաթև Շահնազարյան, Նանե Գրիգորյան, Արման Մնացականյան, Վիլեն Կարապետյան, Դանիել Մարգարյան, Հայկ Մարդանյան, Վիկտորյա Ներսիսյան, Ալիսա Փախչանյան, Տաթևիկ Գալստյան, Մերի Դանիելյան, Սամվել Ղուշչյան, Շուշան Դավեյան
​​​​
Ղեկավար՝ Վահագն Պապայան

Ինժեներական ակումբ

Նախագիծ. Դեպի աստղեր/ Ad Astra

Ո՞վ չի երազում հասնել աստղերին։ «Այբ» դպրոցի ինժեներական ակումբի այս տարվա հավակնոտ նախագծի նպատակը թռչող սարք պատրաստելն էր, որը, բարձրանալով երկրի մակերևույթից 35-40 կմ, կնկարահաներ ամբողջ թռիչքի ընթացքը և վայրէջքը։

Նախագծի արդյունքը թույլ է տալիս ստանալ հետաքրքիր պատկերներ երկնքից և փորձարկել շատ ցածր ջերմաստիճաններում աշխատող տեխնիկայի հանգույցներ։

​​​​​​Ղեկավար՝ Վազգեն Գաբրիելյան

Film Factory. ֆիլմարտադրության ակումբ

Թաքնված գանձերի հետքերով

Ֆիլմարտադրության ակումբի նպատակը ֆիլﬕ ﬕջոցով հայկական մշակույթի գանձերի բացահայտումը, վերհանումը և հանրահռչակուﬓ է։ Նախագիծը ﬕտված է կրթելու դպրոցականներին՝ ճանաչելու ժողովրդական արվեստները, ծանոթանալու հայկական ավանդույթներին ու սովորույթներին։ Աշակերտները նախագծի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն արտահայտում են ֆիլﬔրի և հարցազրույցների ﬕջոցով։

Դասընթացի շրջանակում ֆիլﬔր են պատրաստվել Սբ Կաթողիկե եկեղեցու, վիշապի նշանակության և մետաղադրամների մասին։ Գործունեության արդյունքում ակումբը նաև երկու ցուցահանդես է պատրաստել՝ Մարաշի ասեղնագործության, պազիրիկ գորգի, չարխափան իրերի և թաքնված գանձերի քարտեզի թեմաներով։

Ղեկավարներ՝ Արուսյակ Զախարյան, Նարեկ Աշուղաթոյան

Ակումբի նախորդ տարվա գործունեությանը ծանոթացեք այստեղ։

«Տեխնոշարժ» ծրագրավորման ակումբ

Նախագիծ՝ ReProgramming

Նկարագրություն՝ Ծրագրավորումն է մարդկության ապագայի լեզուն։ «Այբ» դպրոցում ծրագրավորման լեզուներին սկսում են ծանոթանալ վաղ տարիքից, իսկ ReProgramming-ը ծրագրավորման և hacking-ի մրցույթների կայք-հարթակ է, որտեղ տարբեր դպրոցներից աշակերտները հնարավորություն կունենան մրցել միմյանց հետ անանուն կերպով կամ ներկայացնելով իրենց դպրոցը։ Մրցույթները լինելու են և՛ թիմային, և՛ անհատական։

Նախագծից ակնկալվող արդյունքները՝ աշակերտները սեփական ձեռքերով կստեղծեն կայք, որ կօգտագործվի իրենց և հասակակիցների կողմից։

Ղեկավար՝ Հայկ Հայրապետյան

Ակումբի նախորդ տարվա գործունեությանը ծանոթացեք այստեղ։

«Արվեստանոց» ակումբ

Նախագիծ․ «Տեսողական պոեզիա»

Նկարագրություն․ Ինչ անել, որ երիտասարդները (և ոչ միայն) սկսեն կարդալ հայ ժամանակակից պոեզիան և սիրեն ընթերցանությունը․ հենց այս հարցն էր իր առջև դրել «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբը։ Թիմը խնդիր էր դրել տարածել և հանրահռչակել հայ ժամանակակից բանաստեղծությունները: Ակումբի անդամները ստեղծեցին հետաքրքիր ու յուրահատուկ նկարազարդումներ ընտրված ժամանակակից բանաստեղծների լավագույն ստեղծագործությունների համար:

«Այբ»-ի աշակերտների իրականացրած նախագծի արդյունքում ստեղծվեց պատկերագիրք, որը հայ ժամանակակից պոեզիայի յուրահատուկ տեսողականացում է։ Գրքի շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում գրքի բանաստեղծությունների հեղինակների հետ։

Ղեկավար՝ Մարի Ադամյան

«Ֆ8» լուսանկարչական ակումբ

Հայուհի

Նախագծի շրջանակում F8-ի անդամներն ուսումնասիրել են Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության հանդեպ երիտասարդության վերաբերմունքը: Ստեղծել են այն մարդկանց ֆոտոպատմություններ, որոնք ձգտում են կոտրել հայկական իրականության մեջ եղած կարծրատիպերը:

