Հանդիպում ՆԳՆ հոգեբանի հետ

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ հերթական ուսուցողական հանդիպումներից մեկը։ Այս անգամ այբեցիները հանդիպեցին ՆԳՆ հոգեբանական աջակցության բաժնի ՓԾ հոգեբան, կրտսեր հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ ենթասպա Հասմիկ Ղուշչյանի հետ։

Հանդիպման գլխավոր նպատակն էր ծանոթանալ այն մեթոդներին ու ծրագրերին, որոնք պետք կգան ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշման ու հոգեբանական աջակցության համար։ Իրազեկված և պատրաստ լինելու նպատակով՝ հանդիպմանը մասնակցում էին թեմայով հետաքրքրվող աշակերտները։ Այն անցավ անմիջական և հաճելի մթնոլորտում։

Առաջին հերթին մեր հյուրը ներկայացրեց հոգեբանական աջակցության բաժինը, երեք հիմնական ուղղությունները և դրանց գործառույթները։ Նա իր խոսքում պարբերաբար շեշտում էր իրենց ծառայության և արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության կարևորությունը և անհրաժեշտությունը։ Հոգեբանը նաև ներկայացրեց առաջին հոգեբանական օգնություն տրամադրելու ցուցումները և վարքաձևերը։

Հոգեբանական աջակցության ընթացքը մանրամասնորեն ներկայացնելուց հետո մեր հյուրը մեծ սիրով պատասխանեց աշակերտներին հուզող և հետաքրքրող հարցերին։ «Այբ» դպրոցի աշակերտները յուրահատուկ հարցեր էին պատրաստել հակազդումների՝ հիստերիայի, ագրեսիայի, վախի և դրանց խորացման հետ կապված։

Այսպիսով՝ ավարտվեց ևս մեկ օգտաշատ և ուսուցողական հանդիպում, որից ձեռք բերած գիտելիքները, անշուշտ, պետք կգան այբեցիներին արտակարգ իրավիճակներում վերահսկելու հույզերը, հարմարվելու նոր իրավիճակին և օգնելու առաջին հոգեբանական օգնության կարիքն ունեցողներին։

Մարիամ Բաղդասարյան

10-րդ դասարան

Tweets by AybSchool
>