Ֆիլմարտադրության ակումբ (Film Factory)
Նախագծավար՝ Արուսյակ Զախարյան
Նախագծի անվանում` «Թաքնված գանձերի հետքերով»
Նախագծի նկարագրություն։ Ֆիլմարտադրության ակումբը շարունակում է բացահայտել հայկական մշակույթի թաքնված գանձերը՝ ուսումնասիրելով հայկական տարազը, արծաթե իրերը և տարբեր թանգարանների յուրահատուկ նմուշները։
Տարազի մասին պատմող ֆիլմում բացահայտվում են տարազի տեղային առանձնահատկությունները, կանանց և տղամարդկանց տարազների տարբերությունները և հայկական լրապիտույքների (աքսեսուար) ու զարդերի նշանակությունը։ Արծաթե իրերի մասին պատմող ֆիլմով ներկայացվում են հայկական արծաթե իրերի կիրառումը, կենցաղային իրերի, մետաղադրամների, արծաթյա զենքերի ու զարդերի յուրահատկությունները։ Մշակութային կարճ տեսաշարերի շնորհիվ նախագծի յուրաքանչյուր անդամ ցույց է տալիս թանգարանային արժեքավոր նմուշները սոցցանցերի միկրոբլոգում։
«Ռոքեստր» ակումբ, Battle for Evermore երաժշտախումբ
Նախագծավար` Վահագն Պապայան
Նախագծի անվանում` «Երաժշտաքարտեզ»
Նախագծի նկարագրություն։ Աշակերտներն ուսումնասիրում են տարբեր ժողովուրդների երաժշտությունը և այն ըստ տարածաշրջանների ներկայացնում ուսուցողական համերգով։ «Ռոքեստր» ակումբի նպատակը երաժշտական աշխարհի գաղտնիքները բացահայտելն ու ուսումնասիրելն է։
Battle for Evermore երաժշտախումբը ձևավորվել է 2013 թվականի հոկտեմբերին, իսկ 2015-ից՝ նախագծային ուսումնառության ներդրման օրվանից, իր նախագծերն իրականացնում է «Ռոքեստր» ակումբի կազմում։
«Արվեստանոց»
Նախագծավար`Մարի Ադամյան
Նախագծի անվանում` «Կինոմշակույթ» (CinemArt)
Նախագծի նկարագրություն։ Նախագծի նպատակն է ճանաչելի դարձնել հայկական ժամանակակից հեղինակային ֆիլմերը` ստեղծելով պաստառներ դրանց համար։ Նախագծի շրջանակում «Արվեստանոց» ակումբը հանրությանը հասանելի է դարձնելու հայ ժամանակակից կինեմատոգրաֆիան և մեծացնելու դրա հանդեպ հետաքրքրությունը։ Որպես նախագծի վերջնարդյունք նախատեսվում է կազմակերպել փոքրիկ կինոփառատոն։ Այն ներառելու է ինչպես կինոպաստառների ցուցահանդես, այնպես էլ ֆիլմերի ցուցադրություն և ռեժիսորների հետ հանդիպումներ։
Ինժեներական ակումբ
Նախագծավար՝ Վազգեն Գաբրիելյան
Նախագիծ 1․ Ջրատաքացման այլընտրանքային համակարգ
Համակարգը միավորում է ջրատաքացման ներկայումս գոյություն ունեցող մեխանիզմների (էլեկտրաէներգիա, բնական գազ, արևային վահանակներ, փայտ և այլն) սկզբունքները։ Համակարգը նախագծվում է մոդուլային սկզբունքով, այսինքն՝ տան (կամ այլ հաստատության, որտեղ համակարգը կգործի) առանձնահատկություններից կախված։ Օգտագործողը հնարավորություն է ունենալու նախապատվությունը տալու այս կամ այն մեխանիզմի կիրառմանը և, կարգավորումներում փոփոխություններ մտցնելով, համապատասխանեցնելու համակարգը տվյալ հաստատության պայմաններին և պահանջներին։ Այն գործելու է ամբողջովին ինքնավար սկզբունքով։
