Գագիկ Գրիգորյանի անվան 3-րդ համադպրոցական գիտաժողովի արդյունքները

Մայիսի 3-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ Գագիկ Գրիգորյանի անվան 3-րդ համադպրոցական գիտաժողովը, որը համախմբել էր Հայաստանի շուրջ 260 պատանի գիտնականների և 60 ուսուցիչների։ Համադպրոցական գիտաժողովին մասնակցում էր 67 թիմ Երևանի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի դպրոցներից: Թիմերը ներկայացրին 14 բանավոր զեկույց, 34 պաստառային զեկույց և 19 ցուցադրական փորձ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, բնություն, բնագիտություն, «Ես և շրջակա աշխարհը» և աշխարհագրություն առարկաներից:
Գիտաժողովի նպատակն է մեծացնել դպրոցականների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրությունը և ստեղծել տարբեր դպրոցների միջև արժեքավոր փորձի փոխանակման հնարավորություն:

«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը դպրոցականներին ուղղված իր խոսքում նշեց. «Իրականում հիմա շատ են խոսում այն մասին, որ արհեստական բանականությունը մարդու դերը փոխարինում է, և մեզ կարծես թե շատ բան չի մնում։ Մեր կյանքում կան նաև շատ խանգարող բաներ, որոնք ժամանակ են խլում, շեղում մեզ։ Բայց ամեն դեպքում մենք ունենք մի շարք մնայուն արժեքներ, և գիտությունը դրանցից է։ Եվ շատ ուրախալի է տեսնել, որ դուք բոլորդ որոշել եք ձեր կյանքի մի կարևոր մասը հատկացնել հենց այս ուղուն»։

«Այբ» դպրոցի ակադեմիական տնօրեն Մերի Հովսեփյանն ասաց. «Մեր այս տոնը նվիրված է աշխատանքին, ձգտմանը և գիտությանը, և հենց գիտության հանդեպ ձեր նվիրումն է օրը դարձնում առանձնահատուկ։ Շնորհակալություն բոլոր աշակերտներին և ուսուցիչներին գիտության հանդեպ հետաքրքրության, ամբողջ տարի ինտենսիվ աշխատելու ու մեզ վստահելու համար»։


ժյուրիի անդամներից Արսեն Առաքելյանը դիմեց պատանիներին. «Մենք իսկապես բավականին հետաքրքիր և լավ պատրաստված ցուցադրական փորձեր, պաստառներ, զեկույցներ տեսանք, և ես ձեզ հորդորում եմ, որ դուք շարունակեք, երբևիցե հետաքրքրությունը չկորցնեք ու միշտ պահեք ձեր մեջ գիտնականին»։

Գիտաժողովի ընթացքում թիմերը պատմում էին, թե ինչպես են կատարել իրենց փորձերը, ինչ ընթացք է ունեցել աշխատանքը, ինչ արդյունքներ են ստացել և ինչ եզրակացությունների են հանգել։ Հնչեցին քաղցրահամ ջրի հիմնախնդիրների, բույսերի աճի, աստղերի լույսով կողմնորոշման, շրջակա միջավայրի պահպանման և այլ թեմաների վերաբերյալ նորարար մտքեր։ Ցուցադրվեցին հետաքրքրաշարժ փորձեր՝ բնական միջոցներից օճառի ստացումից մինչև երաժշտական գործիքների պատրաստում ու ձայնային հնչողության ուսումնասիրում։

Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի սաներ Եվան ու Ստելլան առաջին անգամ էին մասնակցում գիտաժողովին։ Նրանք նշեցին, որ մեծ եռանդով են պատրաստվել ու ոգևորությամբ են եկել։ «Կյանքի աղբյուր» նախագծի շրջանակում նրանց թիմը հետազոտել էր դպրոցի ծորակի, Հրազդան գետի և արդյունաբերական ջրի նմուշները և համեմատել խմելու ջրի հետ։ Եվայի և Ստելլայի համար շատ հետաքրքիր էր նաև մյուս թիմերի աշխատանքներին ծանոթանալը: Հատկապես տպավորված էին բնական միջոցներից օճառ պատրաստելու նախագծերից։

Գիտական հետազոտություններով ու փորձերով լի օրվա հետաքրքիր պահերից էր նաև պարուսուցումը։ «Այբ» դպրոցի աշակերտները ներկայացրին ազգային պարեր, որոնց հաջորդեց հյուրերի հետ շուրջպարը։
Օրն ավարտեցինք՝ ամփոփելով գիտաժողովի արդյունքները:


