Փաստաթղթերի ընդունում

2022-2023 ուստարվա համար ընդունելությունը կկայանա 2022 թ․ հունվար - ապրիլ ամիսներին։ Դիմորդները պետք է իրենց դիմումները ներկայացնեն «Այբ» ավագ դպրոց 2022 թ. մարտ ամսին: Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը կայքում կտեղադրվի ընդունելության ժամանակացույցի հաստատմանը զուգահեռ։

Դիմորդները «Այբ» դպրոցի կայքից լրացնում և ուղարկում են ընդունելության դիմում-հայտը: Այնուհետև նույն դիմումը՝ տպված և դիմորդի, ինչպես նաև ծնող(ներ)ի կողմից ստորագրված, կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է դպրոց՝ Թբիլիսյան խճուղի 11/11 հասցեով:

Էլեկտրոնային դիմումը՝ որոշ փաստաթղթերով, լրացնելը պարտադիր է։

Տպագիր դիմումը՝ կից փաստաթղթերով, անհրաժեշտ կլինի ներկայացնել դպրոցի կողմից սահմանված ժամկետներում:

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

  1. 3×4 մեկ լուսանկար՝ անձնագրային լուսանկարի ձևաչափով,
  2. ծննդյան վկայականի պատճենը,
  3. ՀԾՀ-ն,
  4. 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի և 2020-2021 ուսումնական տարվա գնահատականների ամփոփաթերթիկների պատճենները,
  5. առկայության դեպքում՝ անգլերենի գիտելիքը հիմնավորող փաստաթուղթը*, դիպլոմների, հավաստագրերի, պատվոգրերի, գովասանագրերի, վկայականների, շնորհակալագրերի կամ այլ համանման փաստաթղթերի պատճենները,
  6. ծնողների կամ խնամակալների անձնագրերի պատճենները (գրանցման էջի պատճենը պարտադիր է):

Գնահատականների ամփոփաթերթիկը լրացուցիչ տեղեկություններ է հաղորդում դիմորդի մասին, սակայն չի տալիս նրան որևէ առավելություն: Ընդունող հանձնաժողովը հաշվի է առնում դիմորդների ներկայացրած այլ փաստաթղթերը, սակայն դրանց հիման վրա որևէ որոշում չի կայացնում:

Էլեկտրոնային դիմումները լրացվում և ուղարկվում են առցանց: Տպագիր դիմումը ներկայացնելիս դիմորդը ստանում է իր անհատական ծածկագրով և լուսանկարով թերթիկ, որում նշված են քննությունների օրերը, ժամերը, անցկացման վայրը: Թերթիկների վրա գտնվող ծածկագրերով կատարվում է դիմորդների գրանցում քննությունների օրերին:

Դիմումների մեջ առկա են համապատասխան ուսումնական տարվա ուսման արժեքի, պայմանագրերի կնքման և վճարումների կատարման վերջնաժամկետների վերաբերյալ տեղեկություններ: Դիմումը ստորագրելով՝ դիմորդի օրինական ներկայացուցիչը հավաստում է, որ տեղյակ է այդ պայմաններին և համաձայն է դրանց:

Ընդունելությանը մասնակցելու հնարավորություն ունենում են միայն այն դիմորդները, որոնց ծնողները ներկա են եղել բաց դռների միջոցառմանը (համապատասխան նշումն առկա է դիմումի ձևում)։

Դիմորդը և նրա օրինական ներկայացուցիչը պատասխանատվություն են կրում դիմումի ձևում ներկայացված ցանկացած տեղեկության համար: Դպրոցում ուսումնառության ժամանակ ցանկացած պահի, եթե պարզվի, որ դիմումի ձևում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դպրոցը կարող է խզել «Ուսումնառության մասին» պայմանագիրը և դադարեցնել աշակերտի ուսումը դպրոցում:

* Եթե դիմորդն ունի անգլերենի իմացության A2 մակարդակը հաստատող փաստաթուղթ, որը ստացվել է ընդունելության քննություններին նախորդող վեց ամիսների ընթացքում: Նշված մակարդակը համարժեք է միջազգային Cambridge ESOL PET 70 և բարձր, IBT 57 և բարձր կամ IELTS 3.5 և բարձր, TOEFL JUNIOR 785 և բարձր քննությունների նիշերին:

Tweets by AybSchool
>