Նախագիծ 2․ Տիեզերք ուղարկվող չափիչ սարք
STARMUS փառատոնի «Քեմուրջյան 100» գիտաժողովում հայտարարված մրցույթի պայմանների համաձայն՝ ծրագրվում է նախագծել 300 գ զանգված ունեցող սարք։ Այն ուղարկվելու է տիեզերք, իրականացնելու է համապատասխան չափումներ (օրինակ՝ ջերմաստիճանի, խոնավության) և ստացված տվյալները հաղորդելու է Երկիր։ Նախագծի հիմքում ընկած գլխավոր ինժեներական խնդիրը տիեզերքում առկա ծայրահեղ պայմաններին (ցածր ջերմաստիճան և այլն) սարքի դիմակայելու ունակությունն է։
Ծրագրավորման ակումբ
Նախագծավարներ՝ Վլադիմիր Խոյեցյան, Նվեր Աբգարյան
Նախագիծ՝ «Կամավորության կառավարման համակարգ» (Volunteering management system)
Նախագծի նկարագրություն։ Աշակերտները ստեղծում են հարթակ, որտեղ կամավորները կկարողանան գտնել կամավորների կարիք ունեցող ընկերություններ։ Բջջային հավելվածում ընկերությունը կարող է տեսնել կամավորի ծավալած գործունեությունը, կատարած աշխատանքների թիվը և հետադարձ կապը մյուս ընկերություններից։ Կամավորը ևս կարող է տեսնել ընկերության առաջարկած կամավորության բնութագիրը, պահանջվող հմտությունները և բոլոր մանրամասները։
«Կաքավագիր» ազգային պարի ակումբ
Նախագծավար` Գագիկ Գինոսյան
Նախագծի անվանում՝ «Կաքավագրեր»
Նախագծի նկարագրություն։ Աշակերտներն ուսումնասիրում ու սովորում են կինետոգրաֆիայի նշանները (շարժումների գրառում): Յուրաքանչյուր անդամ ուսումնասիրում է մեկ պար և ստեղծում դրա կաքավագիրը։ Նպատակն է զարգացնել հայկական պարերի ընկալումը, պահպանումը և պարային մշակույթի փոխանցումը սերունդներին:
«Մեդիագիտակներ» ակումբ
Նախագծավար` Արամ Աբրահամյան
Նախագծի անվանում` «Մեդիագրագիտություն»
Նախագծի նկարագրություն։ «Հսկայական սարդոստայն» մուտք գործելը դարձել է շատերիս առօրյայի անբաժանելի մասը։ Թվում է, թե համացանցը անվտանգ է, սակայն անտեսվում են ինչպես բացահայտ, այնպես էլ ոչ ակնհայտ վտանգները։ Մեդիագիտակներն ուսումնասիրում են մեդիադաշտը և մշակում գործիքներ, որոնց օգնությամբ մարդիկ կարող են ոչ միայն հաղթահարել «մեդիաաղետները», այլև գտնել դրանցից արդյունավետորեն խուսափելու միջոց։
«Ստվերների թատրոն» ակումբ
Նախագծավար՝ Մարինե Դանիելյան
Նախագծի նկարագրություն։ Ակումբն իրականացնում է 5-7 բեմադրություն, յուրաքանչյուրը՝ 5-15 րոպե տևողությամբ։ Ստվերների թատրոնը հնարավորություն է տալիս տեսնելու կենդանացած ու սեփական կյանքն ապրող ստվերի։ Նախագծի նպատակն է դպրոցականներին ծանոթացնել նոր մշակութային տարրերի, խորացնել սեփական մշակույթի մասին գիտելիքները, կրթական նյութը մատուցել հետաքրքիր եղանակով՝ երեխաներին առավելագույնս ներգրավելով դասապրոցեսի մեջ, զարգացնել երեխաների երևակայությունը, ինչպես նաև գործել իբրև շրջիկ թատրոն՝ հնարավորություն տալով հատուկ խնդիրներ ունեցող երեխաներին ևս ներգրավվելու հասարակական կյանքում։