Հաղթողներ

«Կենսաբանություն» անվանակարգում
Լավագույն ավագ ներկայացուցիչ - «Հողի PH-ի ազդեցությունը բույսերի աճի վրա»
Լավագույն պաստառ – «Տարբեր ծագման ջրերի ազդեցությունը բույսերի աճի վրա», «Գաղտնագրված հաղորդագրում լույսի միջոցով», «Տարբեր լուծույթների ազդեցությունը բույսերի աճման վրա»
Լավագույն հետազոտական աշխատանք – «Հրազդան գետի էկոլոգիական վիճակը Գետամեջի հատվածում», «Հրազդան գետի էկոլոգիական վիճակը Արզնի ձորի հատվածում»
Հետազոտական աշխատանքի լավագույն գաղափար – «Բնական մեկուսացում և փաթեթավորում»
Լավագույն բանավոր զեկույց – «Մաքուր Սևան»
Ցուցադրական փորձի լավագույն ներկայացում – «Արտաշատի լճի ջրի ուսումնասիրություն»

«Ֆիզիկա» անվանակարգում
Լավագույն կրտսեր ներկայացուցիչ – «Իմպուլսի պահպանման օրենքը և դրա կիրառություններն առօրյա կյանքում»
Լավագույն ավագ ներկայացուցիչ – «Վերականգնվող էներգիա»
Ցուցադրական փորձի լավագույն ներկայացում – «Ինքնաշեն սարքի միջոցով էլեկտրական սարքի ստեղծում»
Լավագույն բանավոր զեկույց – «Արևի հետ»

«Քիմիա» անվանակարգում
Լավագույն պաստառ – «Ֆլեքստրակտ»
Լավագույն հետազոտական աշխատանք – «Ինչպիսի ջուր ենք մենք խմում»
Հետազոտական աշխատանքի լավագույն գաղափար – HydroFlex PamPlant, «Կյանքի աղբյուր»
Լավագույն կրտսեր ներկայացուցիչ – «Պարզ կաթիլ կայան», «Կողմնորոշում աստղերի լույսով. Մետաքսի ճանապարհի գաղտնիքներն ու տիեզերական քարտեզները»
Լավագույն ավագ ներկայացուցիչ – «Թթվային անձրևների ազդեցությունը բույսերի վրա», Metallic Combat (Պայքար ծանր մետաղների դեմ)
Ցուցադրական փորձի լավագույն ներկայացում – «Օճառը բնական մթերքներից և կապը ջրի հիմնախնդրի հետ»
Լավագույն բանավոր զեկույց – «Հայաստանի ֆլորայի որոշ դեղաբույսերի արժեքավոր նյութերից բնական ծագման օճառների ստացումը»

«Աշխարհագրություն, բնություն, բնագիտություն» անվանակարգում
Լավագույն հետազոտական աշխատանք – «Գետառ գետի վերածնունդ», «Մի կաթիլ ջուր», TerraFix
Հետազոտական աշխատանքի լավագույն գաղափար – «Հրաշագործ ակնամոմը», «Հրազդան, ջրերդ պղտոր են», «Կլիմայական փոփոխությունների պատճառով սակավաջրության առաջացման խնդիրներն ու լուծումները», «Կիթառի, դհոլի և թմբուկի պատրաստման և ձայնային հնչողության ուսումնասիրություն»
Լավագույն ավագ ներկայացուցիչ – «Թթվածին Սևանի համար», «Կաթիլային համակարգի ոռոգման առանձնահատկությունները»
Լավագույն պաստառ – «Սպասք լվանալու միջոցների բացասական ազդեցությունը ջուր-հող-բույս շղթայում», «Մաքուր ալիք Կապույտ մոլորակ»
Լավագույն կրտսեր ներկայացուցիչ – «Երկնային լաբորատորիա», «Էկո-արվեստ. երբ թափոնը դառնում է ստեղծագործություն», «Աղմուկի քարտեզ»

Հաղթող թիմերը ստացան հետաքրքիր, գիտական ու բացահայտող խրախուսական նվերներ։
Չափազանց ուրախ էինք տեսնելու այսքան պայծառ ու խոստումնալից երիտասարդների: Վստահ ենք, որ մեր պատանի գիտնականները դեռ շա՜տ հաջողություններ կգրանցեն։

Tweets by AybSchool
>