2019-2020 ուսումնական տարում ձևավորվեց նախագծային ուսումնառության 11 ակումբ

Աշակերտների հմտությունների զարգացման և աշխարհի հետ նրանց անմիջական կապն ամրապնդեելու համար «Այբ» ավագ դպրոցի որդեգրած ուղին նախագծային ուսումնառությունն է։

13 նախագծերի ղեկավարներն ու անդամները աշակերտական համայնքին ներկայացրին նախագծային ուսումնառության հին և նոր ակումբների յուրահատկությունները, իրագործման հիմնական գործընթացը և առաքելությունը, որոնք ներկայացված են ստորև։

Գիտալաբ - բնագիտական առարկաների ներդաշնակ համադրություն, որն ապացուցում է` գիտությունը նաև հաճույք է։

Ինժեներական ակումբ - կենտրոնանում է մեխանիկայի, ծրագրավորման և տրամաբանական խնդիրների վրա։

Կանաչ քիմիա - նյութերի միախառնման շնորհիվ կարող է որոշ չափով լուծել նաև բնապահպանական խնդիրներ, ինչպիսին պլաստիկների առաջացրած խնդիրն է։

Բիոինֆորմատիկա - տվյալագիտության ուսումնասիրության և այն մասին, թե ինչպես կարելի է պահեստավորել տեղեկույթը գեների միջոցով։

Արվեստանոց - գույների և երևակայության շնորհիվ կարող է վերհանել ճանաչողական և գաղափարական այնպիսի խնդիրներ, ինչպիսին են Երևանի «անհայտ ու անշուք» փողոցները կամ ժամանակակից հայ գրականության տարածումը։

Ռոքեստր - որակյալ երաժշտության ինքնատիպ մատուցում, լի երաժշտական իմպրովիզներով և ոգևորությամբ։

F8 - լուսանկարչության միջոցով կարող է վերհանել սոցիալական և մշակութային խնդիրներ։

Մոբիստուդիո - սմարթֆոնների յուրօրինակ կիրառումը կարող է հանգեցնել անգամ հասարակական խնդրի վերհանմանը՝ ֆիլմի միջոցով։

Տեխնոշարժ - ծրագրավորման միջոցով կարող է ստանալ սմարթֆոնների համար անհրաժեշտ արտադրանք։

Crowdfunding - նպաստում է ֆոնդահայթայթման հմտությունների զարգացմանը։

Film Factory - հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հայ մշակույթի «թաքնված գանձերը» և ծանոթանալու ֆիլմարտադրության գործընթացին։

Թարգմանչի արհեստանոց - նվիրված է թարգմանչությանն ու այդ գործընթացում առաջացող խնդիրներին և փորձում է գտնել դրանց լուծումները։

Ծրագրավորում - նպաստում է ծրագրավորման հմտությունների զարգացմանը և այդ ոլորտում յուրահատուկ արտադրանքների ստեղծմանը։

Արդյունքում ձևավորվեցին 11 թիմեր: Բավարար թիմ չհավաքվեց «Գիտալաբ» և «Թարգմանչի արհեստանոց» ակումբներում։

Նախագծային ուսումնառությունը (Project-based learning) «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ:

Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում աշակերտների մոտ զարգանում են մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը և այլն: Նախագծային ուսուցման շնորհիվ աշակերտները, փորձելով սեփական ուժերը այս կամ այն ոլորտում, կողմնորոշվում են նաև ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Արփի Շամոյան, 11-րդ դասարան

Tweets by AybSchool