Հեռավար ուսուցում․ զվարճալի պահեր և իրական մեմեր

- Աի՛դ, կարո՞ղ ես խոսել, թե՞ դասի ես։

- Չէ՛, մամ, դասամիջոց ա։

- Երեխե՛ք ջան, ո՞ւմ փոքր եղբոր ձայնն ա, անջատեք է՛լի բարձրախոսը։

- Իմ եղբայրն էր, հիմա անջատեմ։

Առցանց ուսուցման առաջին օրերն այսպիսին էին՝ զարմանալի և զավեշտալի պահերով լի, բավականին հետաքրքիր և ոչ պակաս արդյունավետ։ Իհարկե, իրական շփումից թանկ և արդյունավետ ոչինչ չի կարող լինել, բայց նման իրավիճակներում առցանց դասերը, բացի անհրաժեշտություն լինելուց, նաև նոր բացահայտումներ անելու, ժամանակ խնայելու և դասընկերներին չկարոտելու հիանալի միջոց են։

Առավոտյան ավտոբուսի հետևից վազելու փոխարեն վազում եմ համակարգչիս հետևից, գրքերս դնում եմ աջ կողմում, սուրճս՝ ձախ, ուշադրությամբ և հաճույքով միանում եմ տեսազանգերին և շփվում ընկերներիս, ուսուցիչներիս հետ։ Դասերի ընթացքում խառնաշփոթ չի ստեղծվում, խոսում ենք հերթով, իրար չենք խանգարում, դասի արդյունավետությունը չի տուժում, իսկ մեր՝ միմյանց լսելու ունակությունն է՛լ ավելի է զարգանում, ինչն անհնարին կլիներ առանց տեխնիկական մասով աշխատակիցների և ուսուցիչների աջակցության։

Վերջին շրջանում համացանցում անընդհատ տարածվող հումորային գրառումները և մեմերը դրական լիցքեր փոխանցելով՝ գոնե որոշ չափով թուլացնում են մարդկանց խուճապն ու լարվածությունը, բայց պետք է խոստովանեմ, որ դրանցում նկարագրվող շատ իրավիճակներ հեռու չեն իրականությունից։ Պատկերացրեք դասի ընթացքում շատ հանկարծակի քնից արթնանում է ձեր փոքր եղբայրը, և ահա․․․ նոր հմտություն՝ դուք դառնում եք մեր օրերի Նապոլեոնը՝ լսել, մտածել, խոսել և երեխային կերակրել միաժամանակ։ Մի ուրիշ օրինակ․ հարևանները վայելում են իրենց ինքնամեկուսացումը բարձր երաժշտության ներքո․ այդ աղմուկից ձեզ և ձեր դասընկերներին «փրկելու» միակ ուղին բանակցություններն են։ Ահա այս օրերին զարգացող ևս մեկ հմտություն։

«Կորոնավիրուսից հետո կա կյանք», իսկ մինչ այդ մեզ մնում է կանգ չառնել, աշխատել ու մտածել, ստեղծագործել ու սովորել՝ այդպիսով ապահովելով կյանքի շարունակական ընթացքը, բարձրացնելով դրա որակը՝ ձեռք բերած և զարգացրած հմտությունների շնորհիվ, և այս ամեն ինչի միջոցով դնել այն օրվա հիմնաքարը, երբ մենք կրկին միմյանց հետ կշփվենք առանց ֆիզիկական սահմանափակումների, երբ կրկին կքայլենք միասին մարդաշատ փողոցներով և կվայելենք միմյանց ներկայությունը։

Աիդա Ավետիսյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>