Հենց ինքնանկար․ երբ «սելֆի» են անում տատիկ-պապիկները

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ֆ8» լուսանկարչական ակումբն այս տարի ներկայացավ նոր և տարբերվող ցուցահանդեսով, որի խորագիրն էր «Հենց ինքնանկար»։ Նախագծի շրջանակում ակումբի անդամները ծանոթացել էին տարեց մարդկանց հետ, նրանց հետ ժամանակ անցկացնելու, շփման միջոցով փորձել նրանց ծանոթացնել հեռախոսային «սելֆի» գործիքին։ Նախագծի արդյունքում ստացվել էին տատիկների և պապիկների 13 ինքնանկարներ, որոնք էլ ներկայացվեցին ցուցահանդեսին։

Նախագծի հիմնական ընթացքն ավելի կարևոր ու նշանակալից էր, քան հենց ցուցահանդեսը։ «Ֆ8»-ցիներից յուրաքանչյուրը «Հենց ինքնանկար» նախագծի շնորհիվ ձեռք բերեց ավագ ընկերոջ, ավագ ընկերն էլ իր հերթին գտավ կրտսեր բարեկամի։ Պապիկ Աշոտը իմ ընկեր Մերիի մեջ գտավ իր թոռնուհուն։ Ես ծանոթացա տիկին Աստղիկի հետ, ով մասնագիտությամբ քիմիկոս է, և նա ինձ բացատրեց, թե ինչ է «ծանր ջուրը»։ Էմման ընկերացավ Եպրաքսիա տատիկի հետ, ով ապրում է իր դիլիջանյան փոքրիկ տնակում, և նրա շնորհիվ բացահայտեց գինու մեջ եփված տանձի չկրկնվող համը։ Անուշը, ով մանկուց վախենում էր իր տատիկի հարևանից, վերջապես հասկացավ, որ նա բավականին բարի տիկին է։ Աշակերտներից ոմանք ազատվեցին հեռախոսազանգ կատարելու վախից, մյուսներն էլ հասկացան, որ տարեցների հետ շփումը կարող է է՛լ ավելի հետաքրքիր լինել, քան երբևէ կարող էին պատկերացնել։

Այսպիսին էր «Հենց ինքնանկարը»․ հենց սիրով լի, հենց բացահայտող և հենց ուսուցանող։ Ցուցահանդեսի ավարտին տատիկներից մեկը, որը հրաժարվել էր մասնակցել նախագծին, հավաստիացրեց․ «Մյուս անգամ անպայման մասնակցելու եմ»։

Էլինա Դանիելյան

«Այբ» դպրոցի շրջանավարտ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>