Արցախի տարի՝ «Այբ»-ում․ աշակերտները արցախյան թեմայով նախագծեր են մեկնարկել

2022-2023 ուսումնական տարին «Այբ» ավագ դպրոցում հայտարարված է Արցախի տարի, և աշակերտները նախաձեռնում են ամեն ինչ` տարին թեմայով հագեցած դարձնելու համար։ Դեռ անցյալ տարի աշակերտները հանդես եկան առաջարկությամբ` դպրոցի բակում ՀՀ և «Այբ»-ի դրոշների կողքին բարձրացնել Արցախի դրոշը, ինչի իրագործումը ինքնին մեկնարկ տվեց «Այբ»-ում արցախյան տարվան։ Բայց դա դեռ ամենը չէր, քանզի աշակերտներն ունեին այլ, ավելի գործնական նախաձեռնություններ։ Ծրագիրը, որն արդեն իսկ իրականացման փուլում է, 11-րդ դասարանցիներ Յուլիա Մարտիրոսյանի, Եվա Մարտիրոսյանի և Մարիա Ղուկասյանի ծրագիրն է, որը նպատակ ունի իրազեկելու այբեցիներին արցախյան մի շարք տեսարժան վայրերի և պատմամշակութային կոթողների վերաբերյալ՝ այսպիսով խթանելով աշակերտների` մեր հայրենիքի ավելի լավ ճանաչումը մշակութային դիտակետից։ Արցախի մշակութային գանձերի մասին տեղեկույթը հասանելի է դպրոցի ամենատարբեր վայրերում ` QR կոդերի տեսքով։

Հաջորդ նախագիծը, որը նախատեսվում է իրականացնել, 12-րդ դասարանի աշակերտներ Մելինե Հարությունյանի և Դավիթ Ուստաբաշյանի «Ուրախ Այբիկ»-ն է, որի շրջանակում կկազմակերպվեն բարեգործական մեկշաբաթյա միջոցառումներ տարրական դպրոցի աշակերտների համար։ Երեխաները կունենան հագեցած շաբաթ` լի ժամանցային ու մտավոր խմբային խաղերով և բաց դասերով։ Մասնակցելով ծրագրին` անդամները որոշակի նվիրատվություն կկատարեն, և ի վերջո ողջ հասույթը կուղղվի Արցախի բարեգործական հիմնադրամներից որևէ մեկին` սոցիալ-կրթական բարեփոխումներ իրականացնելու համար։

Իսկ 11-րդցի Նանե Խաչատրյանը հանձն է առել աջակցելու արցախյան պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Համապատասխան հետազոտություն կատարելուց հետո կկազմվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված դիմում-հայտ` Արցախի կոթողները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հորդորով։

Վերջին և ոչ պակաս կարևոր նախագիծը 10-րդցի Էրիկ Ճաղարյանի «Արցախի շաբաթն է»։ Ինչպես արդեն կռահում եք, «Այբ»-ը ևս մեկ հագեցած շաբաթ է ունենալու` այս անգամ արցախյան թեմաներով։

Շաբաթվա ընթացքում դպրոցում ամենուրեք կտեսնեք տեղեկատվական նյութեր` Արցախի պատմամշակութային արժեքների վերաբերյալ, իսկ ճաշացանկը համալրված կլինի Արցախի ավանդական ուտեստներով։ Այս ամենը կլցնի «Այբ»-ն արցախյան շնչով։

Ինչ խոսք, «Այբ»-ում տարին հագեցած է լինելու Արցախով։ Չմոռանաք հետևել նախագծերի հետագա ընթացքին։

Մելինե Հարությունյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>