Հանդիպում ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի հետ

Նկարիչների միջազգային օրվա առթիվ «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում հյուրընկալել էինք ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանին։ Հանդիպման ընթացքում նկարիչը պատմեց իր ստեղծագործությունների ու անցած ճանապարհի մասին, մեզ համար բացահայտեց իր նկարների, պատկերների, քանդակների ու քարտեզների գաղտնիքները և ներկայացրեց, թե ինչպես է անցնում նկարչի կյանքը։

Վարպետ նկարիչը պատմեց մեզ, թե ինչպես և ինչու է դարձել նկարիչ, ինչպես է սկսել իր նախագծերը և ինչից է ոգեշնչվել։ Նա մեզ ներկայացրեց իր «Արքետիպեր» նախագիծը, որն ամփոփում է նախնադարյան տարատեսակ գրեր և խորհրդանշաններ, դրանց նշանակությունները, նմանությունները այժմյան գրային և խորհրդանշանային համակարգերին։ Մենք հնարավորություն ունեցանք նաև թերթելու նախագիծն ամփոփող գիրքը և ինքներս ծանոթանալու գրերի ու խորհրդանշանների տարբեր սկզբնատիպերի։

Մեկ այլ հրաշալի նախագիծ, որ իրականացրել է Արարատ Սարգսյանը, հենց այն նախագիծն է, որի շնորհիվ հայոց էպոսը դասվեց համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության շարքերին՝ «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» ցուցադրությունը։ Նախագիծն ամփոփող ձեռակերտ գիրքը ներառում է ոչ միայն էպոսի թարգմանությունը, այլև կավե փորագրություններ, որ կենդանացնում են էպոսը։ Նկարիչը մեզ պատմեց, թե ինչպես է իր նախագծով ցույց տվել հայոց էպոսի մերօրյա կիրառությունը՝ այն վերածելով կենդանի արվեստի յուրօրինակ գործի։

Արարատ Սարգսյանը գյումրեցի է և լինելով Հայաստանի «երկրորդ մայրաքաղաքից»՝ գյումրվա շունչը իր հետ դպրոց էր բերել թե՛ իր խոսքի, թե՛ նկարների հետ։ Վարպետ նկարչի լավագույն նախագծերից մեկն էլ հենց նվիրված է իր ծննդավայրին՝ ինչպես ինքն է ասում՝ Լեննականին։ Նախագիծը «Լենդուտա» է կոչվում՝ լենինականյան քաղաքանկարչություն, և մեզ համար անչափ հետաքրքիր էր գեղանկարների շարքն ուսումնասիրելը ողջ հանդիպման ընթացքում։

Ի վերջո, Արարատ Սարգսյանը պատմեց, թե ով է նկարիչը, և պատասխանեց արվեստասեր աշակերտներին այդքան հետաքրքրող հարցերին՝ «ինչո՞ւ դառնալ նկարիչ», «ինչպե՞ս դառնալ նկարիչ» և, իհարկե, «պե՞տք է արդյոք դառնալ նկարիչ»։ Հանդիպման վերջում նա նաև պատասխանեց մի շարք այլ հարցերի թե՛ իր գործերի, թե՛ ազգային ինքնության և գեղանկարչության մասին՝ մեջբերելով իր անձնական փորձը և տալով սրտաբուխ խորհուրդներ։

Անժելա Մաթևոսյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>