Բացահայտել հայրենիքն ու միմյանց. 12-րդցիների արշավը Երերույք, Քաղենի ամրոց ու Քրիստափորի վանք

Մտերմություն ու միասնականություն, որ ձևավորվում են երկար ու միշտ հաղթահարելի խոչընդոտներով լի ճանապարհին։ Այդ ճանապարհները հաճախ հատվում են մի կետում ու մեզ հասցնում այդքան սպասված նպատակակետին։ Իսկ այդ ընթացքում մենք հասցնում ենք իրար ավելի լավ ճանաչել, սիրել ու գնահատել, ավտոբուսում միասին պարել, աղմկել, խաղալ ու մեր ունեցած քաղցրավենիքը անվերջ մասերի բաժանելով՝ կիսել իրար հետ այնպես, որ բոլորին բաժին հասնի։

Հենց այսպիսի մի ճանապարհ էլ միավորեց մեզ՝ 12-րդ դասարանցիներիս, ու մենք վաղ առավոտյան կազմ-պատրաստ հավաքվեցինք՝ նոր գիտելիքներով հարստանալու, հայրենիքը նորովի բացահայտելու ու միասին մեկ օր ավելի հաճելի ժամանակ անցկացնելու։ Ողջ օրվա ընթացքում մեզ ուղեկցում էին աշակերտական համայնքի համակարգող Տիգրան Հարությունյանը, համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանն ու մարմնամարզության ուսուցիչ Կարեն Հովհաննիսյանը։

Ուսումնական ճամփորդության առաջին ուղղությունը Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարն էր, որ հիմնադրվել է վաղ քրիստոնեական շրջանում։ Տաճարի գաղտնի անկյուններն ու թաքնված առեղծվածները բացահայտելու համար մեզ առաջարկվեց յուրօրինակ մի եղանակ. տրամադրվեց փոքրիկ հարցաշար, և մենք փոքր խմբերով սկսեցինք ծանոթանալ տարածքին ինքնուրույն։ Վերջում միասնական քննարկում տեղի ունեցավ, որն է՛լ ավելի ամրապնդեց մեր նոր ձեռքբերած գիտելիքները։

Մեր հաջորդ ուղղությունը Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում գտնվող Քաղենի ամրոցն էր։ Տարածքին ու պատմությանը ծանոթանալուց հետո բոլորս միասին բարձրացանք ամրոցի գագաթ՝ հիանալու երևացող վեհ ու աննկարագրելի գեղեցիկ տեսարանով։ Իսկ վերջում անառիկ ամրոցից լսվում էին ազգային մեղեդիներ. այբեցիները պարում էին ավանդական ազգային պարերը։

Ճամփորդության վերջնակետը Դաշտադեմ գյուղում գտնվող Քրիստափորի վանքն էր։ Երկար քայլերթն ու ճանապարհին հանդիպող խոչընդոտներն անգամ՝ պարզ ու հեշտ հաղթահարելի էին թվում, երբ ընդարձակ դաշտում լսվում էին արշավականների հաճելի զրույցներն ու անկեղծ ծիծաղը։ Այս անգամ ևս տարածքի ուսումնասիրությունը մեզ էր վստահված։

Օրվա ավարտին վերադարձանք՝ լի նոր գիտելիքներով, միմյանց ու հայրենիքը նորովի բացահայտած։

Նարե Կուրղինյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>