Ինչպես դիմել «Այբ» ավագ դպրոց. քո ուղեցույցը

«Այբ» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմմին կիսում է իր փորձառությունն ու խորհուրդները ապագա դիմորդների հետ։

Բարև՜, ապագա այբեցի՛։ Եթե կարդում ես հիմա այս տեքստը, ուրեմն ուզում ես ավագ դպրոցի տարիներդ «Այբ»-ի հետ կապել։ Եթե արդեն մտածում ես «Այբ» դպրոց դիմելու մասին, ապա քեզ սպասում է իսկապես հետաքրքիր ու արժեքավոր ճանապարհ, որը պետք է հաղթահարել։ Մի՛ անհանգստացիր, մենք պատրաստ ենք քեզ օգնելու, որ անցնես այն հանգիստ ու վստահ։

Քայլ 1. Ծանոթացի՛ր «Այբ»-ի հետ
Նախքան դիմելը համոզվիր, որ հասկանում ես՝ ինչ առանձնահատկություններ ունի «Այբ» դպրոցը։ Նրա կայքում կգտնես բոլոր մանրամասները, կարող ես նաև հետևել սոցիալական էջերին կամ զրուցել «Այբ»-ի ներկայիս ու նախկին աշակերտների հետ:

Քայլ 2. Մասնակցի՛ր բաց դռների օրերին
Դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր, երբ կկարողանաս շրջել դպրոցի շենքում, զգալ մթնոլորտը, շփվել աշակերտների հետ, ինչպես նաև ստանալ պատասխաններ քեզ հետաքրքրող հարցերին։

Քայլ 3. Ներգրավվի՛ր խորհրդատվական հանդիպումներում
Այս հանդիպումների (կամ «փոքր դասերի») ընթացքում կարող ես ուսուցիչներին ուղղել քեզ հուզող հարցերը, քննարկել նախորդ տարվա թեստերն ու վարժությունները, որպեսզի հնարավորինս պատրաստ լինես ընդունելության քննություններին։

Քայլ 4. Հանձնի՛ր անգլերենի ստուգաթեստ
Անգլերենի իմացությունն «Այբ»-ում նախապայման է։ Կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան անգլերենի իմացության նվազագույնը A2 մակարդակը։
Բացի գրավոր թեստից՝ նաև պետք է մասնակցես անգլերենով զրույցի։ Որևէ թեմայի շուրջ զրույցը պարզ կդարձնի բանավոր հաղորդակցության քո հմտությունները։ Չվախենա՜ս, այն շատ թեթև ու անմիջական է անցնում։

Քայլ 5. Լրացրո՛ւ ընդունելության հայտը
Հայտը կարող ես գտնել «Այբ»-ի կայքում։ Պետք է այն լրացնես, ծնողներիդ ստորագրությամբ հաստատես և ներկայացնես դպրոց։

Քայլ 6. Հանձնի՛ր քննությունները
Դպրոց ընդունվելու համար պետք է հանձնել մի քանի պարտադիր (հայոց լեզու և լեզվամտածողություն, մաթեմատիկա և տրամաբանություն) և ընտրովի (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա առարկաներից քո ցանկացած 2-ը, ինչպես նաև գրականություն կամ պատմություն) առարկաներից քննություններ։ Ընտրությունը կատարիր՝ հաշվի առնելով քո հետաքրքրություններն ու ուժեղ կողմերը։

Քայլ 7. Մասնակցի՛ր հարցազրույցի
Քննությունների շեմը հաղթահարելուց հետո կմասնակցես հարցազրույցի, որը բաղկացած է երկու մասից՝ խմբային և անհատական։ Խմբային փուլում անցկացվում են հետաքրքիր խաղեր դիմորդների խմբի համար։ Իսկ անհատական զրույցն ընդունող հանձնաժողովի հետ է։ Հիշի՛ր՝ այս պահին ամենակարևորը անկեղծ լինելն է, ոչ թե «սցենարով» պատասխանելը։ Որքան լարվես, այնքան զրույցն ի վնաս քեզ է աշխատելու։

Քայլ 8. Սպասի՛ր արդյունքների մասին հայտարարությանը
Քննություններից և հարցազրույցից հետո մնում է միայն սպասել պաշտոնական պատասխանին։ Եթե ստանում ես «Բարի գալուստ «Այբ»» նամակը, ուրեմն դու գտել ես քո հաջողության ճանապարհը «Այբ»-ում։

Քայլ 9. Մասնակցի՛ր փորձնական դասերին
Նոր ընդունված աշակերտների համար նախքան բուն դասերը կկազմակերպվեն փորձնական դասեր, որոնք հնարավորություն կտան հասկանալու, թե ինչպես են ընթանում դասերը «Այբ»-ում և ինչ մեթոդներ են կիրառվում։ Կծանոթանաս դպրոցական միջավայրին։

Առաջին օրն «Այբ»-ում
Սեպտեմբերի 1-ին դու արդեն «Այբ»-ի նոր աշակերտ ես։ Սպասվում է լիարժեք նոր փորձառություն՝ գիտելիքներով, ընկերություններով ու աճով լի։ Չկաշկանդվե՜ս։

Հաջողության ճանապարհն ունի սկիզբ։

Արի՛ «Այբ»։


Էմմի Հովհաննիսյան
11-րդ դասարան

Tweets by AybSchool
>