
«Այբ» դպրոցում տեղի ունեցավ Գագիկ Գրիգորյանի անվան 4-րդ համադպրոցական գիտաժողովը, որը համախմբել էր շուրջ 71 թիմ Հայաստանի 8 մարզերից՝ Արագածոտնից, Արմավիրից, Գեղարքունիքից, Լոռուց, Կոտայքից, Շիրակից, Սյունիքից, Տավուշից, ինչպես նաև Երևանից։ Թիմերը ներկայացրին 19 բանավոր զեկույց, 25 պաստառային զեկույց և 27 ցուցադրական փորձ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, բնություն, բնագիտություն, «Ես և շրջակա աշխարհը», աշխարհագրություն, մաթեմատիկա և ռոբոտաշինություն առարկաներից:
Արդեն 4 տարի է, ինչ «Այբ» դպրոցն ավանդաբար կազմակերպում է այս գիտական տոնը՝ անվանակոչելով այն սիրելի ուսուցիչ ու գիտնական Գագիկ Գրիգորյանի անունով, որը նշանակալի ավանդ է ունեցել գիտության մեջ և բազմաթիվ սերունդների համար ֆիզիկան դարձրել սիրելի և ճանաչելի:

Գիտաժողովի նպատակն է զարգացնել աշակերտների հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ՝ միաժամանակ ձևավորելով նրանց գիտական մտածողությունը, հետազոտական և ներկայացման հմտությունները, ինչպես նաև գիտության կիրառելիության գիտակցումը տարբեր ոլորտներում և առօրյա կյանքում։
Բացման հանդիսավոր արարողությունից հետո մասնակիցները ներկայացան իրենց պայծառ և բազմոլորտ բանավոր զեկույցներով, որոնք իսկապես շատ հետաքրքիր և բովանդակալից էին՝ աչքի ընկնելով թե՛ գիտական խորությամբ, թե՛ ստեղծագործական մոտեցումներով և հստակ ներկայացմամբ։

Թիմերի մի մասն էլ ներկայացրեց պաստառային զեկույցներ և ցուցադրական փորձեր, որի ժամանակ ժյուրիի անդամները, շրջելով դահլիճում, ծանոթացան մասնակիցների կողմից ներկայացվող նախագծերին։ Մեկը մյուսից հետաքրքիր և նորաշունչ նախագծերը մեծ դժվարություններ ստեղծեցին ժյուրիի համար՝ հաղթողների որոշման ընթացքում։
Օրվա բուն գիտական զեկույցներից և ցուցադրություններից զատ` աշակերտները բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցելու նաև գիտական ոլորտի առաջատար մասնագետների հետ հանդիպումներին։ Արսեն Բաբաջանյանի, Կատարինե Ֆերեշեթյանի և Հայկ Խաչատրյանի հետ նրանք քննարկեցին բազում արդիական գաղափարներ՝ բացահայտելով անընդհատ ձևավորվող ուղեղի առանձնահատկությունների, գիտության բազմափուլ ընթացքի և գիտահետազոտության թեմաները։

Այբական այս միջոցառումից ևս չէր կարող անպակաս լինել ազգային պարը։ Ընդմիջման ժամանակ մասնակիցները հավաքվեցին Գագիկ Գինոսյանի անվան պարուղում, որտեղ այբեցիների ուղեկցմամբ ուսուցանվեցին ազգային պարեր՝ միավորելով գիտաժողովի մասնակից թիմերին։ Իսկ մարզասերների համար կազմակերպվել էին բակային խաղեր։
Միջոցառման ամփոփման ընթացքում տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, և տարբեր անվանակարգերում հաղթող թիմերը պարգևատրվեցին խրախուսական նվերներով։
Այսպիսով՝ գիտաժողովը դարձավ ոչ միայն գիտելիքի, այլև ոգեշնչման ու նոր գաղափարների հարթակ՝ թողնելով մասնակիցներին նոր բացահայտումների ձգտում։
Մարիամ Բաղդասարյան
12-րդ դասարան