«Այբ» հեռավար ուսուցում․ աշակերտական հայացք

Եթե մի օր հարցնեին՝ կպատկերացնեի՞ արդյոք, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում համաճարակ է լինելու, կասեի՝ ոչ։ Ես նույնիսկ չէի պատկերացնի, որ գրելու եմ այս հոդվածը, որում կպատմեմ, թե ինչպես են անցնում «Այբ»-ի առցանց դասընթացները։

Խոստովանում եմ՝ երբ իմացա Հայաստանում վիրուսի տարածման պատճառով դասապարապմունքները հեռավար են լինելու, ցնցված էի։ Երբևիցե չէի պատկերացնի, որ կարելի է դասարանը համախմբել առցանց եղանակով և կարգավորված դաս վարել։ Բայց երևակայեք՝ այս ամենը հնարավոր է, որը նաև մի շարք հարցեր առաջացրեց՝ ինչպե՞ս, առանց գրատախտակի՞, իսկ խնդիրները ինչպե՞ս ենք լուծելու, իսկ ի՞նչ կլինի, որ ես հարց տամ, ու բոլորը սկսեն պատասխանել, եթե իմ ու դասընկերուհուս դասացուցակները տարբեր են, ապա ի՞նչ ենք անելու, առաջիկա ստուգողականն ինչպե՞ս ենք գրելու, խմբերն ինչպե՞ս են բաժանված։ Առաջին հայացքից անհնար էր թվում, բայց պարզվեց՝ դասընթացը հնարավոր է անցկացնել և՛ գրելով, և՛ տեսազանգով։

Առաջին դասս այս նոր ձևաչափով ֆիզիկան էր։ Մի դասաժամն անցկացրել ենք գրելով, մյուսը՝ տեսազանգով։ Ուսուցչին տվել ենք մեզ հետաքրքրող բոլոր հարցերը և ստացել պատասխաններ։ Անհնարին է թվում, բայց լուծել ենք նաև խնդիրներ։ Ռուսերենի դասին ուսուցչուհին մեզ հանձնարարված գրքից հարցեր է առաջադրել, որից հետո հերթով պատասխանել ենք, քննարկում ծավալել և բանավիճել։ Հատկապես արտառոց ու հետաքրքիր էր ֆիզկուլտուրայի դասը․ մեր կատարած վարժությունները նկարահանում և ուղարկում էինք ուսուցչին։

Բոլոր դասերն անցկացրել ենք մեր դասացուցակներով։ Տանը լինելով՝ մեզ զգում էինք դպրոցում։ Որոշ առումով այս եղանակն ավելի հարմարավետ է, քանի որ կարող ենք դասին միանալ անկախ տեղից։ Օրինակ՝ ես իմ քիմիայի դասընթացին միացել եմ ճանապարհից, իսկ հանրահաշվի դասին եղել եմ գետի ափին նստած։ Մեր յուրաքանչյուր դասը պահպանում է իր արդյունավետությունը։ Նաև «Այբ»-ի աշակերտին հնարավորություն է տրվում մի քիչ երկար քնելու։

Դասերն անցնում են համակարգված, ստուգվում են բոլորիս տնայինները։ Ուսուցիչներն արձագանք են տալիս մեր տնային աշխատանքներին, և մենք բարելավում ենք դրանք։ Նշեմ նաև, որ այս ծրագիրը «Այբ»-ը կարողացավ իրագործել մեկ օրում, և «Այբ»-ի աշակերտներն ամռանը չեն հաճախելու դպրոց՝ բաց թողնված դասերը լրացնելու։

Արևիկ Մելիքյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Բլոգ Tag Blog

Tweets by AybSchool
>