Առաջնագծի լարվածությունը և սահմանամերձ բնակչության առօրյան

Մի քանի օր է, ինչ հայ–ադրբեջանական սահմանին նկատվում է լարվածություն: Առաջնագծում կանգնած ամեն ոք գիտի, թե ինչի համար է կանգնած այդտեղ, և դա ավելի է պարտավորեցնում նրանց, որ իրենց գործը կատարեն ավելի ուշադիր և է՛լ ավելի պատվով: Ապրելով սահմանամերձ Աչաջուր գյուղում՝ ես ևս ականատես եմ լինում մեր թշնամու ոտնձգություններին: Շատ անգամ, երբ գտնվում եմ դրսում, լսում եմ հասարակության մեջ շրջանառվող տարաբնույթ և բազմապիսի կարծիքներ: Կարող են դրանց շուրջ ծավալվել վիճաբանություններ, սակայն վերջում գալիս են մեկ ընդհանուր եզրակացության. այն է` պատվով դուրս գալ յուրաքանչյուր իրավիճակից:

Այս լարվածության պայմաններում, ինչքան էլ զարմանալի թվա, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով: Կարող եք հարցնել, թե արդյոք մարդիկ չե՞ն վախենում թշնամու գործողություններից: Սակայն, եթե մարդ չունի աշխատանք և չի ցանկանում տանը մնալ, չունի այդ օրվա հացի գումար, ավելի նպատակահարմար է գտնում գնալ իր այգին, որպեսզի մշակի հողը, որն ամիսներ կամ օրեր հետո բերք կտա և կդառնա գյուղացու ապրուստի միջոցը: Բայց այդ այգին, ուր պետք է գնա, ավելի քան վտանգավոր է, քանի որ գտնվում է թշնամուն շատ մոտ, սակայն ի՞նչ անի, ինչպե՞ս վարվի հասարակ գյուղացին, որի համար այդ աշխատանքը շատ կարևոր է: Երբ գյուղացիներին հարցնես, թե արդյոք վտանգավոր չէ՞ այդտեղ աշխատելը, նրանց մեծամասնությունը կպատասխանի, որ ամեն վայրում ամեն րոպե կա վտանգ, և եթե բախտ է վիճակվել մինչ այս րոպեն ապրել, ուրեմն իրենք դեռ պետք է շարունակեն կյանքը: Այդ մտածելակերպն ինձ դուր է գալիս ,քանի որ այն մարդը, որն ապրում է վախի կսկիծով և չի ցանկանում անել ինչ-որ քայլ վախի ազդեցության ներքո, նա երբեք այս կյանքում չի գտնի իր տեղը:

Մեր մեծերից այս քանի օրվա ընթացքում կարող ենք հաճախ լսել այս արտահայտությունը` թշնամու հարցում էլ բախտներս չբերեց: Իրականում դա այդպես է:

Ո՞ւր գնա գյուղացին, եթե նրա տունը, նրա ողջ ունեցվածքը գտնվում է այստեղ: Նա չի ցանկանում լքել իր տունը, քանի որ այդտեղից անվտանգ տեղ չկա ըստ նրա:

Ես հպարտ եմ, որ ՀԶՈՐ ՏԱՎՈՒՇՑԻ ԵՄ և ապրում եմ սահմանամերձ Աչաջուր գյուղում: Որքան էլ լինեն լարվածություն ու վտանգ, ես երբեք չեմ լքի իմ հարազատ և թանկ բնօրրանը:

Արծրուն Ղալթախչյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>