Վավերագրական թատրոն
Նախագծավար՝ Վարդան Մկրտչյան
Նախագծի անվանում՝ «Հարգանք» / ”Respect”
Նախագծի նկարագրություն։ Առողջ հասարակության ձևավորման մեջ կարևոր դեր են խաղում փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը։ Դրանք շարժիչ ուժ են, որի առկայության դեպքում ցանկացած խնդիր հաղթահարելի է, ցանկացած առաջընթաց՝ հնարավոր, ցանկացած նպատակ՝ իրագործելի։
Վավերագրական թատրոնի ակումբի անդամները պատրաստում են «Հարգանք» նախագիծը, որի վերջնարդյունքը համանուն ներկայացումն է։ Այստեղ ներկայացվում են իրական դեպքերի վրա հիմնված դրվագներ, որոնց նպատակն է ցույց տալ հարգանքի ինչպես ներկայության, այնպես էլ բացակայության ազդեցությունը հասարակական կյանքում։ Ներկայացման հիմքում ընկած դրվագներն ու թիրախային խմբերի հստակեցումը կատարվում են փուլ առ փուլ։
Փոդքաստինգի ակումբ
Նախագծավար՝ Անի Հակոբյան
Նախագիծ 1․ «Ես դեռահաս եմ»
Փոդքաստների այս շարքն օգնելու է հաղթահարել այն խնդիրներն ու դժվարությունները, որ դեռահասի կյանքում կարևոր ու որոշիչ դեր ունեն։ Ինքնաճանաչման դժվար ճանապարհին մեծ է վտանգը սեփական «ես»-ը կորցնելու ու շրջապատի բացասական ազդեցության տակ ընկնելու։ Նախագծի նպատակը դեռահասներին օգնելն է ճանաչելու իրենց ներաշխարհը և գտնելու սեփական «ես»-ը։ Հաղորդաշարում աշակերտները ոչ միայն ցույց են տալիս խնդիրների լուծման եղանակներ, այլ նաև աշխատում են մասնագետների և հոգեբանների հետ՝ փորձելով դեռահասների շրջանում այդ գործընթացը դարձնել ավելի սովորական։
Նախագիծ 2․ «Ես ուզում եմ դառնալ»
Այս նախագիծը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են իմանալ գլխավորը մասնագիտական ընտրության ու բուհական ընդունելության մասին։ Մասնագիտական ընտրությունը յուրաքանչյուր մարդու կյանքում որոշիչ դեր ունի, և դրան օգնում են ժամանակի շուկայական պահանջներին ծանոթանալն ու լավագույն բուհերն ուսումնասիրելը։ Փոդքաստինգի ակումբն առաջարկում է ձայնագրային ուղեցույց՝ ավանդական, մեռնող և ապագայի մասնագիտությունների մասին։
«Ֆ8» լուսանկարչության ակումբ
Նախագավար` Արեգ Բալայան
Նախագծի անվանում` «Հենց ինքնանկար»
Միայնակ ապրող կամ միայնության զգացում ունեցող տարեցների հետ շփման ընթացքում աշակերտները փնտրում են նրանց մեջ ապրող երեխային, նրանց ներքին լույսը։ Լուսանկարչությունը դառում է գործիք մեր գտածը, բացահայտածը ֆիքսելու համար։ Նախագծի հերոսներին նաև սովորեցնելու են ինքնուրույն, որակյալ «սելֆիներ» անել։ Խնդիրը դիտարկվում է ծերության հանդեպ վախը, քանի որ այն հիմնականում ասոցացվում է ավարտի, մենակության ու տխրության հետ։
Նախագծի արդյունքում կազմակերպվում է տարեցների ինքնանկարների(selfie) ցուցահանդես, նաև ակումբի անդամների արած լուսնակարներն են են ցուցադրվում ուղեկցվող պատմություններով:
Կիսվել
[[tags:1:1]]