Նախագծի արդյունքում տեղի ունեցավ ցուցահանդես, և ցուցահանդեսին զուգահեռ անցկացվեց թեմայի շուրջ բանավեճ՝ հրավիրված հյուրերի մասնակցությամբ։

Թատրոն ուրվական

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի դռները չեն բացվել 2012 թվականից։ Շենքը ծայրահեղ վթարային վիճակում է։ Ստեփանակերտի դրամատիկականի թատերախումբը շարունակում է ներկայացումներ բեմադրել Երիտասարդական պալատի՝ թատերական ոչ մի հարմարություն չունեցող բեմում։ Այբեցիներն այցելել են Արցախի երբեմնի հպարտությունը համարվող թատրոն, որի տպավորիչ անցյալի, անմխիթար ներկայի և անորոշ ապագայի մասին պատմում են ֆոտոպատմությունների միջոցով։

Նախագծի արդյունքում կազմակերպվեց թատրոնի թեմային նվիրված ցուցահանդես, ինչպես նաև տեղի ունեցավ քննարկում թատրոնի խնդրով հետաքրքրված անձանց միջև։

Street Art

Ովքե՞ր են փողոցներում «խզբզող» մարդիկ։ Փողոցային արվեստն արվե՞ստ է, թե՞ վանդալիզմ։ Նախագծի մասնակիցներն առաջարկում են ծանոթանալ ժամանակակից արվեստի այս ճյուղին։ Նախագծի արդյունքում «Այբ»-ի աշակերտների պատրաստած վիդեոինստալացիան ցուցադրվեց կազմակերպված միջոցառման ամբողջ երեկոյի ընթացքում, և այցելուները դրա միջոցով կարողացան տեսնել հայաստանցի և արտասահմանցի ստրիտ-արտիստների աշխատանքները։

Mobistudio ակումբ

«4+1» նախագիծ

Հիշենք և մեծարենք մեր մեծերին։ «Մոբի ստուդիոյի» աշակերտները հարգանքի յուրօրինակ տուրք մատուցեցին 5 հայ մեծանուն գործչի` Ավետիք Իսահակյանին, Մհեր Մկրտչյանին, Հովհաննես Շիրազին և Ասլամազյան քույրերին։ Նրանց թանգարաններում պահվում են լուսանկարներ, որոնք հիմնականում անմխիթար վիճակում են, առանց հատուկ պահպանման պայմանների:

Նախագծի արդյունքում այբեցիները, այս թանգարանների և այլ աղբյուրներից օգտվելով, ստեղծեցին թվային պատկերասրահ-ալբոմ ու նվիրեցին թանգարաններին, ինչպես նաև արված նկարներով ստեղծեցին մեկական մեծ խճապատկեր՝ յուրաքանչյուրի համար։

Ղեկավար՝ Էրիկ Անթառանյան

Կանաչ քիմիա ակումբ

Կենսապլաստիկներն ընդդեմ աղտոտ­վածության (BAP)

Նախագծի նպատակը շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի էկոլոգիապես մաքուր փոխարինողներ ստանալն է՝ քիմիայի գիտելիքների կիրառմամբ։ Աշակերտները հետազոտել են և առաջարկել թերմոպլաստիկ օսլայի հումքով ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ` նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկների փոխարեն։

Այս նախագծով «Կանաչ քիմիա» ակումբն արդեն հաղթել է «100 գաղափար Հայաստանի համար», Diamond Challenge Armenia և Գյոթե-ինստիտուտի կողմից կազմակերպվող բնապահպանական ամենամյա «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» մրցույթներում։

Հայաստանի բույրեր

Ժամանակակից աշխարհում մենք ստիպված ենք ամեն օր շփվել մաքրող ու խնամքի՝ քիմիական ծագմամբ ու բաղադրությամբ միջոցների հետ։ Սակայն գաղտնիք չէ, որ դրանք չափազանց վտանգավոր են մեր մաշկի և առողջության համար, իսկ չարաշահումը կարող է ծայրահեղ վատ հետևանքներ ունենալ։ Դա է նաև պատճառը, որ «Կանաչ քիմիա» ակումբն իր առջև նպատակ էր դրել բացառապես բնական հումքով, հին հայկական բաղադրատոմսերով պատրաստված բույրերով օճառներ ստանալ՝ մաշկի խնամքի տարբեր նպատակների համար:

Ղեկավարներ՝ Լևոն Սարգսյան, Լիլիթ Համբարձումյան

Ակումբի նախորդ տարվա գործունեությանը ծանոթացեք այստեղ։

Ներդրողների ակումբ

Ներդրողների ակումբն այս տարի աշխատեց հուշանվերների վաճառք կազմակերպելու վրա։ Նախագծի ընթացքում ակումբի անդամները կատարեցին հետազոտություններ շուկայական այս ոլորտը վերլուծելու և դրա առաջխաղացումը հասկանալու համար։

Նախագծի ընթացքում արտադրվեցին բաժակներ, որոնց իրացումն ակումբը կկազմակերպի մյուս տարվա ընթացքում։

Tweets by AybSchool
>